Հետևեք մեզ։

Ո՞վ է, ի վերջո, հերոսը

10:34, 20 օգոստոս 2024
Ո՞վ է, ի վերջո, հերոսը

Օրեր առաջ վախճանվեց բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանը։ Նրա մահը, դրան պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքները, իսկ ավելի ճիշտ դրանց խիստ պակասությունը նորից առիթ տվեց մտորելու՝ ո՞վ է ազգային հերոսը, ո՞ւմ ենք մենք համարում հերոս և ո՞վ է նա մեզ համար։
 
Ազգային հերոսի կոչումը շնորհվում է Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Սա արդեն ենթադրել է տալիս, որ գաղափարապես առողջ հասարակությունում բոլորը պետք է որ ճանաչեին այդպիսի կոչում ստացած, ուրեմն՝ այդ նույն հասարակության մեջ բացառիկ ավանդ ունեցող մարդուն, չմոռանային նրա ներդրումն ու կարևորեին նրան։ Այսպես պետք է լիներ հատկապես մեր պես փոքր հասարակությունում, որում գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, իսկ ուրիշին անամոթությունը գերազանցող մանրամասնությամբ քննարկելը գնալով ավելի սովորական է դառնում։
 
Բայց արի ու տես, որ Հայաստանում հերոսներին չեն ճանաչում և դա, ցավոք, շատ խորը պատճառներ ունի։
 
Առաջինը, թերևս, Հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած անձանց նկատմամբ պետության վերաբերմունքն է։ Կհարցնեք՝ չէ՞ որ հենց պետությունն է նրանց, օրինակ հենց Տիգրան Իզմիրլյանին շնորհել այդ բացառիկ կոչումը, ընդ որում՝ ընդամենը վերջերս։ Ես ինքս էլ, սրանից բացի, մի հարց ևս տվել եմ՝ չէ՞ որ վերջերս ավելի շատերն են նման բարձր կոչման արժանացել։ Այս հարցերի պատասխանն, իհարկե, դրական է, բայց այն չի լուծում խնդիրը, որի մասին խոսում ենք։
 
Հարցն այն է, որ բացակայում կամ խեղաթյուրված է ազգային հերոսի կոչման պետական գաղափարախոսությունը, իսկ այդ պայմաններում շքանշանների շքերթը հասարակության մեջ հերոսի գաղափարի նշանակությունը չի ապահովում։ Նվիրյալին ազգային հերոսի կոչում շնորհելն ու հասարակությանը նրա հետ բավարար չափով «չծանոթացնելը» ոչ միայն դեռ չի հերոսացնում նրան, այլ նաև թույլ չի տալիս, որ հասարակությունն ընկալի նրան որպես ազգային հերոս ու ստանա հերոսի կերպարից անհրաժեշտն ու նրան օրինակ դարձնի սերունդներին դաստիարակելիս։ Այո, քանի դեռ մարդու հերոսությունը պետական մակարդակով ուրիշ մարդկանց աչքը չի մտցվում՝ հասկացնելու համար, որ հերոսը հենց նա է ու պետք է նրան նմանվել, հասարակությունն անտարբեր է, որովհետև հակված է ուրիշ կուռքեր փնտրելու։
 
Եվ, ցավոք, այո երկրորդ մեծ պատճառը հասարակության գաղափարական սնանկությունն է, որի պատճառով մարդիկ շատ արագ ճանաչում ու պարտաճանաչորեն իրար են փոխանցում թանկարժեք մեքենայով գրեթե ամեն օր լկտիաբար խախտումներ անող լածիրակի կյանքի պատմությունը։ Այդ նույն հասարակության մեջ քչերին կգտնես, ովքեր գոնե լսել են Վահագն Ասատրյանի, Հրաչյա Աբրահամյանի, Գարեգին Պողոսյանի, Յուրի Պողոսյանի, Գեղազնիկ Միքայելյանի և մյուսների մասին։
 
Բայց այստեղ էլ մի մեծ պաշտոնական սխալ կա։ Նյութականացված ու շահերի մեջ խեղդված աշխարհին ամեն օր ավելի ադապտացվող հայ հասարակության մեջ հռչակել, որ հերոսը հարկատուն է, մեղմ ասած՝ պատեհապաշտություն է։ Ինչո՞ւ ընդամենը պատեհապաշտություն, որովհետև վստահ եմ, որ այդ թեզի հեղինակը, հերթական անգամ չպատկերացնելով իր խոսքի հետևանքներն ու դրա հիսունից ավելի երանգները, փորձել է այդ պահին իր համար կարևոր խնդիրը լուծել՝ հարկ գանձել պետական բյուջե։ Ես, իսկապես, չեմ  հավատում, որ Նիկոլ Փաշինյանը չի տարբերում հարկատուին հերոսից և վստահ եմ, որ փորձել է հերոսի «կոչումով» «կուտ տալ» հարկատուին՝ կրկնում եմ՝ չհասկանալով դրա հետևանքները։
 
Իսկ հետևանքն այն է, որ պաշտոնական մակարդակով արված այդպիսի հայտարարությունը, որքան էլ որ դրա հեղինակը չհավատա ասածիս, բացասականն արագ ընկալող մեր հասարակության մեջ ավելի է փչացրել հերոսի ընկալումը։ Ավելին ասեմ՝ դա իրականում հանցագործ, բայց խաբեությամբ իբրև հարկեր վճարող ներկայացող ցանկացածին թույլ է տվել հերոս ձևանալ, մատ թափ տալ ու ամեն րոպե պետության երաշխավոր ներկայանալ։
 
Քանի որ արժեքները չմոռանալու կոչը վերջերս հաճախ է մերձկառավարական միջավայրում ասոցացվում դժբախտ կյանքի, տառապանքի ու լացուկոծի հետ, ասեմ, որ հերոսներին արժանին մատուցելն ու չմոռանալը չի խանգարում լավ ապրելուն ու հարստանալուն։ Իսկ հերոսացնելը նրանց, ովքեր ամենևին հերոս չեն, կամ հերոսացած զավակների հիշատակի հետ կապված համազգային տխրության օրերին սեփական սիրային սելֆիները տարածելն ու նրանց հանդեպ պետական այդպիսի անտարբերություն արտահայտելը կբերի նրան, որ հերոսներ չեն լինի մի օր, երբ նրանք անհրաժեշտ են ազգի փրկության համար։
 
Ես կարծում եմ, որ պետությունը կարող է գտնել եղանակն ու բազմաթիվ հարկատուների գովազդների կողքին հասարակությանը ներկայացնել իսկական հերոսներին։ Իսկ հերոսները նրանք են, ովքեր իրենց շրջապատած մանկասպան թուրքի ճակատին կյանքի գնով ասել են, թե ով է նա։