Հետևեք մեզ։

Զեկույց չի՛ լինելու․ պատճառը պարզ է

09:48, 03 սեպտեմբեր 2024
Զեկույց չի՛ լինելու․ պատճառը պարզ է

Որքան ժամանակ է Աննա Վարդապետյանին ու նրա գործունեությանը չէինք անդրադարձել։ Մտածում եմ, թե որն է դրա պատճառն ու ինքս ինձ  բացահայտում, որ նա պարզապես վերջերս աչքներովս չի ընկնում։ Աննա Վարդապետյանն ընտրել է քննադատություններից խուսափելու ամենաանհաջող եղանակը՝ աստիճանաբար դադարեցնել իր ու իր ղեկավարած կառույցի գոյությունը։ Եթե մի բան չկա, ուրեմն դրա մասին խոսելու առիթ էլ չկա։ Հավանաբար այս համոզմունքով է, որ պաշտոնավարումը բազմաթիվ գովազդային արշավներով սկսած, ֆեյսբուքյան գովազդների միջոցով իր «աշխատանքը» ներկայացնող Վարդապետյանը մի օր հասկացավ, որ ավելի լավ է չարածի մասին գոնե լռել։

 

Եվ իսկապես, ո՞ր կարևոր, բարդ, պատասխանատու տեղում եք լսել դատախազության մասին։ Վստահ եմ՝ երկար ժամանակ է ոչ լսել եք, ոչ էլ առավել ևս տեսել։ Դատախազությունը հիմա իր մասին հիշեցնել է տալիս միայն շեֆերին ականջահաճո թեմաներով՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով։ Բայց այստեղ էլ ամեն ինչ չէ, որ բովանդակություն ունի, քանի որ Աննա Վարդապետյանի համար կարևորը մամլո հաղորդագրությունն է, իսկ թե իրականում ինչ կա դրա տակ, էական չէ, առավել ևս՝ էական չէ, թե հաղորդագրության մեջ իրեն վերագրվողի հետ իրականում ինչ կապ ունի ինքը։

 

Քանի որ տեղյակ ենք, որ սույն տիկինն իր մասին հրապարակումները անձնական թշնամանք է համարում ու չի դասվում ինքնահավանությամբ չտառապող այն մարդկանց շարքին, ովքեր մի անգամ գոնե իրենց մեջ սխալ են փնտրում, նրան բարեկամաբար խորհուրդ ենք տալիս ոչ թե բազմապիսի ռեսուրսներ՝ խնդրանքներ ու լիազորություններ «ծախսել» չքննադատվելու համար, այլ վերացնել քննադատության պատճառները, մի բան, որ նա վստահ ենք չի կարող անել։

 

Աննա Վարդապետյանին էլի չէինք հիշի, եթե երկու բան նրան հիշեցնել չտար։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր՝ բազմամիլիոնանոց ԱՆԻՖ-ի ձախողման մասին։ Հասկանո՞ւմ եք, պետության ղեկավարը բացեիբաց ասաց, որ մի քանի միլիոն դոլար իր հետ հուղարկավորած ԱՆԻՖ-ը ընդամենը չհաջողված պրոեկտ էր։

 

Ակամայից պատկերացրի, թե ինչպես Աննա Վարդապետյանը կառավարության հերթական նիստին կսկսեր ելույթը։ Նախ վարչապետը կհիշեցներ, որ թալանի դեմ պետք է պայքարել, ապա կխնդրեր նորություններ՝ հայտնի դեպքերով ուսումնասիրություններից, ինչից հետո Աննա Վարդապետյանը պանակից վայրկյանապես կգտներ ինչ-որ թուղթ, որ «պատահաբար» մոտն էր, կդիմեր մեծարգո վարչապետին, զեկուցելու, ո՛չ, ո՛չ, տեղեկացնելու թույլտվություն կխնդրեր ու կհայտներ, որ իր ձեռքում ԱՆԻՖ-ից աշխատավարձերի ու գործուղումների միջոցով գողացված փողերը բյուջե վերադարձնելու ապացույցն է, ապա կշտկեր շտկելու կարիք ամենևին չունեցող ակնոցը, մի փոքր դեպի վեր կնայեր ինքնագոհ հայացք ստեղծելու համար ու կշարունակեր պատմել մանրամասներ, որոնց հետ ոչ մի կապ ինքը շարունակում է չունենալ։

 

Սա հավանաբար սարկազմ է թվում․ բայց իրականում Աննա Վարդապետյանի մի նախկին ելույթի կրկնություն է։ Սա առավել ևս սարկազմ չէ, եթե նկատի ունենանք, որ նա իրեն նշանակող թիմի թալանածը հետ բերելու քայլ չի անի ու այդ «հոգեցունց» դերասանական ելույթներն ունենում է շատ հստակ թեմաներով։

 

Մյուս առիթը նրան հիշելու, այն է, որ նա նորից էկրաններին երևաց դատախազական անձնակազմով վարչապետի տիկնոջն ուղեկցելիս։ Գիտեմ, որ հարիր չէ, տհաճություն կա «Ճախրուկներ» Վարդապետյանի այցելությունների մասին խոսելիս որևէ քննադատություն հնչեցնելը։ Եվ որպես ապացույց՝ վատին վատ, իսկ լավին լավ ասելու, ասեմ, որ իմ կարծիքով դա Վարդապետյանի միակ գործունեությունն է, որի մասին կարելի է և պետք է դրական խոսել, թեկուզև այն դատախազի գործունեության հետ ոչ մի կապ չունի ու վստահ էլ ենք, որ նա հանցագործությունների մասին հետաքրքրվելու փոխարեն չէ, որ միջոցառումներով է զբաղվում։

 

«Ճախրուկների» հետ նրա հարաբերությունները միայն գովեստի են արժանի։ Մենք ողջունում ենք նրա շփումները «Ճախրուկների» ու բոլոր մյուս հրաշք Էակների հետ ու վստահ ենք՝ հենց նրանք են մի օր կարողանալու նաև Վարդապետյանին ապացուցել, որ ոչ մի չար ու ճղճիմ արարք, մանավանդ երեխաների հանդեպ, անպատիժ չի մնում․․․

 

Ձախողվա՞ծ, թե՞ թալանով ձախողած պրոեկտ

Վերլուծական