Երբ ռուսական պաշտոնական շրջանակները հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին գրեթե բոլոր հարցերին ի պատասխան երկար խոսում են երկու ժողովուրդների անխախտ բարեկամությունից ու կարոտալից հույս հայտնում, որ Հայաստանի իշխանությունների ոչ ռուսական քաղաքականությունը չի կարող խաթարել այդ հարաբերությունները, քիչ է մնում հուզվել։
Միշտ կարծել եմ, որ գերտերությունների արտաքին քաղաքականությունը չի կարող պարզունակ ու բացահայտ խարդախաբարո լինել, հատկապես, որ, ինչպես ասում են, այդ հարցերով գիտահետազոտական ինստիտուտներ են զբաղվում։ Այսպիսի կարծիք կարելի էր ունենալ նաև «կագեբեական» բարքերի վրա կառուցված ռուսական արտաքին քաղաքականության մասին։ Բայց վերջին ժամանակների իրադարձությունները ոչ միայն ոչնչացրել են այդ միֆը, այլ նաև գրեթե շանս չեն թողել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը շարունակելու, քանզի այդ իրադարձություններն ու ռուս դիվանագետների վերջին հայտարարությունները ոչ թե Հայաստանի ներկա իշխանությունների, այլ հայ ժողովրդի դեմ են։
Երևի տեղին կլիներ սկսել նրանից, թե ինչպես հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններն այդպես էլ մի կողմից չհեշտացրին Հայաստանին որակյալ զենքի մատակարարումը՝ հայոց բանակի զինումը թողնելով «պատրոնդավոների» հույսին, մյուս կողմից գոնե չդանդաղեցրին Ադրբեջանի զինումը ՀԱՊԿ բարեկամների կողմից։ Բայց Արցախի կորստի ողջ գործընթացն ավելի խոսուն է։ Ռուսաստանը հենց այդ գործընթացքում պարզեց, որ իր ռազմավարական դաշնակիցն, ում հանդեպ պարտավորություններ ունի, սահմաններ չունի։ Ռուսաստանը պասիվ դիրք բռնեց Արցախի հանդեպ բոլոր ոտնձգությունների ժամանակ, խաղաղապահ զորակազմն ակնհայտորեն բացակայեց հայերի վրա հարձակումների, խաղաղությանը բոլոր սպառնալիքների դեպքերում՝ ի ցույց դնելով, որ Արցախում իրենց ներկայության նպատակը հենց ներկայությունն է, ընդամենը ներկայությունը՝ որոշ մանր-մունր հարցեր լուծելու, խոշոր գումարների դիմաց ծառայություններ մատուցելու նպատակով։
Ընդհանրապես, արդեն վստահաբար կարելի է արձանագրել, որ Հայաստանի հետ կապված հարցերում ռուսական քաղաքականությունն ուղղված է ողջ աշխարհին խաբելուն, թե իբր առանձին տարածաշրջաններում կան հարցեր, որոնք լուծում է Վլադիմիր Պուտինը։ Մանր ու մեծ հարցերի վերաբերյալ բանակցություններում ռուսական կողմին հետաքրքրում է ոչ թե դրանց արդար ու ճիշտ լուծումը, այլ բացառապես այն, որ այդ հարցի ցանկացած, թեկուզ ամենաանարդար լուծումը տրվի Պուտինի հովանու ներքո։
Թեև նույն Պուտինը Բաքվում բառի բուն և ոչ միայն բուն իմաստով կռանալով անմիջապես ցույց տվեց, որ վաղուց արդեն իր հովանու ներքո մնացել է միայն իր մշտական նախորդ ու հաջորդ, այժմ արդեն ընդամենը հակաուկրաինական էժանագին ու անլուրջ «կոմենտարիաների» հեղինակ Դմիտրի Մեդվեդևը, բայց ռուսական կողմն այսօր էլ զբաղված է տարածաշրջանում ընդամենն իրենց մասին հիշեցնելով ու համոզելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն և կարող են կարգավորվել միայն և միայն այն փաստաթղթով, որին Ռուսաստանը մասնակից է։
Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո, Հայաստանի դեմ ռուսական քաղաքականությունն ավելի բաց ու դավաճանական դարձավ։ Թեև Բաքվում կռացել էր միայն Պուտինը, բայց առաջինը Լավրովն արեց դարակազմիկ հայտարարությունը։ Պարզվեց՝ Հայաստանը, այն Հայաստանը, որին նույն ռուսները մեղադրում են զիջելու մեջ, չի զիջել այն,, ինչ պետք է զիջեր ու հայերի ոչ զիջողական կեցվածքն է մեղավոր եռակողմ պայմանագրի պահանջների ոչ ամբողջական կատարման համար։ Հասկանո՞ւմ եք, այո՛, Ռուսաստանն ամենաբարձր մակարդակում ամեն ինչ զիջած Հայաստանին է մեղադրում չզիջելու մեջ՝ ակնկալելով նոր զիջումներ ու ապացուցելով, որ հենց իրենք են մինչ օրս արված զիջումների շահառուն։
Բայց սա էլ վերջը չէր։ Պարզվում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ Պուտինի տեղն այնքան է նեղ և նա այդ պատճառով Բաքվում այնքան է կռացել, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն սկսել է արտաբերել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ավելին ասեմ, նա խոստացել է, որ իրենք կզրուցեն միջանցքին դեմ հանդես եկող Իրանի հետ ու կպայմանավորվեն՝ հավանաբար թուրքերին տված հերթական խոստումը կատարելու և եղբայրասպան պատերազմում օժանդակություն ստանալու համար։
Թեև ռուս դիվանագետներին թվում է, թե Արցախի կորստի կապակցությամբ իրենց բացատրությունները մոտ են ողջամտությանն ու իրենց հաջողվում է դրանցով դուրս գալ «թռնողի» խարանի տակից, բայց դրանցում ընդամենը հերթական անգամ բացահայտվում է նման անծայրածիր պետության արտաքին քաղաքական կռուտիտների պարզունակ խորամանկությունն ու հանուն նույնիսկ ձևականությունների բարեկամին դանակի բերան շպրտելու ունակությունը։
Բառացիորեն Հայաստանի դեմ այս քաղաքականության մասին խոսելիս երևի տեղին կլիներ հիշել նաև Բելառուսի նախագահի անմիջական խոստովանությունը Ադրբեջանի հետ համատեղ Արցախը գրավելու մասին։ Բայց հաշվի առնելով նրա ու Ալիևի մտերիմ բաջանաղական հարաբերությունները, այդ մասին, թերևս միայն լռել․․․