Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում Ադրբեջանի նախագահը։ Առանձնազրույցից հետո Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդես են եկել համատեղ ասուլիսով։
Կողները խոսել են Հայաստանի հետ հարաբերությունների մասին։
Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Մենք երախտապարտ ենք, որ Ադրբեջանը մշտապես աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Նաև ցանկանում եմ իմ մեծ հույսը հայտնել, որ շատ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Այս հարցում մենք լիովին համաձայն ենք, որ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Կարծում եմ՝ դա կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, որը բարեկեցություն կբերի մեր ժողովուրդներին՝ Հայաստանին, հայ ժողովրդին, Ադրբեջանին, վրացիներին և Վրաստանին։ Այնպես որ, մենք այս գործընթացում միշտ անաչառ, չեզոք դիրք ենք գրավել: Մենք դեռ պատրաստ ենք մեր համեստ ներդրումն ունենալ բարեկամական ձևաչափում։ Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին, մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները, պետք է կարողանանք ինքնուրույն լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»,- ասել է Ղարիբաշվիլին։