ՀՀ ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը:
Փակ գաղտնի քվեարկության տվյալները ներկայացնող Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել, բայց 30 կողմ ձայնը բավարար չէ նախագծի ընդունման համար։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Ըստ զեկուցողի՝ որոշ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: «Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր եւ լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այս կարգավիճակը մինչեւ 2023 թվականի հունվարի 27-ը»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ այդ կարգավիճակը՝ դուրս գար պետական հաշվառումից, ինչպես դա սահմանված է պատգամավորի դեպքում:
Ներկայացնելով որոշ մանրամասներ՝ Արծվիկ Մինասյանը նշել էր, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր մինչև հունվարի 16-ը ներառյալ, մինչդեռ, ըստ փաստերի, վերջինս այդ կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին: