Հետևեք մեզ։

«Բրյուսովի» ռեկտորի ընտրությունն այնքան փոքր հարց է, այդտեղ հարց էլ չկա․ Վահրամ Դումանյանը՝ նախարարի պաշտոնից ազատվելու, նախագահի խորհրդական նշանակվելու և հայրենիքին ծառայելու մասին

15:29, 22 մարտ 2023
«Բրյուսովի» ռեկտորի ընտրությունն այնքան փոքր հարց է, այդտեղ հարց էլ չկա․ Վահրամ Դումանյանը՝ նախարարի պաշտոնից ազատվելու, նախագահի խորհրդական նշանակվելու և հայրենիքին ծառայելու մասին

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Դումանյանը մոտ երկու ամիս անց՝ 2023 թ․ փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական։ Hayastan.news-ը Դումանյանի հետ զրուցել է նախարարի պաշտոնից իր ազատման պատճառների, նախագահականում իր աշխատանքի և նախագահին տված խորհուրդների մասին։

-Պարոն Դումանյան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք նշանակվեցիք նախագահի խորհրդական։ Տպավորությունն էր, թե Ձեզ անգործ չթողնելու համար նախագահականում «տեղավորեցին» աշխատանքի։

-Չէ, գիտե՞ք ոնց, իրականում, եթե Դուք հետևել եք, հրաժարականից հետո, երբ վարչապետը ներկայացնում էր նոր նախարարին, այնտեղ իր խոսքում նշեց, որ «Ձեր  ներուժը և կարողությունները կօգտագործվեն ի շահ Հայաստանի Հանրապետության», և հիմա, այս փուլում, նախագահական ինստիտուտում էլ, կարծում եմ, նմանատիպ գործունեության կարիք կա, գաղափարներ են պետք, և մենք գաղափարներ ենք այնտեղ քննարկում, որոնք կապված են այն հարցերի հետ, որոնցով ես կարող եմ օգտակար լինել։ Հարցերի շրջանակն էլ Դուք մոտավորապես գլխի եք ընկնում՝ կրթական, նաև գիտական։

-Ձեզ համար պաշտոնի և կարգավիճակի իջեցո՞ւմ չէր, արդյոք, գործադիրում կառավարության անդամից գնալ նշանակվել նախագահի խորհրդական։

-Այստեղ համեմատություններ անելը մի քիչ նուրբ գործ է, նայած՝ ի՞նչ ենք հասկանում՝բարձրացում-իջեցում ասելով։ Իհարկե, եթե Դուք նկատի ունեք գործադիր որոշումներ կայացնելու ինստիտուտը, բնականաբար՝ ես հիմա որոշումներ չեմ կայացնում խորհրդականի կարգավիճակում, բայց միայն որոշում կայացնելով չէ։ Որոշում կայացնելուն նախորդում է նաև հարցի ուսումնասիրություն, հարցի գնահատական, և շատ կարևոր է նաև հարցերի վերլուծությունը։ Որոշում կայացնելը վերջին փուլն է։

-Բայց Հանրապետության նախագահն էլ, ում Դուք այսօր խորհուրդներ եք տալիս, առանձնապես շատ որոշումներ չի կայացնում։

-Ես համակարծիք եմ, իհարկե, որ նախագահական ինստիտուտի բովանդակության պարզաբանման և գործունեության անհրաժեշտություն մենք ունենք, պիտի լրացնենք այդ բացը։ Ահագին բաներ արդեն ձևավորվել են, ավանդույթներ, բայց անելիքներ դեռ շատ ունենք։

-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք հասցրել տալ այս մեկուկես ամսում նախագահին։

-Տարբեր հարցեր ենք քննարկել, կարծիքներ է հարցրել նախագահը։ Ի դեպ, ասեմ՝ շատ հաճելի աշխատանքային միջավայր է, շատ բարեհամբույր․․․

-Լրագրողներից հեռու՝ կարևորը, չէ՞, քանզի երբեմն այդքան էլ ջերմ չէին անցնում լրագրողների հետ Ձեր շփումները։

-Դուք ինձ հետ շփվել եք, գիտեք, որ ես երբեք չեմ խուսափել լրագրողներից։ Եթե դնենք, նայենք՝ որ պահերը ջերմ չէին անցնում, կտեսնեք, որ ոչ թե ջերմ չէին անցնում, որովհետև ես լրագրողներին լավ չէի վերաբերում, այլ հարցերի ձևակերպման մեջ ես որոշակի խմբագրում էի անում որպես իմ սկզբունք, որը եղել է, կա ու միշտ կլինի՝ որպես մաթեմատիկոսի․ եթե դուք ուզում եք ստանալ ճշգրիտ պատասխան, ուրեմն ճշգրիտ ձևակերպեք հարցը։ Միայն այդ սկզբունքի շուրջ են եղել լրագրողների հետ որոշակի տարընթերցումներ, բայց կոնֆլիկտ կամ անտագոնիզմ՝ վստահ եղեք, եթե լիներ, մենք հիմա չէինք շփվի։

-Նեղսրտած չե՞ք կառավարության ղեկավարի որոշումից, որ ազատվեցիք պաշտոնից, և արդյոք Ձեզ լիարժեք իրացվա՞ծ եք զգում նախագահի խորհրդականի կարգավիճակում։

-Երբ ես պատերազմից հետո ստացա ԿԳՄՍ նախարարի պաշտոնի առաջարկ, նախ դա ինձ համար շատ մեծ անակնկալ էր, որովհետև շատ բարդ իրավիճակում ես նշանակվեցի, բայց ես դա ընդունել եմ առաջին հերթին ոչ որպես զուտ պաշտոն, որ գնաս PR-վես, այլ դա իմ բաժին ճակատն էր, որ ես պիտի ծառայեի։ Երբ ինձ հարցնում էին, որ այս բարդ վիճակում ո՞նց ստանձնեցիր այդ պաշտոնը, ի՞նչ գիտես՝ ինչքան կաշխատես։ Այն ժամանակ շատ բարդ էր, ոչ ոք չգիտեր՝ ինչ ընթացք կլինի, իմ պատասխանը եղել է զինվորի պատասխան, ես ասել եմ՝ կապ չունի, թե որքան կաշխատեմ՝ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, թե որքան,  ես ուժերիս ներածի չափով կանեմ այն, ինչ ինձանից ակնկալվում է, ուժերս ներում են։ Եվ արել եմ։ Ես այսօր շատ հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ ես զարմացա, որ այդ թիմով, որը նախարարությունում իմ մասնակցությամբ ձևավորվեց, ամբողջ ծավալով ժամացույցի պես աշխատում էր այդ թիմը, և իմ հրաժեշտի խոսքում, որ ես շատ կարճ ներկայացրի՝ ինչպես եմ ընդունել նախարարությունը և ինչպես եմ հանձնում, այնտեղ ես մի քանի բան եմ թվարկել, և ես զարմացած եմ, թե ոնց է դա մեզ հաջողվել։ Բայց դա մեր թիմի նվաճումն է եղել, իհարկե, որովհետև բոլորը անմնացորդ աշխատել են իմ աչքի առաջ։

-Ամեն դեպքում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողմից, ո՛չ Ձեր կողմից այդպես էլ չպարզաբանվեց, թե ինչու այդպես անկնալ ազատվեցիք նախարարի պաշտոնից։ Տեղեկություններն այնպիսին էին, որ Դուք ազատվել եք Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների պատճառով, քանի որ իշխանությունների սրտով որոշում չեք կայացրել։

-Չէ, ես այդ տեսակետը չեմ ընդունում, նման բան կոնկրետ ինձ չի ասվել, և «Բրյուսովի» ռեկտորի ընտրությունը այնքան փոքր հարց է՝ համեմատած ընդհանուր մեր գործունեության հետ, այդտեղ հարց չկա էլ, իրականում, ես այդտեղ ինչ-որ պրոբլեմ չեմ տեսնում։ Եթե պրոբլեմ կա, ապա Բրյուսովի անվան ինստիտուտի մեջ է այդ պրոբլեմը, և մեզ հետ կապ չունի։ Իսկ այն, որ Բրյուսովի անվան ինստիտուտում եղել է և կա խնդիր, դա կասկածից վեր է, որովհետև իրոք այնտեղ մթնոլորտը տարօրինակ էր, մինչև հիմա էլ՝ չգիտեմ ինչ է, բայց հույս ունենք, որ կկարգավորվի։ Հիմա տեսեք, պատճառն եք ասում, չէ՞, որ նույնիսկ իմ շրջապատում շատերին է այդ հարցը հետաքրքրում՝ լավ, ինչո՞ւ։ Այդ «ինչու»-ի պատասխանը շատ պարզ է։ Երբ մարդը նշանակվում է քաղաքական պաշտոնի, ինքը միշտ պետք է պատրաստ լինի քաղաքական կոնյուկտուրային, իրավիճակի տարբեր ընթացքին և այլն։ Այդպես էր այդ պահին ընդհանուր մոտեցման մեջ։ Որևիցե կոնֆլիկտ, որևիցե դժգոհություն, որևիցե նեղսրտվածություն  իրականում, չկա, ես Ձեզ վստահեցնում եմ։

-Կարծում եք՝ նորմա՞լ է մարդուն նշանակել պաշտոնի, հետո առանց որևէ լուրջ պատճառի, առանց հստակ բացատրության ազատել։ Այդպիսի պրակտիկա, պարզապես, վերջին 4-5 տարվա ընթացքում շատ ենք ունեցել, և Դուք միակը չեք։

-Քաղաքական բարդ իրավիճակներում՝ դեռ 90-ականներից սկսած, մեր անկախ Հայաստանի պատմությունը, որ նայեք, դա դասագրքային ճշմարտություն է, քաղաքական բարդ իրավիճակներում նման բաներ շատ հաճախ են լինում, և փոփոխությունը, հատկապես քաղաքական պաշտոնյայի, կարող է ամեն շաբաթ մի բան փոխվել։ Պետք է ըմբռնումով մոտենալ, եթե Դուք քաղաքական պրոցես եք վերլուծում, ապա պետք չէ զարմանալ դրա վրա։

-Բայց Նիկոլ Փաշինյանի ո՞ր մի նշանակմանն ու ազատմանը ըմբռնումով մոտենանք, երբ 4 տարում հինգ ԱԱԾ տնօրեն փոխեց, տարբեր նախարարներ, սրանցից ո՞ր մեկն է տրամաբանության մեջ։

-Ես խոսում եմ կոնկրետ իմ գործունեության մասին։ Ես իմ խոսքում ասացի, չէ՞, որ որպես իմ երկրի զինվոր եմ գնացել, ես ասել եմ՝ տրամադրված եմ մարտական, գնում եմ՝ ծառայելու իմ հայրենիքին։ Սրանք ամպագոռգոռ բառեր չեն, այսօր էլ պատրաստ եմ, ցանկացած կարգավիճակով ծառայել, բայց ես համարում եմ, որ, անկեղծ ասած, նորմալ ծառայել եմ և իմ առաջ դրած խնդիրը ես լուծել եմ։

-Իսկ ի՞նչ խնդիր եք լուծել, և հիմա նոր նախարարը արդյոք կարողանո՞ւմ է Ձեր դրած հիմքերը շարունակել, թե՞ այլ ուղղությամբ է գնում։

-Դա էլ է դասագրքային ճշմարտություն՝ նախորդ նախարարը հաջորդ նախարարին չպիտի մեկնաբանի։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ ես իմ նախորդներին մեկնաբանեմ։ Ես հուսով եմ, որ կլինի շարունակական այդ ամենը, բայց դա ժամանակը ցույց կտա։ Կապրենք, կտեսնենք։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ