ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ կապված եզդիական խոշորացված և չխոշորացված համայնքներում առկա բյուջեի սղության խնդրին։ Նրա խոսքով՝ հայկական խոշորացված համայնքներում ընթանում են ֆինանսական լայնածավալ ծրագրեր, որոնք նույն տեմպով չեն ընթանում ազգային փոքրամասնությունների համայնքներում, հետևաբար այստեղ ենթակառուցվածքների վերականգնման և շատ այլ հարցեր են առաջանում, որոնք կարող են մյուս համայնքներին համահունչ զարգանալ։
«Այս առումով կառավարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնում կամ պատրաստվում իրականացնել ազգային փոքրամասնությունների համայնքներում»,-հարցրեց Ռուստամ Բաքոյանը։
Նիկոլ Փաշինյանը, մինչ հարցին պատասխանելը, ներկայացրեց նախապատմությունը։ նա նախ բացատրեց, թե ինչու ազգային փոքրամասնությունների հոծ բնակությամբ բոլոր համայնքները չեն խոշորացել։ «Որովհետև մեր ազգային փոքրամասնությունների մեր հարգելի եղբայրները և քույրերը չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա՝ դրա մեջ տեսնելով սպառնալիք հենց համայնքի բնականոն կյանքի համար։Մենք էն գլխից էլ գիտեինք, որ սա բերելու է որոշակի խնդիրների, և այդ խնդիրը հետևյալն է, իհարկե, Ձեր հարցում մի քիչ երկակի հնչեց, բայց էն, որ մյուս համայնքներում խոշորածավալ ծրագրեր են իրականացվում, դրա պատճառը մեկն է՝ խոշորացված համայնքների բյուջեների հնարավորություններն ավելի մեծ են, և նրանք ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունեն, այդ թվում՝ պիտի որ խոշորացված Ալագյազ համայնքում էլ էդ հնարավորությունը լինի»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը հենց այդտեղից է։
Նրա խոսքով՝ իրենք երևի թե պետք է մտածեն, թե նման համայնքների դեպքում ինչ բանաձևեր կարող են կիրառել, որպեսզի այդ խնդիրը հաղթահարեն։ Արձագանքելով՝ Ռուստամ Բաքոյանն ասաց, որ իրենք, քանի որ, եզդիական խոշորացված համայնքներ ունեն, որոնց բյուջեները խոշորացման պարագայում էլ դարձյալ էական փոփոխություն չեն կրում, ուստի առաջարկեց, որ կառավարությունը գուցե նոր մոտեցում ցուցաբերի կամ այնպիսի մեխանիզմ կիրառի, որ ազգային փոքրամասնությունների համայնքներում էլ սուբվենցիոն ծրագրեր իրականացվեն։ «Շատ լավ, եկեք մտածենք, թե ինչ կարող ենք անել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ազգային փոքրամասնությունների մեր հարգելի եղբայրները և քույրերը չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա․ Փաշինյանը՝ եզդիական համայնքներում սուբվենցիոն ծրագրեր չիրականացնելու մասին
17:44, 22 մարտ 2023