Հետևեք մեզ։

Ուղղաթիռի գաղտնի պահված վթար Ծաղկաձորում, Ռուսաստանին ուղղաթիռի վաճառք, իսկ Թուրքիային՝ վարձակալություն․ մաքսային արտոնություն ունեցող «Արմենիան հելիքոփթերս»-ի կասկածելի գործարքները

19:32, 14 հոկտեմբեր 2023
Ուղղաթիռի գաղտնի պահված վթար Ծաղկաձորում, Ռուսաստանին ուղղաթիռի վաճառք, իսկ Թուրքիային՝ վարձակալություն․ մաքսային արտոնություն ունեցող «Արմենիան հելիքոփթերս»-ի կասկածելի գործարքները

«Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը, որը առողջապահության նախարարության պատվերով անհրաժեշտության դեպքում սանավիացիայի գործառույթներ է իրականացնում, Ստեփանակերտի պայթյունից տուժած հիվանդներին Երևանի ԲԿ-ներ տեղափոխելու համար չորս թռիչք է իրականացրել։ Այդ չորս թռիչքները, սակայն, տեղի են ունեցել ոչ թե Ստեփանակերտից, այլ Սյունիքից, մասնավորապես՝ Գորիսից։ Այս մասին Hayastan.news-ին հայտնեցին հենց «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունից, որի վերաբերյալ մեզ մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։

 

Մասնավորապես, այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին, կառավարության կողմից արտոնություն է ստացել, որպեսզի առանց մաքսատուրքի վճարման ուղղաթիռներ ձեռք բերի եվրոպական Airbus կամ այլ ընկերություններից՝ այստեղ շահագործելու նպատակով։ Սակայն, Hayastan.news-ի տեղեկություններով, նրանք այդ ուղղաթիռները վաճառում են այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն, նաև վարձակալությամբ են տրամադրում մեր հարևան, սակայն ոչ բարեկամ երկիր Թուրքիային։ Մաքսատուրքից ազատման արտոնություն առաջին անգամ ՀՀ կառավարությունն այս ընկերությանը տրամադրել է 2018 թվականի ապրիլին, ապա՝ նույն թվականի դեկտեմբերի 8-ին։  Այն ժամանակ նշվում էր, որ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկներն այսուհետ հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Մաքսատուրքից ազատման վերջին արտոնություններից մեկը 2023 թ․ մարտի 9-ի նիստով է հաստատվել, որով ընկերությունը պարտավորվում էր կատարեր 1,27 մլրդ դրամի ներդրում՝ ուղղաթիռ ձեռք բերելու համար։ Hayastan.news-ի տեղեկություններով՝ «Արմենիան հելիքոփթերս» ընկերության թիկունքին կանգնած են իշխանական հովանավորներ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Իրանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, որը «Արմենիան հելիքոփթերսի» սեփականատեր Կարեն Վարդանյանի քեռին է, որի աջակցությամբ էլ կանաչ լույս է վառվում այս ընկերության գործունեության և տարատեսակ գործարքների համար։ «Արմենիան հելիքոփթերսից» հարցերին պատասխանեց ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը, որն ի սկզբանե չհերքեց այն տեղեկությունը, որ Թուրքիայի և Ռուսաստանի հետ նման գործարքների մեջ են եղել։ Բայց չցանկացավ հստակ ժամկետ նշել՝ «չէր հիշում, թե երբ»։

 

Առհասարակ, մեր հարցերին շատ կցկցտուր էր պատասխանում՝ մեկ-երկու բառով, չցանկանալով շատ փակագծեր բացել կամ խնդրում էր գրավոր ուղարկել հարցերը։ «Հիմա ոչ, բայց նախկինում եղել են որոշ գործարքներ, դա մեր բիզնեսի մոդելներից մեկն էր»,-ասաց նա՝ չնշելով հստակ, թե նախկինում՝ կոնկրետ ե՞րբ էր աշխատում Թուրքիայի հետ։ Նա նաև նշեց, որ իրենք մաքսազերծման արտոնություն ունեն, սակայն, նրա խոսքով, այն ուղղաթիռները, որոնք վաճառել են Հայաստանից դուրս, դրանց համար արտոնություն չեն ուզել։ Թեպետ, մեր աղբյուրները վստահեցնում են՝ ՌԴ-ին վաճառված ուղղաթիռներից առնվազն մեկը հենց արտոնությամբ ձեռք բերված ուղղաթիռ է։

 

«Որոնք որ վաճառել ենք, մենք դրանց համար արտոնություն չենք ուզել՝ մաքսազերծել ենք, վաճառել ենք։ Ինչի՞ համար արտոնություն ուզեմ, եթե վաճառում եմ։ Դա օրենքի խախտում է, եթե վաճառում ես, չես կարող արտոնություն ուզել»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է Թուրքիային ուղղաթիռ տրամադրելուն, որը, մեր տեղեկություններով, եղել է Airbus H130 մոդելի, ապա ընկերության տնօրենն ասաց, որ հարևան պետությանը ոչ թե վաճառել են, այլ լիզինգով են տրամադրել՝ հաստատելով, որ պայմանագրային որոշակի հարաբերություններ ունեցել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ։

 

«Էդ ուղղաթիռը վաճառված չի, լիզինգը կա, բայց պայմանագիրը չի գործում այլևս, ուղղաթիռը մերն է»,-ասաց նա՝ դարձյալ հստակ ժամկետ չնշելով,բայց հաստատելով, որ խոսքը վերջին երկու-երեք տարվա մասին է, այսինքն՝ 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածի։

Մանուկյանը չցանկացավ հայտնել՝ թուրքակա՞ն կողմն է իրենց դիմել, որ «Արմենիան հելիքոփթերսից» ուղղաթիռ ձեռք բերի լիզինգով, թե՞ իրենք են գտել թուրք գործընկերներին։

 

«Դա արդեն մեր բզինես գործունությունն է, մեր առևտրային գաղտնիքն է, ինչի՞ եք ուզում ավելի մանրամասն․․․ Ինչը հրապարակման ենթակա է եղել, հրապարակվել է, մեր գործընկերների հետ աշխատել ենք, ինչ ինֆորմացիա էլ պետք է, մենք պետական պատկան մարմիններին տրամադրել ենք»,-ասաց Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ իրենք իրենց թուրք գործընկերների հետ նորմալ պայմանագրային փոխհարաբերություններ են ունեցել, երկուսն էլ պետական մարմին չեն՝ մասնավոր ընկերություններ են, իրար հետ գործարք են արել։

 

Մենք տեղեկություն ունեինք նաև, որ  «Արմենիան հելիքոփթերս» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Սա խնդրահարույց է նրանով, որ ՌԴ-ն եվրոպական պատժամիջոցների տակ գտնվող երկիր է, և այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը ֆրանսիական Airbus ընկերությունից կամ եվրոպական ու ամերիկյան այլ ընկերություններից ուղղաթիռներ է ձեռք բերում և վաճառում Ռուսաստանին։ Ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը դժվարացավ ասել՝ ունի՞ Կարեն Վարդանյանը ՌԴ անձնագիր, թե՞ չունի, միայն ասաց՝ գիտի, որ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է։ Հարցին՝ Ռուսաստանի անձնագիր չունի՞ կամ չի՞ ունեցել երբևէ, նա կցկտուր պատասխանեց․ «Չգիտեմ»։

 

Մեզ հայտնի էր դարձել նաև, որ «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելիս ընկերությունը հատուկ ուղղաթիռների վրա ամրացված տեսախցիկներով նկարահանումներ է իրականացնում (կամ իրականացրել) Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում։ Թե ինչ նպատակով կամ որտեղ են օգտագործվել այդ կադրերը, ում են տրամադրվել՝ հայտնի չէ։


Արսեն Մանուկյանը սկզբից ասաց՝ ոչ, նման բան չկա։ Հետո, երբ հարցրինք՝ երբևէ այդպիսի նկարահանումներ չե՞ն իրականացրել, պատասխանեց․ «Սահմանամերձ շրջաններո՞ւմ․․․ Հիմա, եթե ուղևորը նստած՝ իր հեռախոսով նկարում է, դա ի՞նչ է նշանակում»։ Հետո ասաց՝ ուղղաթիռին հատուկ տեսախցիկներ են ամրացվում, որը իրենք չունեն։ Մինչդեռ, մեզ պատմեցին, որ մի քանի անգամ ականատես են եղել, թե ինչպես են այս ընկերության ուղղաթիռներով՝ հատուկ ամրացված տեսախցիկների միջոցով, նկարահանումներ իրականացնում Հայաստանի տարբեր սահամանմերձ գոտիներում։

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ուղղաթիռներ ունեն այս պահին իրենց բալանսում, Արսեն Մանուկյանն առաջարկեց Քաղավիացիայի կոմիտեի կայք մտնել, այնտեղից տեղեկանալ, թեպետ ինքը գիտե՝ իրենց մոտ քանի ուղղաթիռ կա և քանիսն են շահագործվում։ Մինչդեռ, իրենց աշխատակիցը մեզ ասել էր՝ այս պահին երեք շահագործվող ուղղաթիռ ունեն (թեպետ՝ իրենց կայքում երկուսի մասին է նշված), բայց մի քանիսն էլ ունեն, որոնք չեն շահագործվում։ Մանուկյանի խոսքով՝ որոշները խնդիր ունեն, դրա համար չեն շահագործվում, բայց այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։

 

Ի դեպ, տեղեկացանք նաև, որ 2018 թվականին «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռներից մեկը՝ Robinson R66-ը, վթարի է ենթարկվել Ծաղկաձորի զիփլայնում՝ պատճառելով զգալի նյութական վնաս հարակից օբյեկտներին։ Դեպքը, սակայն, չի հանրայնացվել ու որևէ իրավական ընթացք, մեր տեղեկություններով, չի տրվել դրան։ Հավանաբար տեխնիկական խնդիրներից մեկը սա է, որ վթարի հետևանքով ուղղաթիռը չի շահագործվում։ Այս թեմային, սակայն, կանդրադառնանք առանձին։  

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ