Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը ՌԴ-ն համարել է անհամատեղելի ԵԱՏՄ-ի հետ։ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են․ այստեղ խորը պատճառ որոնել պետք չէ, որովհետև տնտեսական վեկտորի փոփոխությունը անխուսափելիորեն վտանգավոր է Հայաստանի համար։ Բերեմ մեկ օրինակ․ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունն անցել է 28 միլիարդ դոլարը, սրա ավելի քան 40 տոկոսը միայն Ռուսաստանի հետ փոխադարձ առևտուրն է: 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 72 տոկոսով, իսկ 2024-ի դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, այսինքն՝ վերջնական տվյալները գուցե և ավելի մեծ են։
Ըստ հերթականության․ ՀՀ ղեկավարը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին, միաժամանակ գոհունակություն է հայտնել ԵԱՏՄ-ի անդամակցության վերաբերյալ։ Սակայն, այս հայտարարությունից մեկ տարի անց, ՀՀ իշխանություններն անում են քայլեր, որոնք վտանգում են ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Հարցը չափազանց կարևոր է ՀՀ համար, և հատկանշական է, որ ռիսկերի մասին խոսել են մարդիկ, ովքեր համազգային և միջազգային մակարդակներում սեփական փորձով ու գործով հաջողակ են։
Հայ ձեռներեցների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ասել էր, որ ԵԱՏՄ շուկան լքելը կբերի բացասական հետևանքների՝ արտահանման բարդացումներից մինչև արտագնա աշխատանքի մեկնողների համար սահմանված արտոնությունների վերացում, և, բնականաբար, էներգետիկ անվտանգություն։
Հայաստանի վրա ազդող բացասական հետևանքների մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը։ Համապարփակ իր հոդվածում Գագիկ Ծառուկյանը ներառել էր տարբեր ոլորտներ, որոնց վրա ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը բացասական ազդեցություն կունենա։ Գագիկ Ծառուկյանն ընդամենը մեկ ցուցանիշ էր նշել ամբողջական պատկերը ցույց տալու համար․ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլդ դոլարը։ Սա 2 անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Իր հոդվածում բացառապես տնտեսական տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը մտահոգություն էր հայտնել, որ շուկան լքելը կհանգեցնի մեր երկրի տնտեսական փլուզմանը։
Փորձառու խոշոր ձեռներեցը, բնականաբար, վկայակոչել էր նաև փաստեր, նշելով, որ բիզնես համայնքն, օրինակ, քաջատեղյակ է, թե որքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը, մյուսը` տուժելու է ժողովուրդը։
Բնականաբար, էներգետիկ մատակարար ՌԴ-ն, մասնավորապես, կարող է սահմանի վրա 1000 խմ/մ 165 դոլար սակագնի փոխարեն այլ գին սահմանել, և բացարձակ տնտեսագետ պետք չէ լինել, հասկանալու համար, թե մինչև ուր կհասնեն շղթայական թանկացումները։ Արտոնյալ պայմաններով ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները, բնականաբար, ԵՄ տարածք անգամ մուտք գործել չեն կարող առանց վիզայի, ուր մնաց թե տիրապետեն լեզվին, աշխատանքի իրավունք ստանան, համապատասխանեն պահանջներին և պահեն իրենց ընտանիքները։ Բացի այդ, ժողովուրդների բարեկամությունը աշխատանքային բազմաթիվ խնդիրների լուծման բանալին է: Սովորույթները, միմյանց խնդիրներին ու ապրելակերպին ծանոթ լինելը ստեղծում են բարվոք պայմաններ ընտանիքից կտրված ու արտագնա աշխատանքի մեջ գտնվող մարդու համար: Փաստաթուղթ ստորագրելը չափազանց հեշտ է, իսկ դրա հետևանքներն ազդելու են վարկ, հարկ, ուսման վարձ վճարող անհատի, ինչպես նաև բիզնեսի վրա։
Անգամ ԵՄ-ի անդամակցության նախաձեռնության վերաբերյալ հայտարարություններից հետո է ՌԴ-ն կոշտ արձագանքել․ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել այդ երկրի հետ համագործակցությանը, և 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում։
Անվտանգային տեսակետից հարցին անդրադարձել է նաև ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ինչպես նաև մեջբերելով ՌԴ հայտարարությունները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին։
Մնում է հուսալ՝ որ Կառավարությունը արկածախնդրության չի գնա՝ ձևավորված շուկան փոխելով գաղափարի դիմաց, որի իրականացման համար մեկ աստիճան անգամ դրված չէ։ Սեփական քաղաքացու ապրելու և կենցաղային պայմանները հոգալու շահը սառը հաշվարկ է պահանջում, ոչ թե պահի թելադրանքի կամ սեփական ամբիցիաների հաշվարկով գործողություն։