Հետևեք մեզ։

Ինչպես են վերաբերվում ադրբեջանցիները Ստեփակերտում պարետ չնշանակված Սարգիս Գալստյանին

16:00, 16 հոկտեմբեր 2023
Ինչպես են վերաբերվում ադրբեջանցիները Ստեփակերտում պարետ չնշանակված Սարգիս Գալստյանին
 
Լրագրող  Թաթուլ Հակոբյանը օրեր առաջ մի գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, թե Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտի պարետ են նշանակել հայազգի Սարգիս Գալստյանին, որը եղել է Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենը։ Ըստ Թաթուլ Հակոբյանի՝ Գալստյանը իբրև թե ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձ է, ծառայում է Ադրբեջանի իշխանություններին և այլն։ «Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա: Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց»,- գրել էր Թաթուլ Հակոբյանը։

 

Երեկ հայտնի դարձավ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ ադրբեջանցի, ստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին՝ դրանով փաստացի հերքելով Թաթուլ Հակոբյանի տարածած տեղեկությունը։ Hayastan.news-ին Սարգիս Գալստյանի վերաբերյալ որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել։ Նախ նշենք, որ Գալստյանը Արցախում մնացել է կնոջ հետ, իսկ երեխաներն ու թոռներն այստեղ են՝ Հայաստանում, իսկ նրա հասցեին հրապարակումների համար դատական հայց են նախապատրաստում։



Սարգիս Գալստյանը նրանց հետ դժվարությամբ, բայց ժամանակ առ ժամանակ կարողանում է կապ հաստատել, ընտանիքն անհանգստացած է։  Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգիս Գալստյանին Արցախում ադրբեջանցիները այնպես չէ, թե լավ են վերաբերվում։ Միջադեպ (մանրամասները չենք հայտոնւմ) է եղել, որ մտել են նրա տուն և փորձել են ճնշել նրան, ասել է թե՝ ոչ յուրայինի պես են վերաբերվել, ինչի մասին էլ նա հայտնել է Երևանում գտնվող արցախցի պաշտոնյաներին։ 



Սարգիս Գալստյանի հորեղբոր տղան՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ կարող է հերքել այս տեղեկությունը, ոչ՝ հաստատել։ Նա, առհասարակ, չէր ցանկանում այս թեմայով խոսել, միայն հիշեցրեց, որ Թաթուլ Հակոբյանի հրապարակած ոչ ստույգ կամ կեղծ տեղեկությունների վերաբերյալ դատական հայց է պատրաստվում նրա դեմ զրպարտության համար։
 

Թաթուլ Հակոբյանն էլ այսօր պարզաբանել է, թե ինչու է նման գրառում արել․

«Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:



Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:


Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:


Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:


Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:


Ինձ ասացին նաև, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:


Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է։ Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել»։