Արցախի խորհրարանի նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը գրում է․
«Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ազգակործան հայտարարությանը հետնորդած գործընթացները նոր տողատակով շարունակվում են մեր օրերում։
Սրանց լուռ համաձայնությամբ և գործուն քայլեր չձեռնարկելու հետևանքով կատարվեց այն ինչ ունենք առ այս պահը։ Ցավալին այն է, որ արցախահայության հետ առընչված այժմ արդեն ներհայաստանյան զարգացումները ինչ-որ չափով շղարշված կամ քողարկված սցենարով են ընթանում։
Դեռ Արցախից էր երևում և այժմ արդեն ավելի տեսանելի է, որ ՀՀ գործող իշխանությունը Արայիկ Հարությունյանի հեռացմամբ ինքն էլ միանգամից «հեռացավ» Արցախից ու առ այս պահը լայաղ չի անում, չի ցանկանում հարաբերվել Արցախի իշխանությունների հետ։ Դեռ ավելին, իշխանական ամբողջ քարոզչամեքենան, այդ թվում իրենց ծառայող լրատվամիջոցները, ֆեյք էջերը ծավալուն հակաարցախյան արշավ են ձեռնարկել և ինչպես միշտ, ինչպես 44֊օրյա պատերազմի հետտարիները, այնպես էլ հիմա` պարտությունների, ձախողումների ողջ մեղքը բարդում են ուրիշների, բայց ոչ իրենց վրա։
Հիմա էլ, ինչի ասես, ում ասես` դիմում են, փնտրում գտնում, թիրախավորում են անհատների, ովքեր արցախահայության գլխին սարքած ամբողջ մեղքի բաժինը ուղղում են` մեկ Արցախի ՊԲ֊ի և աշխարհազորայինների, մեկ` ժողովրդի իմքնապաշտպանության ոչ լիարժեք կազմակերպվածության, մեկ Արցախի իշխող նախկին և նոր ղեկավարների վրա։
Թերևս, ամենաշատ մեղադրանքներ հնչում են նոր կազմավորված իշխանությունների հասցեին, որոնց, ըստ ցուցմունք տվող արցախցի որոշ գիտունների, վրա պետք է դնել Արցախի հայաթափման ողջ պատասխանատվությունը։
Եկեք ծուռ նստենք, բայց ճիշտ դատենք.
աշխարհաքաղաքական նման զարգացումների պայմաններում, երբ, փաստորեն, Արցախի հարցի լուծման այս տարբերակին համաձայնվողական վերաբերմունք են ցուցաբերել աշխարի հզորները, երբ հարցը օրակարգ է բերվել արևմտյան մի շարք երկրների մայրաքաղաքներում և ՀՀ իշխանությունները հարցի միակ լուծումը տեսել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, երբ տարածաշրջանում սկսել է նոր թափով զարգանալ ռուս֊թուրքական հարաբերությունները, որ արցախցին կարող էր ընդիմանալ այս մեծ խաղերին։
Ուզում եք իմանալ ավելին` Հայաստանը ընդհանրապես դերակատար չէ այս և սպասվող խաղերին, տարածաշրջանային այն գործընթացներին, որ կատարվում են այս պահին կամ պետք է տեղի ունենան հետագայում։
Միամիտ մի եղեք, սիրելի հայեր, միմյանց ոտի տակ մի քանդեք, սիրելի արցախահայեր։Արցախում այդ պահին չկար մի ուժ, որ կարողանար փրկիչի դեր խաղալ։ Ամեն ինչի հիմքում իշխանախաղեր են ընթացել և այժմ էլ ընթանում են։
ՀՀ իշխանությունները, Ադրբեջանի հետ ձեռք֊ձեռքի տված, մինչև վերջ չեն ջարդել ու փշրել Արցախի պետական կառուցները և ամեն ինչ անում են վերջնականապես այն թաղել արցախցիներիս ձեռքով։ Որի համար էլ նրանց փափուկ ձեռքով բեմահարթակ են բարձրանում Սամվել Բաբայանի, Հայկ Խանումյանի, վաղը մեկ ուրիշի նման անհատականություններ։
Արցախցիներս մեր ցանկությամբ, մեր կամեցողությամբ ընտրել և ձևավորել ենք լիգիտիմությամբ օժտված մի մարմին` Արցախի հանրապետության Ազգային ժողով, որն իր հերթին հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրությունը ձևավորել է իշխանական մյուս թևերը։ Այս պահին այն Արցախից բռնի տեղահանվածների միակ և լիգիտիմ իշխանությունն է։
Վստահենք վտարանդիի կարգավիճակում հայտնված Արցախի իշխանությանը` հավատով, որ նա Արցախի սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ կշարունակի իրականացնել արցախահայության կամքն ու ցանկությունները»։