Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Գուրգեն Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին՝ տարիների ընթացքում Արցախին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:
Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նա ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը՝ խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:
Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։