ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն
մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-
ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով նրան սպանելու դիտավորությամբ, 2022թ ապրիլի
4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի
մոտակայքում հանդիպել է վերջինիս։
Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի
ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող չգործող մարզադաշտի հարակից
հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ
պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ
հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների
բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի
վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:
Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12.466.000
ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից
դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի
մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակչին վերջնական մեղադրանք
է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա
նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ
էության քննության առնելու։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: