Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել․ նա բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարաեց Փաշինյանը։
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագիր չի լինելու»-ն բառացի մեջբերում է, իսկ դա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ և ձեռ բերված պայմանավորվածությունների ոտնահարում դժվար է անվանել։ Փաշինյանը նշեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, 1991-ի Ալմաթիի հռչակագիրը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման պայմանավորվածությունը և ասաց, որ պայմանավորվածություն կա զերծ մնալ ուժի կիրառումից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։
«Այս ամենից հետո Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պամանավորվածությունների իրագործման համար բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։