ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին և ընթացող գործընթացներին հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն ունի այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները: Նրա խոսքով թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկել են, որ ընդդիմությունը ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, սակայն որևէ պատասխան դեռևս չի արձանագրվել, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: «Մի դիտարկում ունեմ. տեղեկատվություն կրելը նաև պատասխանատվություն է ենթադրում: Սա գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է այս հարցում նաեւ ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:
Խաղաղության պայմանագրի առկայության պայմաններում անգամ հնարավոր նոր էսկալացիայի մասին լրագրողի հարցի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ փաստաթղթերում դեռեւս տեղ են գտնում ՀՀ-ի համար անընդունելի կետեր: «Մենք միջազգային բոլոր գործընկերների հետ արդյունավետ եւ ինտենսիվ աշխատում ենք: Շնորհակալ ենք այն գործընկերներին, որոնք փորձում են միջնորդել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Մենք այս ճանապարհով շարժվելու ենք առաջ՝ ելնելով ՀՀ պետական շահերից»,- նշել է պատգամավորը: Նա փաստել է, որ Հայաստանի համար եւս կարեւոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունը:
Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում փակուղային իրավիճակ է հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը չի ժխտել, որ տարածաշրջանը բարդ իրավիճակում է: «Կան դժվարություններ, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մոտեցումները՝ նաեւ ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Բարդ ճանապարհով ենք գնում, բայց չեմ ուզում որակել, որ հիմա փակուղային իրավիճակում ենք: Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, բայց մենք, մեծացնելով միջազգային ճնշումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պետք է դիվանագիտական խողովակների միջոցով փորձենք առաջ շարժվել»,- արձանագրել է խմբակցության քարտուղարը:
Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ երկկողմ գործընթաց է ընթանում, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց առաջարկները: Նրա խոսքով բանակցությունների ամբողջ գործընթացը միտված է մոտեցումների մոտարկմանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ կոմունիկացնում է իր առաջարկները: «Մեր ակնկալիքն է միջազգային գործընկերներից, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով կառուցողական հուն բերել մեր ապակառուցողական հարեւանին»,- փաստել է նա:
ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով էլ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Նրա գնահատմամբ մինչեւ քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել դրան համարժեք գործողություն: «Դրա համար էլ ԱԳ նախարարությունը եւ այլ գերատեսչություններ շարունակում են աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը: