Հետևեք մեզ։

Ես դեռ 2010-11-ին կառավարության նիստում եմ ասել, որ կուսակցությունները մի դարձրեք աշխատանքի բորսաներ․ Մանվել Բադալյանը՝ ՄՊՀ անդամի ընդդիմության թեկնածու

15:32, 21 հոկտեմբեր 2023
Ես դեռ 2010-11-ին կառավարության նիստում եմ ասել, որ կուսակցությունները մի դարձրեք աշխատանքի բորսաներ․ Մանվել Բադալյանը՝ ՄՊՀ անդամի ընդդիմության թեկնածու

Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում խորհրդարանը նորից քննարկելու է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որը նախորդ անգամ տապալվել էր, քանի որ ՔՊ-ն մերժել էր ընդդիմության ներկայացրած թեկնածուին՝  Անահիտ Սարգսյանին, քանի որ վերջինս աչքի է ընկել իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով և իշխանության հասցեին կատարած քննադատական գրառումներով։ Այս անգամ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:

Վերջինս Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են իրեն առաջադրել որպես ՄՊՀ անդամի թեկնածու։

 

«Ինձ առաջարկել են, ես համաձայնել եմ, այս պահին այդքանը կարող եմ ասել»,-ասաց պարոն Բադալյանը։

 

-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր համաձայնությունը այդ առաջարկին։

 

-Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել, ուղղակի աշխատել, մի բանով օգտակար լինել, մի բանով զբաղվել, մի բանով մասնակցություն ունենալ ինչ-որ հարցերի։

 

-Բայց Դուք ընդդիմադիր խմբակցությունների կողմից եք ներկայացվելու, և կարծում եմ՝ տեղյակ եք, թե նախորդ թեկնածուի պարագայում ինչ տեղի ունեցավ, ուստի հույս ունե՞ք, որ այս անգամ իշխանությւոնը Ձեր օգտին կքվեարկի։

 

-Դե, ոնց կորոշեն, ի՞նչ ասեմ։ Եթե կքվեարկեն՝ լավ, եթե չեն քվեարկի՝ էլի լավ։

 

-Դուք գիտեք, որ եթե ընտրվեք, ընտրվելու եք ՔՊ-ի ձայներով նաև, սա քաղաքական առումով Ձեզ համար ընդունելի՞ կլինի։

 

-Դե, այդ առաջարկին համաձայնությանս հիմնական պատճառն այն է, որ ՄՊՀ-ն ապաքաղաքական մարմին է և դրա անդամն էլ ապաքաղաքական պաշտոն է, և ինչպես ամեն քաղաքացի կարող է ունենալ իր քաղաքական տեսակետը, դիրքորոշումն ու հայացքները, այնպես էլ ես, բայց ես հաշվի եմ առել, որ դա ապաքաղաքական, ապակուսակցական, ինքնավար մարմին է, ես՝ ինքս էլ, իմ նախկին գործունեությամբ փորձել եմ, որ գոնե ապաքաղաքական, ապակուսակցական պաշտոններն իրոք այդպիսին լինեն։

 

-Որքա՞ն ժամանակ է, որ Դուք թողել եք Քաղծառայության խորհրդի նախագահի պաշտոնը։

 

-Արդեն հինգ տարի է՝ 2018 թվականի հուլիսից։

 

-Այն ժամանակ Ձեզ առաջարկ չի՞ արվել, որ շարունակեք պաշտոնավարել կամ այլ աշխատանքի անցնեք։

 

-Այն ժամանակ ինձ առաջարկ արվեց, թե որտեղ եմ ես ինձ տեսնում ես այն ժամանակ ոչ մի տեղ ինձ չէի տեսնում, անկեղծ ասած,  ուզում էի հանգստանալ մի քիչ։ Բայց, եթե հիշում եք, Քաղծառայության խորհուրդը դեռ նախորդ իշխանության ժամանակ՝ 2018 թվականի մարտին ընդունված օրենքով պետք է լուծարվեր և վերակազմակերպվեր, ու Քաղծառայության խորհրդի փոխարեն, իմ այդ նշած օրենքով, պետք է գործեր վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության գրասենյակ (հուլիսից ուժի մեջ մտավ այդ դրույթը), որը հիմա կա։ Այսինքն՝ լրիվ տարբեր մարմիններ էին, տարբեր բովանդակությամբ և տարբեր ֆունկցիաներով։ Ես էլ 16 տարի աշխատել էի՝ ստեղծման օրվանից, և ինձ համար, անկեղծ ասած, այդքան երկար ժամանակ նույն տեղում մնալն էլ այդքան արդյունավետ չէր։

 

-Եթե հիմա, հաշվի առնելով Ձեր 16 տարվա փորձառությունը, առաջարկվեր զբաղեցնել արդեն նոր ստեղծված վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնը, կհամաձայնեի՞ք։

 

-Չէ, ես այդքան երկար ժամանակ այդ ոլորտում աշխատել եմ, փոփոխություն է պետք նաև։

 

-Դուք նախկինում մասնակցում էիք միտինգներին, սուր գնահատականներ էիք հնչեցնում իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի հասցեին, չե՞ք կարծում, որ այդ ամենը այսօր կարող է շահարկվել ՔՊ-ի կողմից, ինչպես շահարկվեց նախորդ թեկնածուի պարագայում։

 

-Անկեղծ ասած՝ իմ կյանքի գերխնդիրը չէ դա, որոշողները թող որոշեն, բայց այդ առումով ես ավելի շատ իրոք կարևորում եմ այն, որ մարմինը ապաքաղաքական, ապակուսակցական մարմին է, ես նախկինում էլ այդ տիպի մարմնում աշխատել եմ ու դրա ղեկավարն եմ եղել, և մեր մարմնում էլ նախկինում ես այդ կուսակցականությունը իրոք մաքսիմալ չեզոքացրել եմ՝ որքան հնարավոր է։ Այնուամենայնիվ, ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որ դեռ կառավարության նիստում եմ հնչեցրել (2010-11 թվականը կլիներ), որ կուսակցությունները մի դարձրեք աշխատանքի բորսաներ։ Ու դա այդպես հեշտ ասվող բան չէր, էլի, որ այդ պահին գործող պաշտոնյան իշխող կուսակցությանը այդպիսի բան ասի, այն էլ՝ կառավարության նիստում։ Ես շատ եմ կարևոր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական զսպվածությունը։

 

-Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեր այդ հայտարարությւոնը նախորդ իշխանությունները;

 

-Դե, դուր չեկավ, բնականաբար, բայց ես ասել եմ այն, ինչ բխում է և՛ իմ համոզմունքից, և՛ բխում է պետության, պետականաշինության շահերից։ Այո, մեր երկրի դժբախտություններից մեկն էլ դա է, որ նորմալ քաղաքական համակարգ երբևէ չձևավորվեց, կոնյուկտուրային տուրք տրվեց անարդար, և, բնականաբար, մեր այսօրվա վիճակը նաև նման բաների հետևանք է։ Երբեք չեմ թաքցրել այդ գնահատականս, նաև իմ պաշտոնավարման ժամանակ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ