Հետևեք մեզ։

Ճշմարտությունն՝ ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը կա, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը

11:17, 23 հոկտեմբեր 2023
Ճշմարտությունն՝ ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը կա, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը

Հայաստանի քաղաքական դաշտի ամենաօբյեկտիվ ճշմարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ ժողովուրդն ընդունելի այլընտրանք չունի, իսկ ավելի շատ՝ որովհետև այդ այլընտրանքը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը։ Այս ճշմարտությունն ընդունելի չէ միայն Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի նեղ շրջապատի, քաղաքական համախոհների ու նրանց իշխանության օրոք ցանկալի կարգավիճակներ ունեցածների կամ ունեցողների համար։ Դժվար թե, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը կամ նման մեկն ընդունի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել է «պլենդուզից» էլ ցածր մակարդակի ու նա շարունակում է վարչապետ լինել, քանի որ հակաիշխանական պայքարն ասոցացվում է ամենաշատը Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալու հետ։ Նույն կերպ՝ Ռոբերտ Քոչարյանը կամ ժամանակին նախարարի 200 հազար դրամ աշխատավարձով անհասկանալիորեն միլիոնատեր դարձած, իսկ այժմ նրա հետ պայքարը կիսող «գաղափարակիցներն» էլ, բնականաբար, չեն ընդունի, որ ընդամենը խանգարում են Հայաստանում իշխանությունը փոխվելուն և կպնդեն, որ միակ փրկությունն իրենք են։

Այս ճշմարտությունը, սակայն, կախված չէ ո՛չ քոչարյանականների և ո՛չ էլ քպականների ցանկությունից։ Այն, կրկնեմ, օբյեկտիվ, բացարձակ օբյեկտիվ ճշմարտություն է, որը ձևակերպել ենք ոչ թե մենք, այլ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այն սովորական քաղաքացին, ով անկախ Հայաստանի գոյության 30 տարիներին զուր վատնել է իր հավատն ու հույսը և ամեն անգամ նստել կոտրված տաշտակի առաջ ու այժմ մամուլի հրապարակումների տակ գրված մեկնաբանություններում հայհոյում է բոլորին՝ և՛ հներին, և՛ ներկաներին։ Ասեմ ավելին, այս ճշմարտությունն են հաստատում նաև նրանք, ովքեր միայն այն պատճառով, որ այժմ «ասֆալտ ունեն», պատրաստ են ատամներով պահել Նիկոլ Փաշինյանին, քանի որ չեն ցանկանում լսել հների մասին։ Այս ճշմարտության ապացույցն էին նաև օրեր առաջ իրականացված ակցիայի ժամանակ արցախցիների արած հայտարարությունները, պնդումներն ու տված պարզաբանումները։ Իսկ այդ ճշմարտությունն այն մասին է, որ յուրաքանչյուրին պետք է մեղադրել իր չափով, և քաղաքական համակրանքների պատճառով չի կարելի սրբացնել մեկին ու ամեն ինչ գցել մյուսի վրա։

Ճշմարտությունը հնչեց ուղիղ՝ Նիկոլ Փաշինյանը կլինի, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը։

Այս համոզմունքը գնահատելիս փորձենք նայել իրադարձություններին հենց այն տրամաբանությամբ, որով Ռոբերտ Քոչարյանի համակիրներն ու բարեկամները պնդում են, օրինակ, որ նախկինում նրան, իսկ հիմա նրա որդուն կալանավորեցին, որ Արցախը հանձնեն, իմա՝ իրենք էին խանգարում, որ Արցախը հանձնեն և իրենց կալանավորեցին՝ այդ հրեշավոր գործն ավարտելու համար։

Չգիտեմ էլ, սրան որևէ մեկը, բացի իրենցից հավատում են, թե ոչ, բայց ես ու վստահ եմ՝ նաև արցախցին, չենք հավատում, որ թանկարժեք հագուստով, «ախրանայի» ուղեկցությամբ, նախկին նախարարների ու պատգամավորների որդիների ու օգնականների միջոցով փողոց փակելով Արցախը կփրկվի։ Մենք շատ ենք վստահ, որ չնչին աշխատավարձով միլիոնատեր դարձած լինելն ու Արցախի փրկությունն սկզբունքորեն բացառում են միմյանց, մենք վստահ ենք, որ Արցախի փրկությունը այլ բաների թվում՝ նաև անհայտ կամ հայտնի ճանապարհով ոմանց գրպանները լցված գումարներով զենք գնելու մեջ էր և ոչ թե գրպանում միլիոնների պակասությունից ու նվազած ազդեցությունից տխրած ոմանց իշխանության վերադարձի։

Բայց էականը դա չէ, էականն, իսկապես, քաղաքական կյանքում սահուն կերպով ընթացած որոշ իրադարձություններն են, որոնք ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ ու ագրեսիվ կերպով քաղաքականություն վերադառնալուց հետո դժվարությամբ, բայց ի վերջո, հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին չընդունող ժողովուրդն այդուհանդերձ լավ հիշողություն ունի և իրեն՝ որպես այլընտրանք, չի տեսնում։ Դրան հաջորդած քաղաքական ակցիաների ժամանակ արդեն հենց ժողովուրդը ձևակերպեց, որ հավաքներին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, շատերին հեռու է պահում դրանցից։ Սա հնչում էր և՛ ուղիղ, և՛ տեսանելի էր հանրային կարծիքի արտահայտման բոլոր հարթակներից։

Ու հիմա ժամանակն է պատասխանել հարցին, թե ուրեմն ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդդիմության գործունեությունը շարունակում կապվել հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հետ, ինչո՞ւ է նա, միևնույն է՝ ներկա գտնվում քաղաքական ակցիաներին, երբ նույնիսկ խուսափում է լրագրողներից, երբ որևէ մեկին որևէ ասելիք չունի ու իր ներկայությամբ ընդամենը հիշեցնում է բոլորին, որ դա նաև իր կազմակերպած ակցիան է։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է ընդդիմադիր դաշտն իրենով անում, իր հետ կապում մեկն, ով հաստատ հասկացել է, որ խանգարում է, որ ժողովուրդը վստահի ընդդիմադիր դաշտին ընդհանրապես։

Հարցի պատասխանը հենց արցախցու հնչեցրած ճշմարտությունն է՝ Նիկոլ Փաշինյանը կա, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը ու այդ ճշմարտությունն ակնհայտ է նաև իշխանության ու ընդդիմության հարցուպատասխանից, փոխադարձ մեղադրանքներից։ Ուշադիր եղեք, թե ինչում են միմյանց մեղադրում իշխանությունն ու քոչարյանական ընդդիմությունը, ավելի մանրամասն վերլուծեք, թե ինչքան ճիշտ են Փաշինյանին քննադատում քոչարյանական ընդդիմադիրները, ապա տեսեք, թե ինչպես է նրանց հակադարձում Փաշինյանն ու ինչպես են նրանք ընդամենը լռում՝ հիշեցնելով հայտնի անեկդոտը՝ «լռեք, երկուսդ էլ ճիշտ եք»։

Հա, ի դեպ լռելու մասին։ Դեռ մի օր հաստատ ավելի պարզ կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ էր այդքան լուռ Նիկոլ Փաշինյանը, երբ այդ պահին արդեն իրեն հավատարիմ դատավորներով համալրված Սահմանադրական դատարանը մի հարվածով վերջ տվեց Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին։ Ինչպե՞ս ստացվեց, որ մինչ այդ պահը ու նաև դրանից հետո դատարանների ամեն անցանկալի որոշումից հետո աղմկող, շրջափակող, լայվերում ու հրապարակներում գոռգոռացող Նիկոլ Փաշինյանն այդքան լուռ էր, երբ արդեն իրեն պատկանող Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին բոլորի համար անսպասելի ազատեց սպասվող պատասխանատվությունից, ինչպե՞ս ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը դրա հետ համերաշխ էր այնքան, որ հետո էլ քարոզարշավների ու ելույթների ժամանակ մուրճ ու մատ թափ տալիս խոսում է ամեն ինչից, իսկ դրանից՝ ոչ։

Իսկ ինչպե՞ս բացատրել, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանինը եղած Վճռաբեկ դատարանն արդեն տարիներով չի քննում ու Ռոբերտ Քոչարյանի գլխին կախված է պահում դեռ Արթուր Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը․․․



Բեթղեհեմ Արաբյան