Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյա՛ն, Ժաննա Անդրեասյանը ճիշտ է

13:54, 23 հոկտեմբեր 2023
Տիգրան Ավինյա՛ն, Ժաննա Անդրեասյանը ճիշտ է

Երևանի ավագանու ընտրություններից առաջ, երբ նախընտրական քարոզարշավը դեռ սկսված չէր, բայց ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ամեն քայլը քարոզչություն էր, իսկ իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցներն ակտիվորեն լծված էին հավանական հակառակորդների հակաքարոզչությանը, տեղեկություններ տարածեցին, որ «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի որդիները սովորում են Ավստրալիայում։

ՔՊ-ականներն, օգտագործելով իրենց բոլոր մեդիառեսուրսները, այդ տեղեկությունը տարածում էին ակնհայտ բացասական երանգներով, ցածրության աստիճանի վերլուծություններով թիրախավորում քաղաքական հակառակորդին։ Ու ինչպես բնորոշ է հատկապես ՔՊ-ականներին, նրանք այդ ամենը կազմակերպում ու անում էին՝ չլսելով որևէ հերքում կամ պարզաբանում, որովհետև նպատակը այդ տեղեկության ու դրա բացասական հետևանքների զոմբիական տարածումն էր ընդամենը։

Եվ ահա, ինչպես միշտ է կյանքում, բումերանգը չուշացավ։ Օրերս տեղեկություն տարածվեց, որ արտասահմանյան բուհում է սովորում նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աղջիկը։ Ուշագրավ է, իհարկե, որ կրթության նախարարի երեխան չի կրթվում Հայաստանի բուհերում ու ընտրել է արտասահմանյան բուհը և բնական է, որ այդ մասին հարցեր Ժաննա Անդրեասյանին պետք է տրվեին։ Ի դեպ, Փաշինյանի դուստրն էլ դեռ դպրոցից է տեղափոխվել Գերմանիա։

Բայց պետք է համաձայնել Ժաննա Անդրեասյանի պատասխանի հետ ու փաստել, որ դա յուրաքանչյուրի ընտրությունն է, ու որևէ մեկը չի կարող մտնել այն տարածք, որտեղ գտնվում է նրա մասնավոր կյանքի հարցերը։ Եվ այո, Կրթության նախարարի զավակը ևս բոլորի պես կարող է ազատ որոշել իր ճակատագրի բոլոր հարցերը, այդ թվում՝ կրթությունը, բուհը, երկիրը, որտեղ պետք է սովորի, կրթության մակարդակը, որին նա ձգտում է և որևէ մեկը չի կարող դա վիճարկել, առավել ևս դրանով կասկածի տակ դնել նրա կամ մեկ ուրիշի հայրենասիրությունը։ Որևէ մեկի զավակը չպետք է իր ծնողի զբաղեցրած պաշտոնի պատճառով անհավասար վիճակում հայտնվի ուրիշների համեմատությամբ։ Սրան հավելենք նաև, որ ում ում, բայց Ժաննա Անդրեասյանին ևս ասելու շատ քիչ բան կա քաղաքական առումով։ Նա քչերից է, ով համարձակություն է ունեցել հենց ՔՊ-ականների լկտիությունների մասին խոսել այն դեպքում, երբ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը այդպիսի հարցեր լսելիս տերևի պես դողում է։

Բայց, դրվագային այս պատմությունները նորից հուշում են, որ փաշինյանական իշխանության գոյության հիմքում կեղծիքը, բանսարկությունն ու մանիպուլիացիան են, անազնվությունը հանուն գոյության, ստոր անվանարկումը հանուն նոր պաշտոնի, ու այն, որ նրանք քաղաքականությունն իսկապես վերածել են անբարո զբաղմունքի։ ՔՊ-ականներից շատերի զավակներն ու հարազատներն են սովորում արտերկրում, ավելին, իշխանության բարձունքներում ծվարած շատերի ընտանքիների անդամներն են հարստացել ու զարգացել այնքան, որ որպես իրենց ապրելու երկիր տեսնում են ճոխություններով հատնի երկրներն կամ մայրցամաքները։ Բայց դա նրանց, հենց անձամբ նրանց ում հարազատները սովորում են արտերկրում, չի խանգարում «պատեհ» պահին նույն բանը քաղաքական հակառակորդի մասին մեկնաբանել ու տարածել այնպիսի երանգներով, որով կարող են իբր ազդել նրա հեղինակության վրա։

Կեղծ ու ստոր անվանարկումը Փաշինյանի թիմակիցների ոչ միայն ոճն է, այլ նաև միակ միջոցը զարգացման հստակ ծրագրերով հանդես եկող քաղաքական հակառակորդների դեմ, մանավանդ, երբ իրենք քարոզարշավի ժամանակ անլրջություններից այն կողմ ասելիք չունեն։

Վերլուծական