Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակին չէ, որով կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ, և այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛ «սոֆթ վեթթինգի» մեթոդոլոգիան մենք կիրառում ենք միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, մարդու խախտված իրավունք կամ կոնկրետ դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում, և դրա հիման վրա ենք մենք առաջ տանում մեր գործերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ ընտրողական մոտեցմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմային։ Ըստ Մինասյանի՝ 90 տոկոս դեպքերում, եթե դատավորը «առաջին գիծ» դուրս չի գալիս և քաղաքական կամ ոչ քաղաքական հայտարարություններ չի անում, իրենք չեն էլ իմանում՝ այդ դատավորն ինչ դիրքորոշում ունի։ «Եվ այստեղ ես կարծում եմ, որ ընկալումը սուբյեկտիվ է, և, բնականաբար, եթե դատավորի նկատմամբ պատասխանատվություն է կիրառվում, այդ մարդը չի կարող դժգոհ լինել այդ որոշումներից, և պետք է այդ ընկալումն ունենալ, որ կարող են լինել նաև դժգոհ մարդիկ»,-ասաց Գրիգոր Մինասյանը։
Hayastan.news-ի դիտարկմանը, թե շատ են դժգոհում նրանից, որ դատական համակարգը գերծանրաբեռնված է, դատարաններում նիստերի քարտուղարների և օգնականների խնդիր կա, գործերի բաշխվածությունն էլ այնպիսին է, որ դատավորները չեն հասցնում ժամանակին քննել, բացի այդ, նաև շենքային պայմաններն են անբավարար։ Մինասյանն ասաց, որ դա այն եզակի մտահոգություններից է, որոնք արդարացված են, որ դատական համակարգը, այո, գերծանրաբեռնված է, և գործադիրը, ըստ նախարարի, իր լիազորուոթյունների շրջանակներում բոլոր ուղղություններով դրան միտված ֆունկցիա է իրականացնում։ «Ամեն կերպով աշխատավարձ ենք բարձրացնում, երկրորդը՝ նոր դատարանների ստեղծում, որը հենց հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն էր անցած տարի, որը հենց մեծ բեռ է վերցնում իր վրա ապօրինի գույքի և հենց կոռուիպցիոն գործերով վերցնում է իր վրա։ Մյուսը առանձնացրել ենք քրեական և քաղաքացիական դատարանները, որը ևս միտված է նրան, որ այնտեղ էլ ենք նոր դատավորներ ներգրավելու։ Մյուսը՝ նոր ընթացակարգեր են սահմանվել, մոր շատ ավելի բարդ տեքստերով պրոֆեսիոնալ կադրերին առանց ամիսներով դաս սովորելու այդ ընթացակարգը բաց թողնելով՝ կարողանում են ներգրավել»,-ասաց Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ ինքը մտադիր է առաջիկայում ամեն գնով գործադիրի քննարկմանը ներկայացնել առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը։