ՀՀ կառավարության նիստերի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների հարցն էր։
Ըստ առաջարկվող նախագծի՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից կհանվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները:
Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախագծում ասվում է, որ գործող օրենքով նախատեսված պատվավոր կոչումների՝ ներկայումս սահմանված շրջանակով և չափանիշներով շնորհումն առանձին անձանց ներկայումս բացասական ազդեցություն է ունենում ինչպես առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ձևավորման, արժանիքահեն առաջընթացի, այնպես էլ մասնագիտական տիրույթներում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործող կարգավորումների պայմաններում առանձին անձանց պատվավոր կոչումների շնորհման առնչությամբ մասնագիտական հանրույթներում կոնսենսուսի ապահովման գործիքակազմ առկա չէ: Պատվավոր կոչումների մեծամասնությունը ՀՀ օրենսդրությամբ դրանց նախատեսման համար սահմանված նպատակներին չի ծառայում և օբյեկտիվորեն չի կարող ծառայել, քանի որ հնարավոր չէ նախատեսել «ժողովրդական» և «վաստակավոր» պատվավոր կոչման՝ օբյեկտիվ իրականության մեջ չափելիության, ինչպես նաև մի շարք այլ կոչումների շնորհման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր:
Ի տարբերություն անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումների, կոլեկտիվներին շնորհվող Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ կոչման շնորհումը դեռևս արդիական է և անհրաժեշտ:
Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:
«Ժողովրդական» և «վաստակավոր» կոչումները չափելի չեն․ այլևս չեն լինի վաստակավոր արտիստներ, բժիշկներ, լրագրողներ, իրավաբաններ և այլ մասնագետներ․ Կառավարությունն ընդունեց նախագիծը
11:26, 26 հոկտեմբեր 2023