Հետևեք մեզ։

Որպես մասնագետ՝ նա եղել է լավագույններից, ես նույնիսկ իր հետ ձեռնարկ եմ հրատարակել․ Գագիկ Հարությունյանը՝ Անահիտ Մանասյանի մասին

18:12, 23 մարտ 2023
Որպես մասնագետ՝ նա եղել է լավագույններից, ես նույնիսկ իր հետ ձեռնարկ եմ հրատարակել․ Գագիկ Հարությունյանը՝ Անահիտ Մանասյանի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն Անահիտ Մանասյանն է, որն այս պահին զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Մանասյանը մինչ դատախազի տեղակալ նշանակվելը տևական ժամանակ աշխատել է Սահմանադրական դատարանում, 2019-2018 թթ․ եղել է Սահմանադրական դատարանի նախագահի օգնական, ապա նաև խորհրդական։ Այդ տարիներին ՍԴ նախագահը, հիշեցնենք, Գագիկ Հարությունյանն էր։

 

Hayastan.news-ը հետաքրքրվեց ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից, թե ի՞նչ կարող է  ասել իր նախկին խորհրդականի մասին, և ինչպե՞ս է գնահատում Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու վերաբերյալ իշխող կուսակցության որոշումը։

 

Հարությունյանը նախ նկատեց, որ իրավական առումով խնդիր չկա, որ դատախազի տեղակալին առաջադրում են ՄԻՊ թեկնածու՝ մի պաշտոնից դուրս կգա, որ մյուսում նշանակվի, ապա անցավ Մանասյանի մասնագիտական որակներին։

 

«Որպես մասնագետ՝ նա եղել է լավագույններից, ես նույնիսկ իր հետ ձեռնարկ եմ հրատարակել, ուսանող ժամանակներից եմ ճանաչում և վստահ եմ՝ ինքն այդ պաշտոնում կդրսևորի իր բոլոր որակները, ինչպես, օրինակ, Արման Թաթոյանը, որը նույնպես եղել է իմ խորհրդականը, Անահիտն էլ՝ իմ օգնականը, խորհրդականը, այսինքն՝ այն կադրերից են, որոնց ես վստահում եմ»,-ասաց Գագիկ Հարությունյանը։

 

-Թաթոյանից, այսինքն, գո՞հ եք եղել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան։

 

-Թաթոյանից ես գոհ եմ եղել ընդհանրապես իր բոլոր որակներով՝ մարդկային, մասնագիտական և այլն, և Անահիտը չեմ կարծում, որ ավելի վատը կլինի։

 

-Զուտ ինստիտուցիոնալ առումով ճի՞շտ է դատախազի տեղակալին ՄԻՊ թեկնածու առաջադրելը․ նա այս պահին ուժային կառույցում է, մեղադրող կողմ է, ու վաղը գնալու է քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, որոնք հաճախ ոտնահարվում են հենց իրավապահ մարմինների, այդ թվում՝ դատախազության կողմից։

 

-Բոլոր դեպքերում ինքը այնտեղ զբաղվում է հիմնականում արտաքին հարաբերությունների հարցերով, և ինքը որևէ ձևով, եթե ազատվում է այդ աշխատանքից և անցնում է նոր աշխատանքի, և այդ նոր աշխատանքում իր մասնագիտական որակները համապատասխանում են, որևէ իրավական խնդիր չի առաջանա։ Այստեղ կարևոր է, որ ինքը կարողանա իրեն լիարժեք դրսևորել որպես Պաշտպան։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ