Հետևեք մեզ։

Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարին

20:35, 27 հոկտեմբեր 2023
Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարին

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյին։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն եւ Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության եւ հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Նորին Սրբությունը, ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հայոց Հայրապետը նշել է, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական կապերի եւ փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարեւոր նկատելով միջազգային հանրության հստակ ու հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։

Հայոց Հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը եւ շնորհակալությունն է հայտնել Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն եւ այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության եւ զորակցության համար։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաեւ գերիների վերադարձման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Իր հերթին նախարար Պետեր Սիյարտոն արժեւորել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական կապերի վերականգնման գործում։

Նախարարն ընդգծել է, որ հայ եւ հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը կարեւոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։

Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարն ընդգծել է նաեւ, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ հետեւողական քայլեր ձեռնարկել Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։