Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը չկա

10:56, 31 հոկտեմբեր 2023
Աննա Վարդապետյանը չկա
Երեկվա լուրն այն մասին, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատախազություն ու գլխավոր դատախազ ունի։ Հիշեցրեց, քանի որ լուրը զարմանքով կարդացի միայն այն պատճառով, որ ոչ վաղ անցյալում՝ ամիսներ առաջ, գլխավոր դատախազի հաստիքն ամեն օր ավելի դատարկողն այդպես էլ չէր լսում մեծանուն գործիչների կողմից իրեն ուղղված կոչերն ու խնդրանքները՝ գոնե չազատազրկել աշխարհահռչակ դիրիժորին, իսկ նրա ոտքերի տակ տապալված մի դատախազ օրնիբուն հիմնավորումներ էր պատմում, որ եթե Սերգեյ Սմբատյանին չկալանավորեն, աշխարհը շուռ կգա։  Իսկ այսօր ահա Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել են, ինչը նշանակում է, որ Սերգեյ Սմբատյանին կալանավորել էին ապօրինաբար ու հենց իրենք  ընդունել են, որ նրան ապօրինաբար էին կալանավորել։
 
 
Հետո հիշեցի նաև, որ Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, դրանց ընթացքում էլի ու էլի մարդկանց կալանավորումների ժամանակ էլ, այդպես էլ առիթ չենք ունեցել «հիանալու» գլխավոր դատախազի՝ արհեստական ու հատուկ հարմարեցված դիրքերում արված լուսանկարներով այն դեպքում, երբ նա հանուն դրանց ամիսներ առաջ թանգարաններում իրեղեն ապացույցներ էր ցուցադրում։ Քիչ էր մնում անհանգստանայի Աննա Վարդապետյանի համար, երբ հիշեցի, որ նա դեռ հավանաբար չի հասցրել գույքագրել քննչական մյուս կառույցների «պադվալների» իրեղեն ապացույցներն ու միգուցե այս օրերին դրանով է զբաղված և ավարտելուն պես կզբաղվի օրինակ՝ վերջերս սկսված վարույթով ու կպարզի, թե ով է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ արցախահայերի ցեղասպանություն է արել ու նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցի։
 
 
Եթե որևէ մեկը կարողանում է այս տողերը հեգնանք համարել, ապա պետք է հիասթափեցնեմ։ Փաստերի՝ սարկազմ թվացող այս ամբողջությունն իրականությունն է և այդ փաստերի միակ պատասխանատուն հենց Աննա Վարդապետյանն է, ով զբաղված է բացառապես դիվիդենտներ ապահովող ականջահաճո լուրեր հրապարակելով, ով յուրաքանչյուր օր ավելի ու ավելի բացակա է դարձնում դատախազությունը իրավական գործընթացներից, ով ամեն օր ավելի շատ է հրաժարվում օրինականություն ապահովելու իր պարտականությունից ու թույլ տալիս, որ Հայաստանում բոլորին կալանավորեն, բոլորին ազատազրկեն՝ որքան էլ դա ապօրինի չլինի։
 
 
Մի կողմից, սակայն, այս հարցում Աննա Վարդապետյանին մեղադրելն արդեն անարդար է, որովհետև նա վաղուց, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, չի էլ կարող որևէ մեկից պահանջել ապօրինի չկալանավորել կամ չխուզարկել մարդկանց, որովհետև ինքը՝ որպես գլխավոր դատախազ, անձամբ ապօրինի խուզարկված է։
 
 
Իսկ Սերգեյ Սմբատյանի կալանավորումը չգիտեմ, բայց նրա արդարացումը հաստատ ավելի ու ավելի պարզ է ցույց է տալիս, որ Աննա Վարդապետյանն աստիճանաբար դադարեցնում է դատախազության գործունեությունը, ամեն օր ավելի ցույց տալիս, որ ոչ ինքը կա, ոչ էլ իր ղեկավարած կառույցը։ Սա, իհարկե, թարմ նորություն չէ ու նրան առանձնապես չի խանգարի հերթական ցուցադրական առիթին խոսել մեծ արժեքներից այնպես, ինչպես իր ընկերուհի ՄԻՊ-ն է մամուլի օրվա առիթով հուզիչ գրառումներ անում մեր անխոչընդոտ աշխատանքը պաշտպանելու մասին, թեև լրագրողներիս հանդեպ ապօրինի ու անբարո արարքների դեպքում ձկան պես լուռ է և ՔՊ-ական յուրաքանչյուրից սարսափած։
 
Աննա Վարդապետյանին, բայց պետք է կրկին հիշեցնել, որ երեկ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ իր հնազանդներից մեկի բերանով նրա կալանավորումը հրապարակային արդարացնելուց, նրան ազատելու մասին խնդրանքները «նույնաբովանդակ դիմումներ» անվանելով մերժելուց ու ամբողջ աշխարհի առաջ խայտառակվելուց հետո՝ ցույց տալով, որ ինքն ու իր նմանները թքած ունեն բոլոր արժեքների, այդ թվում Հայաստանի հեղինակության վրա։  Նրան պետք է հասկացնել նաև, որ նա թույլ տալով ապօրինի կալանավորված պահել մեկին, ում կարճ ժամանակ անց արդարացնում են,  դատախազության ու կոնկրետ դատախազների հեղինակությունն իջեցրել ու հավասարեցրել է իր հեղինակությանը․․․

Վերլուծական