Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի մուտքը օտարերկրացիների համար վճարովի կլինի 2024 թվականի հունվարի 15-ից, որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ, հայտնում է NTV պորտալը՝ հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին։
«Հունվարի 15-ից Սոֆիա մզկիթ այցելելու համար օտարերկրյա այցելուներից վճար է գանձվելու, ծառայություններ մատուցելու համար ժամանած Թուրքիայի քաղաքացիների համար վճար չի գանձվելու»,- ասել է նա։
Սակայն օտարերկրացիների համար տաճար այցելելու արժեքը չի նշվում։
Ինչպես նշում է պորտալը՝ օտարերկրյա զբոսաշրջիկները և կրոնական ծառայություններ մատուցող Թուրքիայի քաղաքացիները տարբեր մուտքեր կունենան դեպի տաճար։ Այսպիսով կխուսափեն զբոսաշրջիկների և երկրպագուների միջև կոնֆլիկտներից:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով 537 թվականին։ Հետագայում տաճարը բազմիցս տուժել է երկրաշարժերից, իսկ չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրների կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո տաճարը վերածվել է կաթոլիկ եկեղեցու։ 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլիսը թուրքերի ձեռքն է ընկել, իսկ տաճարը, որին ավելացվել են չորս մինարեթներ, դարձել է Սուրբ Սոֆիա մզկիթ։
Այն թանգարանի կարգավիճակ է ստացել 1934 թվականին՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ։ 1985 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկեց Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու 1934 թվականի որոշումը և որոշեց, որ այդ վայրը կարող է օգտագործվել որպես մզկիթ: