Հետևեք մեզ։

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը վնասել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը. ի՞նչ ապօրինություններով են շահագործվում Արաքսի ափամերձ ավազահանքերը

20:37, 31 հոկտեմբեր 2023
«ՄԼ Մայնինգ» ընկերությունը վնասել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը. ի՞նչ ապօրինություններով են շահագործվում Արաքսի ափամերձ ավազահանքերը

 

Բնակարանաշինությունն ու «ՄԼ Մայնինգը»

Թեև Երևանում բնակարանների շուկան առաջվանը չէ և կառուցապատողները նախկինի պես բնակարաններն այնքան էլ հեշտ չեն վաճառում, բայց Հայաստանի տնտեսական զարգմացման ցուցանիշների առյուծի բաժինը կապված է հենց շինարարության հետ։ Սրանից կարող է տպավորություն ստեղծվել, որ ամեն քայլափոխի կատարվող շինարարությունները միայն լավ բանի մասին են վկայում։ Ցավոք, սակայն, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, որովհետև շինարարության մեծ ծավալներն ու բնակարանների ձեռքբերման որոշակի հարմար պայմանները անիրական պատկեր են ստեղծել անշարժ գույքի շուկայում՝ գերշահույթներ ապահովելով կառուցապատողների համար։

Երևանում ամենախոշոր կառուցապատողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ընկերությունն է, որն այլ կառուցապատողներից, իր մեծությունից բացի, տարբերվում է նաև մի քանի հետաքրքիր պատմություններով:

Նախ, հերթական անգամ «ՄԼ Մայնինգ» ընկերությունն իրականացնելու է պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շինարարական մասը, որի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ «ՄԼ Մայնինգը» պետությունից ստացած ինչ–որ զիջումների արդյունքում, կառուցված բնակարանների մի մասը համեմատած ավելի էժան գներով վաճառելու է պետական ծառայողներին, իսկ մյուս մասն իրացնելու է սովորական կարգով՝ ստանալով իր խոշոր եկամուտները։

Այստեղ կարիք կա հստակեցնել, որ պետական ծառայողներին վաճառվող բնակարանների գինը, մեծ հաշվով, ոչ թե ցածր է, այլ ցածր է շուկայական ուռճացված ու գերշահույթ ապահովող գներից, ու «ՄԼ Մայնինգը» դրանց կառուցապատումից էլ եկամուտներ ստանում է, բայց ավելի ողջամիտ։

«ՄԼ Մայնինգի» հանքերը, Արաքսի ավերված հայկական ափն ու քրեական գործերի ձգձգվող քննությունը

«ՄԼ Մայնինգ» ընկերության հաջողությունները կառուցապատման մեծ ծավալներով ու պետության հետ առուծախերով չեն ավարտվում, որովհետև այդ ընկերությունը կառուցապատման բիզնեսում գերշահույթներ է ապահովում նաև այնպիսի արարքների արդյունքում, որոնք հանցագործություն են ու որոնց առթիվ քննվող քրեական վարույթներ կան։

Hayastan.news-ի տեղեկություններով, «ՄԼ Մայնինգ» ընկերությունը, որը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, բետոնի արտադրությամբ ու կառուցապատմամբ, ավազի երկու հանքեր է շահագործում Արաքս գետի ավազանում։ Հանքերից մեկը գտնվում է Արարատի մարզի Շահումյան, իսկ մյուսը՝ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում։

Ավազի հանքերը, ընդ որում՝ ոչ միայն «ՄԼ Մայնինգի» կողմից շահագործվող հանքերը, գտնվում են սահմանապահ զորքերի տեղակայման վայրերին կից, նրանց հսկողության տակ և այնտեղ մուտք գործել առանց անվտանգության մարմինների հատուկ թույլտվության, հնարավոր չէ։ Հանքերի այսպիսի տեղակայումն, իհարկե, բավականին լավ պայմաններ է ապահովում հանքը խախտումներով շահագործելու, թույլտվությամբ տրամադրված տարածքի սահմաններից դուրս գտնվող հատվածներից արդյունահանում իրականացնելու ու, մեծ հաշվով, անվերահսկելի ծավալի ու քանակի ավազ արդյունահանելու համար։ Սրա արդյունքում գրեթե անվերահսկելի է դառնում, թե որքան ավազ է արդյունահանել «Մլ Մայնինգը» և թե որ հատվածներից է կատարել արդյունահանումը։

Բանն այն է նաև, որ խոսքը գնում է Արաքս գետի հոսքի միջոցով որոշակիորեն վերականգնվող պաշարների մասին, հետևաբար, խախտումներով կամ թույլտվությամբ որոշված տեղանքից դուրս կատարված արդյունահանումից հետո վարարած Արաքսը շատ հաճախ նոր ավազով է լցնում ապօրինի արդյունահանված տեղանքները՝ թաքցնելով և այն փաստը, որ այդտեղից ավազ է արդյունահանվել և դրանց ծավալները։

Բայց, իհարկե, «ՄԼ Մայնինգի» ընկերության ախորժակը, բետոնի արտադրությունն ու կառուցապատման ծավալները թույլ չեն տվել բավարարվել գետի վարարումների միջոցով քողարկվող խախտումներով ու վերջինս այդուհանդերձ ավազ արդյունահանել է նաև այն տեղերից, որոնք Արաքս գետը հոսքը չեն թաքցրել։ Ավելին, մեզ պատմեցին, որ «ՄԼ Մայնինգն» ավազ արդյունահանել է նաև Թուրքիայի տարածքը կազմող հատվածներից։

Թվարված խախտումներից բացի «ՄԼ Մայնինգը» ձեռքը գցել է նաև գետի ափի այնպիսի հատվածներին, որոնք Հայաստանի համար բնապահպանական ու ընդհանրապես պետական լուրջ նշանակություն ունեն։ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը ավազ է արդյունահանել նաև հենց Արաքս գետի հունից, ինչն արգելված է օրենքով, քանի որ կարող է հանգեցնել գետի հունի փոփոխության։ Ընդ որում, հիշեցնեմ, խոսքը Արաքս գետի մասին է, որով որոշվում է Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանը և «ՄԼ Մայնինգ» ընկերության ու ավազի ապօրինի արդյունահանմամբ հարստացող մի քանի այլ ընկերությունների գործունեության հետևանքով ՀՀ պետական սահմանը գծող գետի հունը լայնացել է դեպի ՀՀ տարածք։

Կից ներկայացվող լուսանկարներից դժվար չէ տեսնել, որ ավազի արդյունահանման արդյունքում Արաքս գետի հայկական ափի իջեցման հետևանքով այդտեղ գոյացել են լճակներ ու, մեծ հաշվով, գետի հունը տեղափոխվել է դեպի ՀՀ սահմանի խորքը։

 

 

 
Hayastan.news-ին հայտնի դարձավ նաև, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը ապօրինությունները փորձել է կատարել իբր հնարամիտ եղանակով՝ օգտագործելով վերահսկողությունը բարդացնող հանգամանքներ։ Մասնավորաբար, մեզ հայտնի դարձավ, որ «Մլ Մայնինգ» ընկերության թույլտվություններից մեկը վերաբերել է ոչ թե արդյունահանմանն, այլ դրա համար ուսումնասիրություններին, ու չի ենթադրել ավազի մանրացման ու վերամշակման համակարգի տեղակայում, սակայն ընկերությունը ուսումնասիրության լիցենզիայի անվան տակ ահռելի չափերի ավազ է արդյունահանել։
 
Տեսչական վերահսկողություն չկա՞

 

Hayastan.news-ի աղբյուրները հայտնեցին, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունն Արաքսի ավազանը բառացիորեն պղծած մյուս ընկերությունների պես տևական ժամանակ գործել է անվերահսկելի պայմաններում և տեսչական վերահսկողության համար դժվարություններ են եղել նաև այն պատճառով, որ այդ հանքերը գտնվում են սահմանապահների հսկողության տակ գտնվող տարածքներում ու հնարավոր չի եղել ստուգել այդտեղ մուտքերն ու ելքերը, տեսչական ստուգումներ համարյա չեն կատարվել, կատարվածներն էլ գրեթե ձևական են եղել ու ապօրինի արդյունահանման փաստերը թաքցնող հանգամանքները հեշտ ընդունվել են։

Տեսչության մեր աղբյուրները հայտնում են նաև, որ  ապօրինություններով ու թերություններով են եղել նույնիսկ ավազի արդյունահանման թույլտվությունները, ինչի արդյունքում բազմաթիվ կոորդինատային անճշտություններ կան, որոնց արդյունքում նույնիսկ որոշ ավազահանքերի կոորդինատները համընկնում են Թուրքիայի տարածքին։ Նրանք հայտնում են նաև, որ այդ անճշտությունները նույնպես դժվարացրել են ավազի արդյունահանման նկատմամբ վերահսկողությունը, խախտումներ հայտնաբերելը ու պայմաններ ստեղծել, որ ավազ արդյունահանվի, մեծ հաշվով, այնտեղից որտեղից ցանկանան։

Քրեական վարույթների, դրանց ընթացքի, վարույթների ընթացքում ընկերության նկատմամբ հնարավոր սահմանափակումների և այլ հարցերի վերաբերյալ Hayastan.news-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն,որի պատասխանները կներկայացնենք ստանալուն պես։

Բացի այդ, խմբագրությունը կապ է հաստատել «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ, հայտնել, որ հարցեր ունի․ ընկերության ներկայացուցիչը տեղեկացել է թեմայի մասին, խոստացել է կոնտակտային տվյալները փոխանցել պատասխանատու անձին, որպեսզի կապ հաստատի խմբագրության հետ։ Սակայն, աշխատանքաին օրն ավարտվել է, և մինչ նյութի հրապարակման ժամը ընկերությունը կապ չի հաստատել խմբագրության հետ։ Այնուամենայնիվ, կապ հաստատելու դեպքում լրատվամիջոցը կուղղի հարցերն ընկերությանը և  կհրապարակի։