Հետևեք մեզ։

Չնայած 2018-2022թթ․ ոչխարների գլխաքանակն աճել է, բայց կառավարությունն այն բավարար չի համարում և աջակցող ծրագիր է ներկայացրել

21:10, 01 նոյեմբեր 2023
Չնայած 2018-2022թթ․ ոչխարների գլխաքանակն աճել է, բայց կառավարությունն այն բավարար չի համարում և աջակցող ծրագիր է ներկայացրել

ՀՀ կառավարությունը Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության ծրագիր է ներկայացրել։

Նախագծում ասվում է, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում երկրում նկատվում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացման միտումներ․ «Այսպես, եթե 2018 թվականին հանրապետութjունում ոչխարների և այծերի գլխաքանակը կազմել է 638,3 հազար, իսկ 2019 թվականին՝ 662,5 հազար գլուխ, ապա 2020-2022 թվականներին այս ցուցանիշը գերազանցել է 700,0 հազար գլխի սահմանագիծը։ Ընդ որում, մանր եղջերավոր կենդանիների առավել ստվար գլխաքանակն առավելապես կենտրոնացված է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում։

 

Պետական աջակցություն էր ցուցաբերվում 2019-2023 թվականների ընթացքում տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման համար՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով կամ էլ տոհմային կենդանիների ձեռքբերման փաստացի ծախսերի 23 և 27 %-ի չափով փոխհատուցմամբ։ Նշված ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով ներկրվել է 1201, իսկ ձեռքբերված կենդանիների արժեքը 23 և 27 չափով փոխհատուցելու եղանակով՝ 500 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ։

 

Պետք է փաստել, որ ներկրված մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը դեռևս հեռու է բավարար լինելուց, քանի որ ծրագրի արդյունավետությունը, հատկապես հեռանկարային առումով, հնարավոր է կտրուկ բարձրանալ այն դեպքում, եթե առաջիկա տարիներին ներկրվող կենդանիների տարեկան գլխաքանակը կազմի առնվազն 1500 գլուխ, ինչը թույլ կտա հոտերը համալրել տարեկան շուրջ 2000 գլուխ տեղական վերարտադրության կենդանիներով։

Ծրագիրն ընդգրկում է 2024-2028 թվականները և հնարավորություն է ընձեռում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հինգ տարվա ընթացքում մատչելի պայմաններով ձեռք բերել 10944 գլուխ հղի ոչխար և այծ, ինչպես նաև ոչխարի և այծի էգ և արու տոհմային մատղաշ (այսուհետ՝ տոհմային ՄԵԿ)։  

Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 150 գլուխ տոհմային ՄԵԿ-ի (այդ թվում՝ 5 գլխից ոչ ավելի արու մատղաշի) ձեռքբերման արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր ներկրված տոհմային կենդանու համար 450 հազար դրամի, իսկ հանրապետության ներսում ձեռքբերման յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամի 50 տոկոսը»։