Հետևեք մեզ։

Իշխանության տենչ կամ ի՞նչ է խաղում Սամվել Բաբայանը

11:38, 03 նոյեմբեր 2023
Իշխանության տենչ կամ ի՞նչ է խաղում Սամվել Բաբայանը

Արցախյան առաջին հերոսամարտում Սամվել Բաբայանի ավանդն ուրանալ չի կարելի ու ինչ էլ լինի չենք ցանկանա, որ որևէ բան մարդու հերոսական օրերի վրա բիծ դառնա։ Բայց դա, կարծեք, մեր ցանկությունն է միայն, իսկ Սամվել Բաբայանը հենց այդ հերոսամարտից հետո շատ առիթներ է տվել իր մասին այլ դիրքերից խոսելու համար և այդ առիթները միշտ ու միշտ կապված են եղել իշխանության գալու տենչի հետ։ Նա երբեք հաշտ չի եղել Արցախում ու Հայաստանում իշխանության հետ և դա ընդամենը այն պատճառով, որ այդ իշխանությունն ինքը չի եղել, հետևաբար, փորձել է ամենանեղ ու ամենանուրբ պահերին էլ թեկուզ ամենաարգահատելի ձևով առաջ ընկնել ու վերցնել իշխանությունը կամ դրանից մի կտոր։

 

 

Քաղաքական հայտեր ներկայացնող Սամվել Բաբայանը առիթներ դեռ կունենա, հավանաբար, մանրամասն պատմելու, թե մինչև բացահայտ քաղաքականությամբ զբաղվելն ինչով կամ ինչերով է զբաղվել, բայց այսօր խոսքը նրա քաղաքական գործունեության մասին է, որը սկսվել է ոչ այնքան վաղ անցյալում։ Իսկ թե ե՞րբ է իրականում սկսվել Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությունը, այդքան էլ հիշարժան չէ, քանի որ նա քաղաքականության մեջ երբեմն հանդես է եկել ոչ իր դեմքով, երբեմն այնքան էլ հանդես չի եկել, երբեմն ընդհանրապես ընդհատակ է անցել, իսկ երբեմն էլ՝ ստացել այն, ինչ ցանկացել է՝ պաշտոն ու զբաղվել այդ պաշտոնով։

 

Դա Սամվել Բաբայանին հաջողվեց Արցախում Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո, երբ վերջինիս բաշխած պաշտոններից արդեն պարզ էր, որ նա ընտրել է ոչ թե թիմային ու նպատակասլաց աշխատանքը, այլ կոմֆորմիստական խաղերը, և պաշտոններ է տալիս ու շարունակելու է տալ նրանց, ում այդ պահին պաշտոն տալ պետք է որևէ պատճառով, օրինակ՝ եթե որևէ մեկի կարելի է մի քանի կոպեկ աշխատավարձով ու իշխանության տված այլ բարիքներով գնել։ Արայիկ Հարությունյանն այդպես շատերի հետ է առևտրով զբաղվել և նրա քաղաքական բիզնեսի գործընկերներից մեկն էլ Սամվել Բաբայանն էր, ով Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնն ստանալուց հետո խաղաղվեց ու սկսեց այլևս կռիվ չտալ։

 

44-օրյա պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանը Արցախի ԱԽ քարտուղարն էր ու թեև բանակի ղեկավարման իրավասություն չուներ, բայց կարելի է ասել ինքը ևս ղեկավարել է պատերազմը։

 

Հարմար առիթն օգտագործելու ու ինչ-որ մի բան ձեռք գցելու հերթական քայլը Սամվել Բաբայանն արեց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրապարակվելու օրը։ Բաբայանը հայտարարություն տարածեց, որ ինքը փորձել, բայց չի կարողացել կանխել դավաճանական գործընթացն ու եռակողմ հայտարարությունը հրապարակվել է։ Իր տեքստի մեջ Սամվել Բաբայանը նաև պատմում էր, որ միշտ փորձել է ռազմավարական լուծումներ առաջարկել, բայց իրեն հիշեցրել են, որ ինքը խորհրդական է ու քանի որ իսկապես չուներ լիազորություններ, լռել է։

 

Այս հայտարարությամբ Սամվել Բաբայանը նախ բացահայտեց, որ տեղյակ չի եղել, որ անվտանգության խորհրդի նիստը ձայնագրվել է, ապա այդ ձայնագրության պատճառով խայտառակվեց՝ վերահաստատելով, որ ամենաօրհասական պահին էլ իշխանության փայ ստանալու համար ընդունակ է ամեն ինչի։ Նրա հայտարարությունից ժամեր անց հրապարկվեց Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ նույն Սամվել Բաբայանը բառացիորեն առաջարկել էր ռուսների միջոցով բանակցել «բեզագավորըչնի կապիտուլյացիայի» ու զորքը հանելու, հեռանալու համար։

 

Սովորական ինքնասիրությունն այս իրադարձությանը դիմանալ, իհարկե, չէր կարող, բայց Սամվել Բաբայանը ոչ միայն սովորական ու հեշտ տարավ իր բացահայտ կեղծ խոսքերի հրապարակումը։ Սամվել Բաբայանն, այո, ամոթի մասին խոսք էլ չասաց այն ժամանակ, երբ ի լուր աշխարհի հրապարակվեց, որ ինքն առաջարկել է կապիտուլիացիա ու կապիտուլիացիան համարում է դավաճանական քայլ։ Նա չբացատրեց, թե ինչ «ազգանվեր» նպատակով է օրվա տարբեր ժամերին նույն հարցի մասին տարբեր բաներ խոսում, նա ներողություն չխնդրեց ժողովրդին խաբել փորձելու համար, չխոստովանեց, որ դա արել է՝ հույս ունենալով ղեկավարել դժգոհողների ցույցերն ու իշխանության գալ, բայց հրապարակված ձայնագրության պատճառով «հանգիստ նստել է տեղը», քանի որ իր խոսքերով՝ ինքը դավաճան է։

 

Բայց դա ավարտը չէր, որովհետև Սամվել Բաբայանը դեռ պետք է բոլորիս համար պարզ դարձներ, որ իրեն պետք է գոնե մի օր, գոնե մի ժամ, հավանաբար՝ աշխատավարձերը վերջին անգամ տալու օրը, Արցախի ղեկավարը լինել։ Ներողություն արդեն ոչ ոք չի էլ սպասում, բայց ասեմ՝ ոմանք դեռ զարմանում են, որ կարելի է ցանկանալ վերջին ժամերն ապրող պետության ու ժողովրդի ղեկավարը լինել՝ խաբելով, թե իբր բանակցում ես ու կարող ես բան փոխել։ Սամվել Բաբայանը, կարծեք, չի, չէ՞, պատասխանել Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, որ Բաբայանն իշխանությունն է պահանջել ասելով, որ բանակցում է Ադրբեջանցիների հետ, սակայն Բաքվից բացառել են դա։

 

Բայց ասեմ, որ ոչ ոք արդեն չի զարմանում, որ Արցախը փրկելու կամ Արցախում որևէ բան փրկելու նպատակով որևէ քայլ անելու համար վերջին օրն էլ իշխանություն էին ուզում։ Ոչ ոք չի զարմանում, որովհետև հենց դրա արդյունքում Արցախը փաստացի չկա․․․