Հետևեք մեզ։

Չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի. ԱԳ նախարար

16:08, 03 նոյեմբեր 2023
Չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի. ԱԳ նախարար

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարներ:

 

Իր խոսքում ԱԳ նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է. 

 

«Արտաքին գործերի նախարարության ներկայացրած բյուջետային հայտն արտացոլում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները, արտաքին քաղաքական մարտահրավերները: Եվ սրանք, իհարկե, ակնհայտորեն ուղղված են ՀՀ անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, առաջմղմանը և առհասարակ ՀՀ շահերի առաջմղմանն արտաքին քաղաքական բնագավառում: Այս ամենը թվարկելիս, իհարկե, որպես միջոց, խողովակ կամ առաջին նպատակ, եթե կուզեք, ընկալում ենք Հայաստանի Հանրապետությանն ուղղված արտաքին քաղաքական անվտանգային սպառնալիքների չեզոքացումը և Հայաստանի Հանրապետության շուրջ արտաքին անվտանգային միջավայրի կայունացումը: Իհարկե, եթե տարվա կտրվածքով ենք վերլուծում, ընթացիկ տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք: Եվ սա ասելիս, առաջին հերթին նկատի ունենք, իհարկե, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները` պրոցես, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց տները, իրենց բնօրրանը, հայրենիքը, և դրա հետևանքով մենք այսօր ունենք 100 հազարից ավել փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ և երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին է, բնականաբար՝ նաև որպես արտաքին գործերի նախարարության նպատակ ու խնդիր, այդ թվում և՝ միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն, այդ թվում և՝ միջազգային ավելի լայն օգնություն ապահովելը, նաև հումանիտար բնույթի: Որովհետև ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի երեք-չորս օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի տվյալ երկրի սկսած ներքաղաքական կյանքից, ավարտած տնտեսական, սոցիալական համակարգերում: Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր նաև պատրաստակամություն են հայտնում մեզ օգնել այս գործընթացում, հարկ են համարում նշել, որ դրականորեն զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից և կազմակերպվածությունից: Սոցիալական հատվածը, անշուշտ, մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների առաջնային անելիքն է, բայց կրկնում եմ, այստեղ ևս արտաքին գործերի նախարարությունն անելիքներ ունի և անում է:   

 

Վերադառնալով ավելի քաղաքական հատվածին, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, մեր խաղաղության օրակարգն է, և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում (հիմա կխոսենք առանձին երկրների մասին) սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Մեր խորին համոզմամբ, սա է այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը (առհասարակ կարծում ենք, որ սա բանաձև է բոլոր երկրների համար, բայց մենք մեր երկրի մասին ենք խոսում) կարող է և շանս ունի ապահովել իր շարունակական գոյությունն ու զարգացումը:        

 

Սպառնալիքներից ենք խոսում, բայց ցանկանում եմ նաև նշել՝ կան նաև ահռելի, շոշափելի հնարավորություններ: Բայց ուզում եմ կրկնել, այս ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության ճանապարհով: Ահա, մենք մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում վերջերս: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, և այդտեղ հանդիպման արդյունքներով ընդունվեց փաստաթուղթ՝ 4 ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է խաղաղության, երկարատև կայուն և արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղղությունները, և ուղենիշ է այդ խաղաղության համար, այդ թվում և՝ խաղաղության պայմանագրի համար: Այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանգրի մասին խոսելիս և այդպես եղել է շարունակաբար: Գիտեք, որ արդեն 6-րդ փուլն է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպել-բանակցելու: Ամբողջ ընթացքում էլ հենց սրանք են եղել մեր ուղենիշները:Ավելորդ չեմ համարում հիշեցնել: 

 

Սկզբունքներից առաջինը՝ երկու երկրների կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային  ամբողջականության ճանաչումն է. ընդ որում, մենք այստեղ ուզում ենք առանց այլևայլությունների առավելագույն կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների մակերեսները՝ 29 800 և 86 600՝ համապատասխանաբար: Սրանք այն տարածքներն են, որոնք նաև, ըստ էության, եղել են Հայաստանինը և Ադրբեջանինը խորհրդային ժամանակաշրջանում, և այնուհետև Ալմա-Աթայի հռչակագրով, երբ ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ ստեղծող և անդամակցող բոլոր նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները պայմանավորվեցին, որ միմյանց միջև խորհրդային շրջանում գոյություն ունեցած վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։ Եթե շատ տառացիորեն նայենք, սա գրված է ԱՊՀ ստեղծման հիմնադիր փաստաթղթում։ Երբ որ ասում ենք Ամլա-Աթա, սա այն փաստաթուղթն է, որով Հայաստանը և մյուս երկրները միացել են այդ ԱՊՀ ստեղծման փաստաթղթին, բայց սա տեխնիկական նրբերանգ է, տեխնիկական ուղղում շտկում է։ 

 

Երկրորդ սկզբունքը, գիտեք, որ մենք պայմանավորվել էինք, և կա այդ մասին միջազգային ընկալում, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Եվ, ահա, երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ սահմանազատման գործընթացը և հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ, օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա։ Դրանք են նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբը, որոնց պայմանական անվանումն ավելի ընդունված է ասել 1975 թվականի։ Եվ մեծ հաշվով, որպես սկզբունք, Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանների հիման վրա։ Մեր համոզմամբ և մեր կարծիքով նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ, որքան կարող եմ դատել, և սա մի փոքր գուցե համարձակ դատողություն էլ լինի, բայց իմ տպավորությամբ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։ 

 

Եվ վերջապես երրորդ սկզբունքը շատ շահարկված, շատ արծարծված թեման՝ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը ոչ միայն դեմ չէ, այլև շահագռգիռ է, եթե կուզեք՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի և այստեղ մենք շատ պարզ, ընկալելի և ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի մասին։

 

Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն և օգտագործվեն հարևան երկրների կողմից (այսինք՝ մենք իրենցը, իրենք մեր ենթակառուցվածքները) պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Այստեղ երկիմաստություններ և այլևայլություններ չեն կարող լինել։ Եվ նաև պետք է ապաշրջափակվեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Ավելին ասեմ, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքները պետք է վերաբերեն նախկինում գործած, վերականգնման ենթակա, գործող, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր կառուցվող ենթակառուցվածքներին, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում, այլև ավելի լայն տարածաշրջանում։ Մենք նկատի ունենք նաև Գյումրի-Կարս երկաթուղին, նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, և այլ ճանապարհներ, երկաթուղիներ: Մեծ հաշվով սա այն է, ինչ մենք անվանում ենք «‎Խաղաղության խաչմերուկ», և ուզում եմ ձեզ ասել, որ «‎Խաղաղության խաչմերուկի» կայացումը և դրա միջազգային մասնակցայնությունն այս ծրագրին, նախագծին, եթե կուզեք, կրկին արտաքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է լինելու քննարկվող 2024 տարում»,- նշել է Միրզոյանը։