Հետևեք մեզ։

Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ծառը սիրո՞ւն է, թե չէ, հո Սպարտա՞ն չի, որ հաշմանդամ մարդկանց սպանում էին․ Վիկտոր Մնացականյան

12:03, 24 մարտ 2023
Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ծառը սիրո՞ւն է, թե չէ, հո Սպարտա՞ն չի, որ հաշմանդամ մարդկանց սպանում էին․ Վիկտոր Մնացականյան

Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, սկսել է կտրել-հեռացնել Կասկադի և Օպերայի շրջակայքի ծառերը, ինչն աղմուկ է բարձրացրել համացանցում։ Երևանի փոքխաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե ծառերը հին էին արդեն, իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, ուստի որոշել են դրանք կտրել, տեղը սակուրաներ տնկել։ Քաղաքապետարանի այս քայլին արձագանքել է Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար, քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը՝ քննադատելով քաղաքապետարանի այս որոշումը։ Մնացականյանին էլ երեկ արձագանքել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հայտարարելով, թե այդ աղմուկ բարձրացնող մարդիկ, իրականում, գիտակցում են, որ այս ծառերը պետք է փոխարինվեն նորերով, քանի որ կորցրել են իրենց կենսունակությունը։

Վիկտոր Մնացականյանը Hayastan.news-ի հետ զրույցում նախ զարմացավ՝ մոտիվացիան ո՞րն է, որ այդ պետական հիմնարկն այս պահին ուզում է Երևանի ամենաբանուկ, ամենաճանաչված, ամենակոլորիտային հատվածի ծառերը փոխել։

-Պարոն Մնացականյան, Դուք անդրադարձել էիք ծառահատմանը, այս թեմային, քաղաքապետարանը պարզաբանում է տալիս, ասում են նոր ծառեր են բերում, հները լավը չեն։

-Ես նայում եմ ֆեյսբուքում քոմենթները ու զարմանում եմ, որ ժողովուրդն ասում է՝ այո, ծանուցել են, և դա նորմալ է։ Ոչ մի բան էլ նորմալ չէ, և քաղաքապետարանի ամեն սարքած ռոլիկը պետք չէ հալած յուղի պես ընդունել։ Երկրորդ, նոր ծառը թող տանեն տնկեն նոր տեղերում, Երևանում հեկտարներով տեղեր կան, որտեղ նոր ծառերի խնդիր կա, ուրախացանք, երբ տեսանք Եռաբլուրի հատվածում են անում, Ծիծեռնակաբերդի հատվածում են անում և այլն։ Նաբերեժնիում գործ կա, այգիներում գործ կա, հազար գործ կա, ու դա չարած՝ ընկել են Մոսկովյանի փողոցի ծառերի հետևից։ Անունը դնում են, թե թեղիներն են ուզում ծղել, թեղիի թույլտվությունն ստանում են՝ կտրում են հացենիները, որոնք Մոսկովյան փողոցում շատ սիրուն էին։ Եթե կա կոնֆլիկտ քաղաքի ու ծառերի միջև, պետք է հաղթի քաղաքը։ Օրինակ՝ Օպերայի դիմացը, երբ Հյուսիսային պողոտայից կամ Ֆրանսիայի հրապարակից գալիս ես, ծառերը չեն թողնում, որպեսզի տեսնենք Օպերայի սիրուն շենքը, որը Երևանի ամենագլխավոր կառույցն է համարվում։ Բայց սա այդ դեպքը չէ։ Այսինքն՝ ինչ-որ մեկը բերել է ճապոնական կուլտուրայի անհասկանալի մի ծառ՝ փոքր, գաճաճ ծառ է, ու ուզում է տնկի Երևանի հիսուն տարվա հացենիների տեղը, ինչո՞ւ։ Իսկ Կասկադի ծառերը ընդհանրապես չի կարելի կտրել, որովհետև էդ կաֆեները աշխատում են Կասկադի ծառերի շնորհիվ»,-ասաց Վիկտոր Մնացականյանը։

- «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, արձագանքելով Մնացականյանի գրառումներին, նախ ասել էր, որ Դուք նախանձախնդիր եք այդ հարցում՝ գուցե Ձեզ չի հաջողվել իրականացնել այդ գործընթացը, դրա համար եք աղմուկ բարձրացնում, մյուս կողմից էլ նշել էր, որ այդ ծառերն այլևս կենսունակ չէին և չէին կատարում օդի մաքրության իրենց ֆունկցիան, արդյոք դա այդպե՞ս է։

-Ես, ճիշտն ասած, լավ  չհասկացա՝ էդ ընկերն ինչ է ասել, եթե ուզում են այդ նախանձախնդիր լինելը ցույց տան, թող ցույց տան այն տեղերը, որտեղ հեկտարներով պրոբլեմ կա։ Ես չմեկնաբանեմ իրենց, իրենք թող դեռ իրենց արածի տակից դուրս գան, հետո նոր իմ արածը կամ չարածը քննարկեն։ Երկրորդ, փողոցի մեջտեղը, Երևանի քաղաքի կենտրոնում ինչ-որ անհասկանալի մարդիկ, որոնց ոչ ճանաչում ենք՝ այս պահին պաշտոն ունեն, բերում սպանդ են անում տասնյակ հացենիների, ու բացատրում են, թե հիվանդ են։ Ասում ենք՝ ընկեր ջան, դա հիվանդ չեն, հիմա, որ փորձաքննություն անենք ու ապացուցենք, որ հիվանդ չեն, ո՞վ է դրա պատասխանը տալու, ասում են՝ լավ, հիվանդ չի, բայց տեքսով չեն։ Այսինքն՝ ո՞վ է որոշում, դո՞ւք եք որոշում, որ տեսքով չեն։ Հացենին, իհարկե, տեսքով չի, հացենին եզակի ծառերից է։ Ամբողջ Երևանի հացենիների կեսը այդպիսին է։ «Պապլավոկի» մոտի հացենիները չեք պատկերացնի՝ ոնց են այլանադակել, թեղիի պես էտել են, որովհետև եսիմ որտեղից եսիմ ինչ սղոցավար են բերել, եսիմ որտեղից ինչ-որ բրիգադիր են բերել, ասել են՝ կտրի։ Բայց այդ մարդը չգիտի՝ «Պապլավոկի» այգին, Օղակաձև այգին ինչքան կարևոր է մեզ համար, ամենասիրուն աշունը անում էր այդ փողոցում, հիմա լրիվ տկլորացրել են՝ առանց բացատրելու։ Լավ, դրանք համաձայնեցինք, մի ձև կուլ տվեցինք, հիմա բռնեցին հանեցին, ինչ է թե ինչ-որ մեկը՝ ինչ-որ դիզայներ կանաչապատման կամ  ինչ-որ մի ՀՈԱԿ-ի ղեկավար, որը այսօր կա՝ վաղը չկա, որոշել է փոխել դրանք։ Նախկին ՀՈԱԿ-ների ղեկավարներին ո՞վ է հիշում, բայց իրենց վատությունը մնում է այս քաղաքին։

-Իրենք դրանց փոխարեն սակուրաներ (ճապոնական բալենիներ) են ուզում տնկել, որքանո՞վ են այդ ծառերն արդյունավետ կամ արդյոք կփոխարինե՞ն սակուրաները մեր հացենիներին։

-Սակուրան հասարակ, գաճաճ, մի ամիս սիրուն-սիրուն ծառ է՝ լավ նկարվեցին, գցեցին համացանց, մոռացան, իսկ մնացած 11 ամիսը անշուք, հասարակ գիլասի ծառ է։ Ինչքան ուզում ես անունը դիր սակուրա՝ ինքը գիլասի ծառ է։ Մի հատ ստից ծառ ես ուզում տնկել, հանրային լսում են անում, բա կասկադցու ձայնը, բա երևանցու ձայնը, բա այդ բնապահպանների ձայնը չե՞ն ուզում լսել։


-Իրենք ասում են, որ եթե այս ծառերը հիմա չփոխարինվեն, ապա մի քանի տարի հետո Երևանը կհայտնվի կիսաանապատային վիճակում։

-Այդ կիսաանապատային չլինելու համար դատարկ տեղերն են տնկում, ոչ թե եղածն են կտրում։ Եկեք իրար հետ քայլենք Երևանում՝ հազարավոր բնաբաժակներ ցույց տամ, որ դատարկ է։ Իբր դրանք լցրել են, հիմա էլ ընկել են եղածի հետևից։ Որովհետև ընտրական տարի է, ենթադրում եմ՝ երևի ինչ-որ արագ բան են գնացել ցույց տվել, ասել են՝ հիմա սիրուն ծաղիկներ կտնկենք, ծառեր կտնկենք, հետո ընկել են ձեռքը կրակը։ Մի քանի օր առաջ քաղաքապետարանի էջը գրեց, որ հանդիպել են բուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ, ուրախացանք, ասացինք՝ վերջապես այս մարդկանց հարգում են, բայց բռնեցին կտրեցին։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, իրենց քրեորեն հետապնդելի արարքը Երևանի հանդեպ, այդ ստորությունը արեցին, լեգիտիմացրին այդ մարդկանց ստորագրությունը։ Ուրեմն, ամոթ այդ բոլոր մարդկանց։ Խնդրում եմ՝ հերթով զանգեք, ում հետ հանդիպել են, ասեք՝ դուք համաձայն եղե՞լ եք, որ Մոսկովյան փողոցի այդ առողջ ծառերը կտրեն։ Մի հատ տեսեք՝ ով են, այդ բոլորի անունները գրեք՝ իմանանք։

-Ասում եք՝ ընտրական տարի է, դրա համար են անսում, Ձեր կարծիքով՝ ծառերը համատարած այսպես կտրելը իրենց ռեյտինգը ավելի շատ կբարձրացնի՞, թե՞ հակառակը՝ կազդի ռեյտինգի վրա։

-Քաղաքական նրբերանգ կա Ձեր հարցի մեջ, բայց էլի ինչ-որ մեկը երևի արջի ծառայություն է մատուցել՝ ուզում են լավ բան անել, բայց ունքը շինելու տեղը աչքը հանեցին։ Ուրեմն, թող երևանցիներին պատասխան տան, թե այդ Մոսկովյանի ծառերն ո՞ւմ էին խանգարում։ Ասում են՝ սիրուն չէր, դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ծառը սիրուն է, թե չէ, հո Սպարտա՞ն չի, որ հաշմանդամ մարդկանց սպանում էին, էս ի՞նչ դար է։

-Ի դեպ, քանի որ ընտրական տարի է, Դո՞ւք էլ եք պատրաստվում ընտրություններին, որոշում ունե՞ք արդեն։

-Ես այդ հարցին չեմ պատասխանի առայժմ, կներեք։ Դեռ որոշում չկա։ Մտածում եմ, բայց քանի դեռ Աբովյան փողոցում տալիս են 18 հարկի թույլտվություն, Պարոնյան փողոցում՝ 22 հարկի, և կտրում են Երևանի ինքնության մաս կազմող հաստաբուն ծառերը, ես և ինձ նման շատ մարդիկ կուզենան մասնակցել քաղաքական պրոցեսներին, ինչը մեծ ցավով եմ ասում։ Այս քաղաքը անտեր չէ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական