Հետևեք մեզ։

Լեզվաբանը ասաց՝ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր, որը հանցակազմ չի պարունակում․ լուսահոգի Արմեն Գրիգորյանի փաստաբան

10:51, 04 նոյեմբեր 2023
Լեզվաբանը ասաց՝ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր, որը հանցակազմ չի պարունակում․ լուսահոգի Արմեն Գրիգորյանի փաստաբան

Լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դատարան են հրավիրել լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին, ով հայտնել է, որ «չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր»։ Մելիքյանը հայտնում է, որ «ներազգային թշնամանք» եզրույթը հանցակազմ չէր պարունակում։

 

«Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր։ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։

 

Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։

 

Նախ, փորձագետին հարցրեցինք հետևյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետևություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին ՈՉԻՆՉ գրված չէ եզրակացության հետազոտական հատվածում։ Բնականաբար պատասխանեց՝ ոչ։

 

Հետո հարցրեցինք՝ բա ինչպե՞ս կբացատրեք, որ ձեր ստորագրած եզրակացության «հետևություններ» հատվածում գրել եք, որ արմենը «ազգային թշնամանք է հարուցել», բայց եզրակացության հետազոտական հատվածում այդ մասին ՈՉԻՆՉ չեք գրել։ Անգամ «թշնամանք» բառը ընդհանրապես չեք էլ գործածել։ Պատասխանեց՝ դե կրկնաբանությունից խուսափելու համար🤷🏻‍♂️։ Հետո ավելի «հետաքրքիր» շրջադարձ եղավ։ Փորձագետը մտածեց-մտածեց ու նշեց, որ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր։

 

Մենք մի տարի է մեզ ճղում էինք, ասում էինք՝ շիրակցին, արարատցին, արցախցին, սյունեցին «ազգ» չեն՝ ո՞նց եք ասում «ազգային թշնամանք»։ Ասում էին՝ մենք ի՞նչ։ Հենա՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսորն է ասել։ Իսկ հիմա դոկտոր-պրոֆեսորը ասում է՝ «չէ. «ներազգային» պիտի լիներ»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

 

Հիշեցնեմ, որ եզրակացության մեջ չգիտես որտեղից հայտնված այդ «ազգային թշնամանք» բառերը Արմենին կյանք արժեցան։

 

Անցնենք առաջ։ Հարցրեցինք՝ դոկտոր-պրոֆեսոր, Դուք ամբողջ ելույթն ե՞ք լսել, թե՞ միայն ինչ-որ հատված։ Պարզվեց՝ միայն ինչ-որ հատված։ Հարցրեցինք՝ բա ձեր իսկ մեջբերած մասնագիտական գրքերում ասվում է, որ պիտի ամբողջը ուսումնասիրեք, որ ճիշտ ընկալեք խոսքը։ Ասում է՝ «այո՛, դա լեզվական փորձաքննության հիմնարար սկզբունք է։ Բայց ես լսել եմ այն, ինչ ինձ տվել են» 🤷🏻‍♂️։ Պարզ է, չէ՞, որ կոնտեքստից կտրել-տվել են այն, ինչն իրենց պետք էր։

 

Եվ վերջում ամենաթերևս ամենակարևորը։ Ասում ենք՝ պրոֆեսոր, քանի՞ օրում եք կատարել փորձաքննությունը։ Ասում է՝ մոտ տասը. ավելի կարճ ժամանակում անհնար էր։ Ասում ենք՝ հնարավոր է՞ երեք օրում արած լինեիք։ Ասում է՝ բացառված է։ Հետո բացում ենք թղթերը ու ի՞նչ ենք տեսնում. ուրբաթ օրը պրոֆեսորին ներգրավել են փորձագետ, իսկ երեք օրից՝ երկուշաբթի օրը, թուղթն արդեն ստորագրած էր։ Նույն օրը՝ մայիսի 16-ին, Արմենին խայտառակ ձևով ձերբակալում են, ստորացնելով բերում են բաժին, դա տեսագրում-քցում են համացանց։

 

Ուղիղ երկու ամսից էլ տեղի ունեցավ ողբերգությունը… Որովհետև չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ում դրդմամբ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը»,- գրել է Մելիքյանը։

Վերլուծական