Հետևեք մեզ։

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը կամ ո՞րն է նրա՝ բոլորին լռեցնելու գաղտնիքը

16:27, 07 նոյեմբեր 2023
Ո՞ւր է Իշխան Զաքարյանը կամ ո՞րն է նրա՝ բոլորին լռեցնելու գաղտնիքը

Հնում ավանդույթ կար, բայց դա բաժանել է պետք երկու մասի, որովհետև մի մասը փոխվել է, մյուսը՝ չէ․ ընդդիմադիր նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը հարցը շարունակում է ակտուալ մնալ, բայց մյուս մասով փոխվել է՝ հարցն ակտուալ է, բայց այն հնչեցնող չկա։



Հետաքրքիրն այն է, որ նրա մասին լռում են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, առավել տարօրինակ է, որ անգամ նրանք են լռում, որոնց համար, որպես ընդդիմություն, այդ մանդատը պետք է որ չափազանց կարևոր լիներ։ Օրինակ, ոչ ոք այդ մարդուն չի հիշում։


Հետաքրքիր է նաև, ինչո՞ւ էր նրան Սերժ Սարգսյանն ընդգրել «Պատիվ ունեմ»-ի ցուցակի առաջին համարներում, հետաքրքիր է , թե ինչո՞ւ նա դուրս եկավ խմբակցությունից, բայց պահեց մանդատը, ինչո՞ւ այդպես էլ այս մասով սպառիչ մեկնաբանություն չտրվեց։


Հետաքրքիր է, արդյո՞ք ընդդիմությունը, կարևորելով այդ մեկ մանդատը, Իշխան Զաքարյանին ներքին կարգով պահանջ ներկայացրեց, որ հրաժարվի մանդատից, թե՞ ամեն ինչ կարգին է, իզուր էլ մտահոգվում ենք։


Իշխան Զաքարյանին վերջին անգամ տեսնողներ եղել են օգոստոս ամսին, երբ, ոչ որպես պատգամավոր, այլ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Վահագն Խաչատուրյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, և խոսել միայն այն մասին, որ իշխանության հետ շատ լավ աշխատում է, այսինքն, նա որևէ բացահայտում չէր էլ արել, դա պարզ է։



Իսկ ՔՊ-ն լուռ է, որովհետև Փաշինյանից այդ մասին խոսելու հրահանգ չկա, իսկ եթե Իշխան Զաքարյանին անձեռնմխելի պահելը փաստաթղթերով օրինական է, ու ՔՊ-ն կասի՝ նայեք փաստաթղթերը, ապա այդ մասին հենց Փաշինյանը, հենց Զաքարյանին վերաբերող նախադեպային պատասխան ունի․ «Ես ինչո՞ւ պետք է ձեզանից փաստաթուղթ ուզեմ, ես հարցը տալիս եմ, որ հանրությունը իմանա։ Ունեք ասելիք՝ ասեք, թող հանրությունը իմանա»։


Բայց, եթե ԱԺ-ն լուրեր չունի, իսկ Իշխան Զաքարյանին նեղություն տալ չի կարելի, դրա հերթն էլ կգա։


Օրինակ, հետաքրքիր է, երբևէ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին հետաքրքրե՞լ է, թե ինչով է զբաղված Իշխան Զաքարյանը, որ վերջին անգամ կամ գուցե միակ անգամ այդ հանձնաժողովի նիստին մասնակցել է 2022-ին փետրվարի 14-ին։ Թե՞ Իշխան Զաքարյանին հարցեր տալ չի կարելի։ Կամ, նույն  հանձնաժողովի անդամներին հետաքրքիր չէ՞, թե ուր է այդ մարդը, ի՞նչ է հայտնում Պապոյանին գրավոր ընթացակարգով, հայտնո՞ւմ է, թե՞ ոչ, կամ բացակայությունը հավերժակա՞ն է։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա հնում Իշխան Զաքարյանի բացակայությունների մասին Փաշինյանի հարցերին Գալուստ Գրիգորիչն էր պատասխանում և հորդորում էր, որ նիստերը չբոյկոտվեն, այլ փորձեն լսել Զաքարյանի բացատրությունը, թե ինչո՞ւ է Հաշվեքննիչ պալատի նախագահը միշտ բացակա, երբ պետք է ներկա լինի։

Նախկինում նույն Փաշինյանը, ավելի ճիշտ՝ նախկին Փաշինյանը, ԱԺ ամբիոնից անթիվ հարցեր էր ուղղում Իշխան Զաքարյանին։ Ներկա Փաշինյանն, ի վերջո, տեսնե՞ս ստացավ դեռևս 2013-ի իր հարցի պատասխանը՝ Իշխան Զաքարյանն, ի վերջո, առանձնատո՞ւն է կառուցել, թե՞ արտադրամաս, իսկ միգուցե, ինչպես Փաշինյանն էր ասում, որ Իշխան Զաքարյանը երաշխիք է ստացել Սերժ Սարգսյանից և երաշխիք տվել Սերժ Սարգսյանին, հիմա՞ էլ բան չի փոխվել։



Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե ՀԿ նախագահ Իշխան Զաքարյանին, ի՞նչն է խանգարում հրաժարվել մանդատից, եթե դրա ժամանակը չունի, կամ իր բացակայությունը եթե ոչինչ չի փոխում, ապա դրա դիմաց ինչո՞ւ է պետությունը նրան աշխատավարձ տալիս, պետության միջոցների վատնումը ոչ մի պատգամավորի հետաքրքիր չէ՞։


Թե՞ մանդատը նրա համար է, որ հիմա էլ Վարդանանց կրթահամալիրում աշխատանքի անցած նրա տիկին Գայանե Սողոմոնյանը հայտարարի, որ նա ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է, միայն դրա համար բա արժի՞ աշխատավարձ ու պարգևավճար տալ ու մանդատ զբաղեցնել, թող նախկին պաշտոնները թվարկի։


Ի դեպ, «հին Հայաստանում», օրինակ 2016-ին, ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Հիմա ներկան բացակայից չի տարբերվում, և հստակ չէ՝ ինչ է արվում։

Բացի այդ, ԱԺ կանաոնակարգ օրենքի 156-րդ հոդված գոյություն ունի, որը սահմանում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։

Լավ, ո՞րն է Իշխան Զաքարյանի՝ բոլորին լռեցնելու գաղտնիքը, բայց եթե շատ խորանաս, սրա մասին էլ Փաշինյանն ինչ-որ բան նախկինում ասել է։


Եվ ի վերջո, տեսնես ՔՊ-ն պարզե՞ց, թե Փաշինյանին էդքան հետաքրքրող «Էն կաբելն ի՞նչ եղավ», «կաբելը» մոռացա՞ք․․․