Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թ․ հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում (Հռոմի ստատուտ) ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննության արդյունքները՝ հայտարարելով, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Հիշեցնենք, որ կառավարությունը այս հարցը ՍԴ ուղարկելու վերաբերյալ որոշումը կայացրել էր 2022 թ․ դեկտեմբերի 29-ին և ՍԴ էր ուղարկել 2023-ի հունվարի 3-ին՝ դրանում ամրագրելով նաև հետադարձորեն ճանաչելու դրույթը, որը տարածվելու է կոնկրետ ժամկետից հետո։ Նշենք, որ Հռոմի ստատուտը Հայաստանը ստորագրել էր 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չէր վավերացրել։ ՍԴ-ի այսօրվա որոշումից հետո նախագիծը պետք է ուղարկվի նաև խորհրդարան՝ վավերացման։ Նշենք, որ ՍԴ-ում այս հարցի քննությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես այն պահից, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց։
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանից Hayastan.news-ը փորձեց պարզել՝ ի՞նչ է իրենից ենթադրում Հռոմի ստատուտի վավերացումը, արդյոք այն հետադարձ ուժ ունի՞, թե ոչ, և Հայաստանը պարտավորվելո՞ւ է կատարել Միջազգային քրեական դատարանի՝ նախկինում կայացրած որոշումները, այդ թվում՝ Պուտինին ձերբակալելու վերաբերյալ։
«Եթե նկատեցիք, որոշման եզրափակիչ մասը հրապարակելիս Սահմանադրական դատարանի նախագահը հիշատակեց ոչ միայն Հռոմի ստատուտով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին, այլև հետադարձության հետ կապված դրույթի, իսկ հետադարձությունը հաշվարկվում է 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00։00-ից սկսած, քանի որ կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում այդ ժամկետն է սահմանված եղել։ Դա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ հետադարձության կարգով, ճանաչվում է այդ ժամկետից սկսած, այսինքն՝ դրանից հետ չենք գնում»,-ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
-Իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել կառավարության համար, որ հենց 2021 թվականի մայիսի 10-ն է ընդունել որպես մեկնակետ։
-Ես ունեմ իմ մեկնաբանությունը, բայց կարող է իմ զուտ իրավական մեկնաբանությունը կամայական մեկնաբանությունների տեղիք տա։ Ամենայն հավանականությամբ, զուտ ենթադրելով եմ ասում, հիշում եք՝ 2021 թ․մայիսի 12-ից սկսած իրադարձությունները Հայաստանի սուվերեն տարածքի հետ կապված։
-Սև լճի 30 տոկոսի գրավո՞ւմը նկատի ունեք։
-Այո, ենթադրում եմ, որ դա է հիմք ընդունվել։
-Լավ, հիմա վերցնենք հենց Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը, արդյո՞ք մեր կողմից այս համաձայնագրի վավերացումը նշանակում է, որ եթե Վլադիմիր Պուտինն առաջիկայում ժամանակի Հայաստան, Հայաստանը պարտավորված պետք է լինի ձերբակալելու ՌԴ նախագահին, ճի՞շտն եմ հասկանում։
-Քանի որ ես զուտ պատասխանատու եմ որպես կոլեգիալ մարմնի դատավորներից ընդամենը մեկը, առաջարկում եմ մնանք բացառապես իրավական հարթությունում։ Ընդամենը մի բան նշեմ՝ չարժե ընկնել ենթադրությունների կամ շահարկումների դաշտ, հիմա եթե այդ տեսանկյունից հարցին մոտենանք՝ ով ինչպես ուզի, այդպես կարող է մեկնաբանել։ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված էր բացառապես իրավական խնդիր՝ ստատուտով ամրագրված պարտավորությունները համապատասխանո՞ւմ են մեր հիմնական օրենքին, թե՞ ոչ։
-Հաշվի առնելով մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերը Սև լճի հետ կապված՝ արդյ՞ոք կառավարությունն այս նախագծով նպատակ է հետապդնել, որ վաղը կարողանա դիմել Միջազգային քրեական դատարանը ընդդեմ Իլհամ Ալիևի՝ հասնելով նրան ձերբակալելու որոշման։
-Այսպես ասեմ՝ նպատակը բացառապես իրավական է, երբ որոշմանը ծանոթանաք կտեսնեք, մնացյալը արդեն, թե ինչ կարող է լինել՝ Ձեր նշած Պուտինի հնարավոր ձերբակալություն, Ալիևի հնարավոր ձերբակալություն, դա, ըստ իս, ավելի շատ քաղաքական իշխանության մեկնաբանման տիրույթում է։ Լրագրողական շրջանակների հետաքրքրությունը հասկանում եմ, բայց ես կառաջարկեմ այդ շահարկումների տիրույթ ակամայից չմտնել։ Միայն նշեմ, որ այստեղ առանձնացված են հանցագործություններ՝ մարդկության դեմ ուղղված, ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և ագրեսիա։
-Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Հռոմի ստատուտին միանալու նպատակն այն է, որ հարկ եղած դեպքում կարողանանք նաև դիմել այդ դատարանին, օրինակ՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու հարցով։
-Ադրբեջանը դրան չի միացել, չգիտեմ՝ իմ այս պատասխանից ինչ հետևության կգաք, ընդամենը մի բան ասեմ կարճ, որ ստանձնվող պարտավորությունների շրջանակլը չափազանց լայն է, հնարավոր չէ սպառիչ այդ ցանկը թվարկել, այնուամենաինիվ, հիմնական պարտավորությունը, ինչպես ցանկացած միջազգային այլ պայմանագրի դեպքում, որի սահմանադրականությունը ստուգվում է, առանձին կետով կա։
-Ես նկատի ունեմ` եթե պետությունը չի միացել Հռոմի ստատուտին, իրավունք ունի՞ առանց միանալու դիմել Միջազգային քրեական դատարան։
-Մի պարզ բան ասեմ, հուսով եմ՝ դրանից հետևություն կանեք՝ եթե այդպես լիներ, ինչո՞ւ մինչև հիմա չէինք գնացել դրան։ Իմ համոզմամբ՝ այն շատ կարևոր թե՛ իրավական, թե՛ քաղաքական գործիք է մեր երկրի շահերը գոնե արտաքին ճակատում այս ֆրոնտով առաջ տանելու համար։ Թե ինչ արդյունքի կհասնենք, չեմ ուզում արդյունավետությունը ենթադրությունների դաշտում գնահատել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ