Հետևեք մեզ։

«Հայաստանը ոտնահարել է մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյանին և անհիմն մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցրել

23:26, 10 նոյեմբեր 2023
«Հայաստանը ոտնահարել է մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյանին և անհիմն մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցրել

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, ըստ նրանց՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին էթնիկ զտումների չի ենթարկել։

Բաքվի ԱԳՆ-ն շրջանառել է նոր թիվ․  «Հայաստանը, որը շուրջ 30 տարվա ագրեսիվ քաղաքականության ընթացքում ոտնահարել է մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, իրականացրել աննախադեպ ցեղասպանություն և ջարդեր ադրբեջանցիների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի դեմ, բարոյական իրավունք չունի մեղադրելու Ադրբեջանին «էթնիկ զտումների մեջ»։ 

Խմբագրումներով ներկայացնելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պատմվածքը, նրանք հայտնում են, թե իբր  տարածաշրջան այցելած և նաև Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին հակասում է այն, թե հայերը ենթարկվել են էթնիկ զտումների։

Հավանաբար, Բաքվի ԱԳՆ-ն նկատի ունի դատարկված Ստեփանակերտում բաց խանութ ու անկած կենդանի որոնող ՄԱԿ-ից մի խմբի, որի անունն առաքելություն էր։

«Բոլորովին անհիմն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի` հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը Հայաստանի վարչապետի կողմից որակվել է որպես «տարածքային պահանջներ» և «ագրեսիայի նախապատրաստում» Հայաստանի դեմ։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հենց Ադրբեջանն է խաղաղություն առաջարկել Հայաստանին՝ հիմնված 5 հիմնական սկզբունքների վրա. Հայաստանը շարունակում է ոտնահարել այս սկզբունքները՝ մեր երկրին ուղղված իր պահանջներով»,-ասվում է Բաքվի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։  

 

Հիշեցնենք, որ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում ասել էր․ 

«Ֆորումի փաստաթղթերի հիմնական արձանագրություններից մեկն այն է, որ աշխարհում 2 միլիարդ մարդ ապրում է հակամարտություններից տուժած շրջաններում: Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ավելի ճշգրիտ կլինի այդ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։

500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։

Իսկ մինչ այդ, Խորհրդային Միության օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։
2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:

Մենք երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ նման հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ հատկապես 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։

Այնուամենայնիվ, հարգելի մասնակիցներ, ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։

Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ»։