Հետևեք մեզ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականատեր է փոխվել․ ովքե՞ր են նոր բաժնետերերը․ civilnet.am

14:25, 12 նոյեմբեր 2023
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականատեր է փոխվել․ ովքե՞ր են նոր բաժնետերերը․ civilnet.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 12,5 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայլ Զուրաբովը այլևս կոմբինատի բաժնետեր չէ։ Սա երևում է կոմբինատի իրական շահառուների հայտարարագրից, որը ներկայացվել է հոկտեմբերի 20-ին։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը։

Զուրաբովը Պղնձամոլիբդենայինում բաժնեմասը տնօրինում էր «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» և Walnort Finance Limited ընկերությունների միջոցով։ Նա բաժնեմասը հանքավայրում ձեռք էր բերել 2020-ին։ ԶՊՄԿ-ի բաժնեմասի այս հատվածի հետքերն ի վերջո հասնում էին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերություն։ Դեռ 2019-ին գրել էր լրատվամիջոցը, որ Walnort Finance Limited-ը գրանցված է նույն հասցեում, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Բացի այդ, Միխայիլ Զուրաբովը տնօրենների խորհրդի անդամ ու համասեփականատեր էր Վանեցյաններին պատկանող Exoil Group-ում, որը բուսայուղերի խոշոր արտադրող է։ Զուրաբովն իր բաժնեմասը վաճառել ու տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել այս ամռանը։ Ինչևէ, 2020-ից կոմբինատի 12,5 տոկոսը տնօրինում էր Զուրաբովը։

 

Բացի այն, որ ԶՊՄԿ իրական շահառուների ցանկի վերջին տվյալներում Զուրաբովի անունը բացակայում է, փայաբաժնի սեփականատիրոջ փոփոխության մասին է վկայում միջանկյալ ընկերությունում փոփոխությունը, որ պատկանում էր Զուրաբովին։ Մասնավորապես, եթե նախկինում «Զանգեզուր մայնինգ»-ի միակ բաժնետերը Զուրաբովն էր, այժմ ընկերության նոր սեփականատերեր են դարձել Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։ Զուրաբովն այլևս չի հիշատակվում որպես ընկերության սեփականատեր։ Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիները այսպիսով դարձել են Պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերեր։ Նրանք գործարքն իրականացրել ու բաժնեմասը ձեռք են բերել Շվեյցարիայում գրանցված Bell Capital Switzerland ընկերության միջոցով։

 

Bell Capital Switzerland. իրավաբանական ընկերություն՝ հեռահար նպատակներով

Իգնասիո Գուայան ու Կարլոս Բալեստերոս Չերպը Bell Capital Switzerland-ը հիմնել են 2021-ին։ Ընկերությունը զբաղվում է խորհրդատվությամբ, իրավական աջակցությամբ, տարբեր գործարքների կազմակերպմամբ։

ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում են, որ Զուրաբովի և Bell Capital-ի միջև այս գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին։ 2021-ին Զուրաբովը դատի էր տվել ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր, ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի ընկերությանը։ Զուրաբովը հայաստանյան դատական ատյաններում պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի հիմնական բաժնեմասի վաճառքը Տրոցենկոյին։ Հայցի հիմքում այն հանգամանքն է, որ ըստ ԶՊՄԿ կանոնադրության՝ կոմբինատն իր բաժնեմասը վաճառելիս պետք է նախևառաջ առաջարկեր բաժնետերերին։ Զուրաբովը մեկ այլ հայցով պահանջում է անվավեր ճանաչել Տրոցենկոյի կողմից կոմբինատի 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը։

 

Հայկական դատական ատյաններում Զուրաբովը դեռ հաջողություններ չունի։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ նրա բաժնեմասի վաճառքն իրավաբանական ընկերության մի քանի առանձնահատկություն ունի.

  1. Շվեյցարական ընկերությունն իրականում իրավաբանական-ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է դատական խոշոր գործընթացներով։ Ընկերությունը ձեռք է բերում վիճելի ակտիվ, որը հնարավորություն ունի դատական ատյանում հաջողության հասնելու։ Հետագայում դատական հաջողությունից հետո ընկերությունը կարող է ունենալ մեծ փոխհատուցում և ըստ էության արդարացնել կատարած ներդրումը։
  2. Եթե համարենք, որ Զուրաբովի բաժնեմասի ձեռքբերողներից Իգնասիո Գուայան մասնագիտացած է միջազգային առևտրային արբիտրաժի գործերում, այս սցենարը իրատեսական է։ Սա կարող է նշանակել նաև, որ Պղնձամոլիբդենայինում բաժնեմասերի վաճառքի շուրջ Զուրաբովի, Տրոցենկոյի ու ՀՀ կառավարության վեճը կարող է շարունակվել միջազգային արբիտրաժային դատարաններում։ Սա գնորդի համար կարող էր հետաքրքիր հնարավորություն լինել։
  3. Դեռ հստակ չէ՝ Զուրաբովի և Bell Capital-ի միջև բաժնեմասի փոխանցման գործարքն ինչ պայմաններ ունի։ Եթե Bell Capital-ը իրավաբանական ընկերություն է, որ ԶՊՄԿ բաժնեմասի հետ ձեռք է բերել նաև դատական գործը, ապա դա կարող է նշանակել, որ Զուրաբովն ու շվեյցարական ընկերությունը կարող էին լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել դատական գործընթացի դրական ելքից բխող փոխհատուցումների վերաբերյալ։

Տրոցենկոն՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ

Ամեն ինչ հարթ չէ նաև Պղնձամոլիբդենայինի մեծամասնական բաժնետեր Ռոման Տրոցենկոյի մոտ. նրա որդին՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր Գլեբ Տրոցենկոն, անցած շաբաթվանից հայտնվեց ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների ցանկում։ Ըստ հաղորդագրության՝ Տրոցենկոների ընտանիքը ռուսական մեծահարուստ ընտանիք է, որը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ՝ «իրենց հարստությունը պահելու համար»։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Տրոցենկոների ընտանիքին պատկանող Aeon Corporation ներդրումային ընկերությունը, շինարարական, մետաղական այլ ընկերոթյուններ ևս։ Ցանկից բացակայում էին «Գեպրոմայնինգ գոլդ»-ն ու ԶՊՄԿ-ն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։