Հետևեք մեզ։

Կառավարությունը ջանքեր է գործադրել, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցներն ապահովված լինեն կեցության պատշաճ պայմաններով. փոխվարչապետ

19:14, 15 նոյեմբեր 2023
Կառավարությունը ջանքեր է գործադրել, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցներն ապահովված լինեն կեցության պատշաճ պայմաններով. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արտահերթ ելույթում խոսել է 2024 թվականի բյուջեի նախագծով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին: Նա նշել է, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով կարեւորվել է ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացումը տնտեսական ներուժի ավելացման նպատակով:

 

«2021-2023 թվականներին փաստացի, ինչպես նաեւ 2024 թվականին նախատեսված կապիտալ ծախսերի աճը հաստատում են Կառավարության հանձնառության իրագործման նկատելի առաջընթացը»,- ասել է փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականի տեսական բյուջեի կապիտալ ծախսերը 695,3 մլրդ դրամ են, ինչը ՀՆԱ-ի 6,6 տոկոսն է: 2023 թվականի կապիտալ  ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսը: Ծրագրային երեք տարիների ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին կրկնապատկված կլինեն:

 

«Սեպտեմբերի վերջին, երբ ցավալի իրողություն դարձավ ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, Կառավարությունը ջանքեր է գործադրել, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցներն ապահովված լինեն կեցության պատշաճ պայմաններով»,- նշել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ կարելի է արձանագրել, որ լուծումներ են տրվել մի շարք հրատապ հարցերի:

 

Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր հաշվառված է եւ կրթություն է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 936 աշակերտ, միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթությունն են շարունակում 1014-ը, իսկ բուհերում՝ 1797-ը: Բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 145-ը դիմել է ԿԳՄՍՆ՝ ուսուցչական աշխատանքի անցնելու համար, որոնցից 105-ն արդեն գործուղվել է համապատասխան աշխատանքի: Պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հաշվառվել են 56.440-ը, ավելի քան 100 բուժաշխատողներ աշխատանքի են անցել տարբեր առողջապահական կազմակերպություններում: