Հետևեք մեզ։

Հովանավորչություն դատախազությունում․ ի՞նչ է թաքցնում Աննա Վարդապետյանը

12:42, 18 նոյեմբեր 2023
Հովանավորչություն դատախազությունում․ ի՞նչ է թաքցնում Աննա Վարդապետյանը

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ «հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է»:  Նա համարձակություն է ունեցել նաև պնդելու, որ «դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»։

 

Վարդապետյանի այս հայտարարությունը խղճահարություն է առաջացնում, որովհետև մի կողմից գիտես, որ նա ուսանողներին այդ ոգեշունչ ձևակերպումներով մոլորեցնելու պահին էլ մտքում լավ հիշում է, թե քանի հոգու է ինքը հովանավորում և քանի հոգու է խնդրանքների արդյունքում նշանակել, իսկ մյուս կողմից շատ բան կա, որ նա չգիտի և չկա այնքան, որ իմանա։

 

Առնվազն անամոթ պետք է լինել՝ հրապարակային հայտարարելու համար, որ դատախազությունում որևէ մեկին չեն հովանավորում, երբ նույն դատախազությունում բոլորը գիտեն, որ իր գլխավոր դատախազ նշանակվելուց  օրեր անց առաջխաղացումներ է ապահովել մտերիմների համար, ովքեր ոչ միայն երբեք աշխատելով աչքի չեն ընկել, այլև հավանաբար «աշխատել» բառն անսխալ գրել չեն կարող։ Ամոթի զգացումի լրջագույն պակաս է պետք ունենալ դատախազության ողջ համակարգի առաջ հայտարարելիս, որ մտերիմների հովանավորչություն չկա, երբ ողջ համակարգն է տեսնում, թե ինչպես է ինքը հովանավորում մտերիմներին այնպես, որ նրանց աշխատանքն էլ ուրիշները կատարեն, իսկ նրանք աշխատանքից բացի ամեն ինչով զբաղվելու պայմաններում ոչ միայն առաջխաղացումներ ունենան, այլ նաև լուծեն ուրիշների պաշտոնների նշանակման ու առաջխաղացումների հարցերը։

 

Աննա Վարդապետյանը, փաստորեն, գլխավոր դատախազ աշխատելով հանդերձ, չի հասկանում նույնիսկ, որ իր հայտարարությունը կարդալու են նաև նրանք, ովքեր հենց խնդրանքների արդյունքում են դատախազ նշանավել կամ տեղափոխվել ավելի հարմար վայրում աշխատելու։ Վարդապետյանը չի հասկանում, որ խաբելու համար իրեն հայհոյելու են նույնիսկ նրանք, ովքեր հենց խնդրանոով ու հովանավորչության արդյունքում են այս կամ այն պաշտոնը զբաղեցնում։

 

«Որևէ մեկի համար խնդրել չի կարելի» հայտարարող գլխավոր դատախազը դեռ վստահաբար առիթներ ունենալու է բացատրել, թե ում խնդրանքներով են կոնկրետ մարդիկ կոնկրետ՝ այդ թվում շատ բարձր պաշտոններ զբաղեցնում, նա դեռ հաստատ գրավոր բացատրություններ տալու է, թե ինչպես իր բարեկամները, մտերիմները, շատ մտերիմները կամ հատուկ մտերիմն իր նշանակումից հետո լույսի արագությամբ տեղավորվել ավելի բարձր ու ավելի հարմար պաշտոններում, նա դեռ կխոսի, թե ինչպես, եթե ոչ կոնկրետ մտերիմների խնդրանքներով է այս ու այն կողմ տեղափոխել դատախազներին, ում աշխատանքում ճանաչել չէր կարող։

 

Քանի որ հովանավորչությունը կոռուպցիա է, իսկ Աննա Վարդապետյանը գիտի դրա մասին, նա կարճ ժամանակ անց առիթներ կունենա պատմելու նաև գործերով հովանավորչության, դրանցով կոնկրետ խնդրանքների, իր արած հովանավորչությունների մասին։ Նա դեռ մանրամասն ցուցմունքներ կտա, թե ինչպես է մարդկանց կալանավորելու համար հենց ինքը խնդրանքներ ներկայացնում և ինչպես։

 

Իսկ Աննա Վարդապետյանին խղճալ պետք է երկու առիթով։ Նախ, հավանաբար նրա ստի մեջ ճշմարտության փոքրիկ բաժին կա։ Դա այն է, որ Աննա Վարդապետյանին տարբեր մարդկանց համար ոչ թե խնդրում են, այլ հրահանգում, և նա ինքն էլ գիտակցում է, որ ինքը չարժե այնքան, որ իրեն որևէ բան խնդրեն։ Աննա Վարդապետյանը լավ գիտի, որ իրեն ոչ թե խնդրում են սրան կամ նրան դատախազ նշանակել կամ մարզից մայրաքաղաք տեղափոխել, այլ հրահանգում, իսկ ինքը գլխավոր դատախազի պաշտոնից այնքան է բացակայում, որ չի էլ կարող չկատարել դրանք։ Դատախազությունում բոլորը գիտեն, որ Աննա Վարդապետյանը զբաղված է ոչ թե մարդկանց քրեական գործերով, այլ, լավագույն դեպքում, իր նեղ շրջապատի մարդկանց խրախուսումներով։ Դատախազությունում, ի հեճուկս Աննա Վարդապետյանի պնդումների, լավ գիտեն, որ նա իրականում զբաղված է միայն իր անհաջող PR-ով, ու դրա ժամանակ իր տատիկների ու պապիկների մասին պատմություններով։

 

Աննա Վարդապետյանին խղճալ պետք է նաև նրա համար, որ նա տեղյակ չէ, թե ինչո՞վ են զբաղված իր նշանակած դատախազները, ի՞նչ խնդրանքներ են կատարում, ումի՞ց են ստանում այդ խնդրանքները և ի՞նչ են ստանում այդ խնդրանքները կատարելու դիմաց։

 

Ի դեպ, Աննա Վարդապետյանը կարող է նաև հերքում պահանջել, եթե ցանկանում է, որ հրապարակենք այն դատախազների անուններն ու ազգանունները, ում համար խնդրանքներ է ստացել ու կատարել և ում հովանավորում է․․․

Վերլուծական