Հետևեք մեզ։

Թավշյա հեղափոխությանը մենք խոստացել ենք, որ պետությունից գողացված գույքը վերադարձնենք․ Փաշինյանի բարձրացրած թեմային Աննա Վարդապետյանը ներկայացել է նախապես պատրաստված, հետն էլ վկայական էր տարել

17:38, 23 նոյեմբեր 2023
Թավշյա հեղափոխությանը մենք խոստացել ենք, որ պետությունից գողացված գույքը վերադարձնենք․ Փաշինյանի բարձրացրած թեմային Աննա Վարդապետյանը ներկայացել է նախապես պատրաստված, հետն էլ վկայական էր տարել

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող ԱՕԿՍ-ի շենքի մասին, որը ժամանակին ապօրինի կերպով մասնավորեցվել է։

Աննա Վարդապետյանը, նախապես նիստին գնացել է համապատասխան թեմային պատրաստված և վկայականով՝ տեղյակ լինելով, թե ինչի մասին է խոսելու Փաշինյանը, կամ գուցե  մանրամասներ է ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: «Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 701.4քմ, զբաղեցրած հողատարածքը՝ 467 քմ: Մի փոքր շտկում գույքի արժեքի վերաբերյալ՝ այն մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ է: 2011 թվականի դրությամբ շենքի և հողամասի շուկայական արժեքը գրանցվել է 1,5 մլրդ դրամ, ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է իմ կողմից նշված թիվը»:

Աննա Վարդապետյանը անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտին և նշել. «Դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: Վերոնշյալ անշարժ գույքերի ցանկում ներառված են Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը»:

Նա հայտնել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:

2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Հաղթանակ զբոսայգու՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը: «Վարչական դատարանի ակտը կողմը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ վարչական դատարանում նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը հայտնել է նաև, որ բացի այդ, ներկայացվել են մի շարք հայցեր, որոնք վերաբերում են՝ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասին, Սախարովի հրապարակի մաս կազմող՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող գույքին, «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասն օտարելուն, «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը, «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը, Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասի վաճառքին, Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող՝ «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացին, Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված 31 հազար 780,0 քմ մակերեսով հողամասի օտարմանը, Հաղթանակ զբոսայգուն հարող Բաբայան և Ուլնեցու հատման հատվածներում գտնվող՝ ընդհանուր 8800 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացին:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ. «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում՝ մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»։

Ըստ վարչապետի՝ գործադիր իշխանության համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքին համապատասխան, և այդ ընթացքում շատ աշխատանք և էական բարեփոխումներ են կատարվել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Քննչական կոմիտեում, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը և այլն: «Բայց երբ այս ամենը փորձ ենք անում վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց մեծ հաշվով չկան արդյունքներ։ Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ, և ես օրինակ, տպավորություն ունեմ, որ կարող են այդ գործերը 25 տարի տևել։ Եվ սա մեծ խնդիր է, և կարող է տպավորություն թողնել մարդկանց շրջանում, թե կառավարությունը և կառավարող մեծամասնությունն, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային գործարքների մեջ են, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները տեղի են ունենում։ Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում: Եվ կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ հակակոռուպցիոն պայքարի գործընթացում առկա է մեծ խնդիր: «Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք և բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: