Հետևեք մեզ։

«Գլորված բոչկաներ» ու անգրագետ խաղ կառավարության նիստում

22:36, 24 նոյեմբեր 2023
«Գլորված բոչկաներ» ու անգրագետ խաղ կառավարության նիստում

Կարծում եմ, որևէ մեկն այլևս չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Վարդապետյանի կողմից կառավարության նիստում արարվող պարզունակ կլոունադայի սցենարիստը, լավագույն դեպքում, ինքը՝ Գոռ Վարդանյանն է։ «Պատահաբար բացված» թեմայով նախապես պատրաստված տեղեկանքները կարդալիս նրանց դեմքին մոտավորապես նույնքան լրջություն կա, որքան հայկական մարտաֆիլմերի գլխավոր հերոսի դեմքին՝ քրեականի անպարտելի պետի դերը խաղալիս։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նորից «պատահաբար», բոլորովին «հանկարծակի» հիշեց, որ Երևանում մի պատմամշակութային շենք կա, որը նախկինում սեփականաշնորհվել էր, իսկ վերջերս վերադարձվել է պետությանը։ Ապա խոսքը տվեց «գերազանցիկին» և ասաց՝ մենք պատմելու տեղը դու պատմի, ու նա այս անգամ զեկույցն սկսեց՝ առանց զգուշացնելու, որ զեկուցելու է։ Աննա Վարդապետյանն սկսեց խոսել այդ շենքի արժեքի մասին և թղթապանակից «գտավ» սեփականության իրավունքի վկայականն ու սկսեց արտասանել նախապես արված անգիրը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գեղեցիկ է, երբ կառավարության ղեկավարը «պատահաբար» մտահոգություններ է հայտնում ոչ ավել, ոչ պակաս կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ու գլխավոր դատախազը արագ-արագ ներկայացնում է հաջողություններն ու անհաջողությունները, ապա թղթապանակից հանում սեփականության վկայականն ու ․․․

Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ նիստին կոռուպցիայի հանդեպ անհանդուրժող Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել էր, կամ որ թեկուզ նա գիտի, թե ինչ շենքի մասին էր իրականում խոսքը, կամ որ Աննա Վարդապետյանը կոռուպցիայի դեմ պայքարի իր հաջողությունների մասին տեղեկանքներից ամենուր անբաժան է, ապա պետք է հիասթափվել։ Աննա Վարդապետյանը սեփականաշնորհված կամ վերադարձված գույքից ոչինչ չի հասկանում ու դրա չափերն ու արժեքներն էլ չգիտի, կամ եթե գիտի էլ, ապա գիտի այն գույքերի արժեքները, որոնց սեփականաշնորհմանը ժամանակին մասնակցել են իրեն հարազատ մարդիկ։ Իսկ առհասարակ, նույն շենքի քմ-ն կարելի էր անգիր ասել նաև առանց վկայականի, ո՞րն է բեմադրության՝ վկայականը տեսախցիկների առջև պարզելու իմաստը, եթե շոուի սիրահար չես։

Իսկ երեկվա մանկական խաղն իրականում սկսվել է կառավարության նիստից առաջ, երբ Վարդապետյանը տեղեկանքներով զեկուցման է գնացել վարչապետի մոտ, զեկուցման արդյունքները վերջինիս դուր են եկել՝ որպես թալանածը հետ բերելու խոստումը կատարելու ապացույց, ու նա որոշել էր միամիտ դեմքով ԱՕԿՍ-ի շենքի մասին «հազիվհազ հիշել» ու ձայնը տալ նրան, ում ձայնը այլ մարմինների, ասենք ԱԱԾ-ի հետ շփումներում, հազիվ է լսելի։

Հա, ի դեպ, կամ Աննա Վարդապետյանն էր սխալ զեկուցել, կամ էլ Նիկոլ Փաշինյանն իսկապես իրեն զեկուցված մի քանի բաները շփոթում էր։ Նիկոլ Փաշինյանի նշած ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է ոչ թե ապօրինի գույքի վերադարձման մեխանիզմով, ինչպես ինքն էր ասում նիստին, այլ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ապօրինի կալանավորելու և նրա հոր վարույթի արդյունքում։ Ի դեպ, սխալ էր նաև Աննա Վարդապետյանը․ գույքը չի վերադարձվել Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ ինչպես ինքն էր ասում, Դատախազությունը հայցը ներկայացրել էր Վարչական դատարան, որովհետև վերաբերում էր Կադաստրի կոմիտեի իրավունքի պետական գրանցումներին։

Բայց կառավարության նիստը երեկ ուշագրավ էր նրանով, որ այս հակակոռուպցիոն թնջուկն ու դժգոհությունները անհասցե չէին։ Դրանք հաստատումն են խոսակցությունների, որ Սասուն Խաչատրյանը շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին։ Կոռուպցիայի դեմ պայքարից Նիկոլ Փաշինյանը դժգոհել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օրվան նվիրված միջոցառմանը և դրան ևս հաջորդեց Աննա Վարդապետյանի «գերազանցիկական» խաղը։ Նա հասել է աշխատանքի վայր ու մի հրապարակում տվել այն մասին, թե Սասուն Խաչատրյանի անգործության ֆոնին ինքն ինչքան «հակակոռւպցիոն է»։

Սասուն Խաչատրյանը նույնպես չլռեց նիստին, և դրսևորվեց իր հերթին՝ իր ոճով։ Սասուն Խաչատրյանն իր փրկությունը գտավ տակառը ուրիշների ուղղությամբ գլորելու մեջ, բայց նրա տակառը չափազանց հին էր։ Սասուն Խաչատրյանը որոշեց կոռուպցիայի դեմ պայքարի անհաջողությունների մեջ մեղադրել դատարաններին՝ օրինակ բերելով վերջերս դատարան ուղարկված մի գործ ու պնդելով, որ գործերը չեն քննվում, որովհետև մարդկանց չեն կալանավորում։ Այսինքն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը,աստղաբաշխական աշխատավարձ ստանալով կոռուպցիան արմատախիլ անելու համար, մի քանի մանր-մունր գործեր բացահայտելուց բացի ոչնչով աչքի չի ընկել, կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում է մարդկանց համատարած կալանավորելու մեջ։

Չգիտեմ էլ Սասուն Խաչատրյանը հասկանում է արդյո՞ք, թե ինչքան է իրեն իսկ սպառնում իր առաջարկը, բայց այնպես չէ, որ նիստում կոռուպցիայի մասին անհանգստացողները իրավունք ունեն խոսել կոռուպցիայի մասին։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մասին խոսել չի կարող, որովհետև հենց ինքն է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Սասուն Խաչատրյանին, մարդու, ով կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության դեպքում այդտեղ որ միանշանակ լինել չէր կարող։ Վարչապետին արձագանքում ու հակակոռուպցիոն հեքիաթներ էր պատմում մեկը՝ գլխավոր դատախազը, որ հրապարակային ելույթ է ունենում հովանավորչության մասին ու ձեռքի տակ պահում հովանավորյալներ, կամ խոսում է թալանից ու «մոռանում է» «ներկայացուցչական ծախսերի» մասին։

Ի դեպ, կոռուպցիա է նաև, երբ մարդկանց կալանավորում են զանգերի միջոցով, իսկ դրան դեռ կանդրադառնանք․․․

Վերլուծական