Եթե Երևան քաղաքում ընդդիմությունը կարողանա իշխանություն վերցնել, ապա իշխանափոխության խնդիրը շատ ավելի հեշտ կլինի։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը, թեև 2018-ի իշխանափոխությունից հետո տեղափոխվել է Կանադա և ընտանիքով այնտեղ բնակություն հաստատել, բայց ակտիվորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքական գործընթացներին։ Hayastan.news-ի հետ զրույցում խոսելով այս տարի սպասվող Երևանի ավագանու ընտրությունների և Հայաստանում գլխավոր օրակարգի մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին մեր երկրի թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է, բայց Երևանի քաղաքապետի ընտրություններն էլ շատ կարևոր են, քանի որ Երևանը տնտեսական, կրթական, մակութային և այլ ռեսուրսների առումով Հայաստանի կեսն է․
-Անկախ նրանից, թե ով ինչպիսի օրակարգ ունի՝ ընտրություններ, իշխանափոխություն, այնուամենայնիվ, կարծում եմ՝ անվտանգությունն է գլխավոր խնդիրը, և այդ խնդրի լուծման համար ես, ցավոք, տեսնում եմ, որ իշխանափոխության անհրաժեշտություն կա, որովհետև ներկա իշխանություններն արդեն ձախողել են այդ խնդիրը 44-օրյա պատերազմի ժամանակ, և որքան էլ հները իրապես մեղավոր լինեն այդ պարտված պատերազմում, բայց առաջին մեղավորը, բնականաբար, գործող իշխանությունն է։
-Հետևաբար, քաղաքական ուժերը պե՞տք է այս փուլում կենտրոնանան Երևանի ավագանու ընտրույթւոնների վրա՝ փորձելով վերցնել քաղաքային իշխանությունը, թե՞ պետք է կենտրոնանան միայն իշխանափոխույան օրակարգի վրա։
-Պարտադիր պետք է մասնակցեն, մեկը մյուսին չի բացառում, նույնիսկ կարող է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները խթանեն մյուս գործընթացներին, և եթե Երևան քաղաքում ընդդիմությունը կարողանա իշխանություն վերցնել, ապա այդ դեպքում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի երկրում, և իշխանափոխության խնդիրը շատ ավելի հեշտ կլինի։
-Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն այսօր, այս իրավիճակում, ու նաև նրանց ներկայացրած թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, որ այսօր փոքխաղաքապետի պաշտոնում կարծես քարոզարշավ է սկսել, շանսեր ունե՞ն հաղթելու «վերագրավելու» քաղաքը։
-Եթե ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ լինեն, այս պահին դժվար եմ պատկերացնում, որ Ավինյանը կհաղթի, որովհետև 2021 թվականին ՔՊ-ն, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում չկարողացավ հաղթել։ Առավել ևս Ավինյանի պարագայում դժվար եմ պատկերացնում, որ կհաղթի։ Միակ հաղթելու հնարավորությունը, եթե ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ լինեն, կլինի այն դեպքում, երբ հին ընդդիմությունը չմիավորվի և տարբեր թեկնածուներով մասնակցի, միմյանց դեմ պայքարեն։ Իսկ եթե հին ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա, ես կարծում եմ՝ իրենք բոլոր հնարավորությորններն ունեն շատ լավ պայքարելու և հաջողություններ արձանագրելու։
-Այդ «հին ընդդիմություն» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք կամ ո՞վ է մնացել իրենցից։
-Ես ոչ մեկի անունը չեմ տա՝ որպես թեկնածու, քանի որ ես այդտեղ՝ Հայաստանում չեմ, կարծում եմ՝ իմ հին ընդդիմադիր գործընկերները միմյանց հետ խորհրդակցությունների արդյունքում կարող են այդ արժանի թեկնածուին գտնել։
-Ես հիշում եմ՝ նախորդ գումարումների խորհրդարանում ընդդիմություն էիք Դուք՝ ի դեմս «Ժառանգություն» կուսակցության, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն էին ինչ-որ փուլում ընդդիմություն, ՀԱԿ-ն էր ընդդիմություն, հետո նաև «Լուսավոր Հայաստանը» մի պահ ընդդիմություն եղավ, այս ուժերից որի՞ն նկատի ունեք, և արդյոք իրենք կարո՞ղ են միավորվել…
-Իրենց այդքան էլ չէ, որովհետև Դաշնակցությունն այս պահին պաշտոնական ընդդիմության մեջ է, և որոշակիորեն այլ ուղղությամբ է ընթանում, ԲՀԿ-ն չգիտեմ՝ որքանով կարող է անկախ, ինքնուրույն գործել այս պահին, նկատի ունեմ՝ թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանություններից անկախ։ ՕԵԿ-ի մասին չխոսենք, որովհետև այն, ինչ 2008 թվականին ՕԵԿ-ն արեց, դրանից հետո՝ որպես քաղաքական միավոր, ցավոք, ինքը հասարակության կողմից ընդունելի չեղավ։ Ես նկատի ունեմ այն ուժերին, որոնք այդ երեքից դուրս են։ Իրենք, ես կարծում եմ, կարող են լավ թեկնածու ընտրել, այդ թվում՝ նաև երիտասարդ գործիչներ կան, որոնք այս ժամանակահատվածում և՛ նախորդներից սկսած՝ պայքարի փորձ ունեն, և՛ իսկապես իրենց հայրենասիրությունն ու ազնվությունը կասկածի ենթակա չէ ինձ համար։ Կան մարդիկ, որոնք նախկինում այս կամ այն ընդդիմադիր ուժի մեջ են եղել, համակիր են եղել կամ հասարակական դաշտ են ներկայացրել և հիմա իրենք այլ միավոր են ներկայացնում, ես հենց նրանց նկատի ունեմ։
-Իսկ ՀԱԿ-ի, «Ժառանգության», նաև «Լուսավոր Հայաստանի» մասով ի՞նչ կասեք։
-ՀԱԿ-ի մասով՝ շատ նորմալ վերաբերմունք ունեմ, ՀԱԿ-ին ևս պատկերացնում եմ այդ միավորված ընդդիմության մեջ։ Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը քաղաքական միավոր է ինձ համար եղել և մնում՝ անկախ նրանից, որ շատ գաղափարներ կամ մոտեցումներ կարող ես չընդունեմ, բայց միևնույն է՝ շատերին էլ ընդունում եմ, և իրենց հետ պայքարի ճանապարհ ունեմ անցած։ ՀԱԿ-ից էլ եմ ես տեսնում, իհարկե, որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե ես ասում եմ՝ ազգային համաձայնության կառավարություն է պետք է Հայաստանին, ապա ես որևէ հին, իրական պայքարողի չեմ կարող անտեսել։ Հետևաբար, ՀԱԿ-ին տեսնում եմ, «Ժառանգությանը» տեսնում եմ, կան քաղաքական ուժեր, որոնք 2018-ից հետո են ձևավորվել, իրենց եմ տեսնում, հասարակական շատ գործիչներ կան, որոնք նախկինում ակտիվ դրսևորել են իրենց, նաև իրենց եմ տեսնում այդ միասնական պայքարի մեջ։ Իսկ «Լուսավոր Հայաստանը» պարզ է, որ այսօր իշխանության հետ է, այնտեղ որևէ խնդիր չկա նույնիսկ քննարկելու։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ