Որպես կանոն ակտիվ ռազմական գործողություններից հետո տեղի է ունենում գերիների բայց դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մենք այնտեղ գերիներ ունենք։ Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Բոլոր այն դեպքերը, երբ մենք ունեցանք ազատ արձակում, դրանք ինչ-որ չափով կապված են քաղաքական գործոնների հետ։ Օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում, բնակչության ազատում որոշակի տարածքներից։ Բայց առանց քաղաքական զարգացումների, կարծես թե, Ադրբեջանը ազատ չի արձակում գերիներին»,- նշեց Սահակյանը։
Սահակյանը ընդգծեց, որ այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր՝ տարբեր կարգավիճակներով։
«6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ։ Սա պաշտոնականացված գերիների թիվն է։ Սրանից զատ գերեվարվել են առնվազն 80 անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլեր չեն իրականացվում»։
Սահակյանը նշեց, որ արդեն իսկ հայրենադարձված բոլոր անձինք ցուցմունքներ են տվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ։
Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի գործին՝ Սահակյանը նշեց, որ դատական ակտի բողոքարկումը ձևական բնույթ է կրում․ «Հիմնական նպատակը միջազգային դատարաններում ապացույցներ գեներացնելն է։ Չեմ կարծում, որ բողոքարկման իրական նպատակը արդարության վերականգնում է»։