Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը տեղափոխվել է նոր փուլ և զուսպ է գնահատել ուկրաինական հակահարձակման արդյունքները։
«Մենք պատերազմի նոր փուլում ենք, և դա փաստ է», - ասել է Զելենսկին AP-ին Խարկով կատարած այցի ժամանակ: «Ձմեռն ինքնին պատերազմի նոր փուլ է»:
Ինչպես գրում է գործակալությունը, ձմռան սկսվելուն պես ուկրաինական հրամանատարությունը բախվում է նոր, բայց արդեն ծանոթ խնդիրների՝ ցածր ջերմաստիճան, մերկ դաշտեր, որտեղ զինվորականները թաքնվելու տեղ չունեն։
Ուկրաինայի քաղաքների, էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական լայնածավալ հարձակումների սպառնալիքը կրկին առաջացել է։ Զելենսկու խոսքով՝ ձմռանը մարտեր են ընթանում ոչ միայն առաջին գծում, այլև քաղաքների ներսում։
Միաժամանակ սպառվում են զինամթերքի պաշարները, ինչը կարող է կաթվածահար անել ուկրաինացի զինվորականների ռազմական գործողությունները։
Երկար սպասված հակահարձակումը, որը սկսվեց տասնյակ միլիարդավոր դոլարների արևմտյան ռազմական օգնություն տրամադրելուց հետո, չհանգեցրեց սպասվող բեկումներին, հիշեցնում է AP-ն։ Այժմ որոշ ուկրաինացի պաշտոնյաներ մտահոգված են, թե արդյոք հետագա օգնությունը նույնքան առատաձեռն կլինի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը գո՞հ է հակահարձակման արդյունքներից, Զելենսկին ասել է. «Լսեք, մենք չենք նահանջում, ես գոհ եմ։ Աշխարհի երկրորդ բանակի հետ ենք կռվում, ես գոհ եմ»։ Եվ հավելեԼ Է. «Մարդ ենք կորցնում, ես գոհ չեմ։ Մենք մեր ուզած բոլոր զենքերը չստացանք, ես չեմ կարող ուրախանալ դրա համար, բայց չեմ կարող նաև շատ դժգոհել»:
«Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ: Այս տեսանկյունից, ցավոք սրտի, չենք հասել մեր ուզածին։ Եվ սա փաստ է»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, Ուկրաինան իր դաշնակիցներից չի ստացել իրեն անհրաժեշտ ողջ սպառազինությունը, իսկ սահմանափակ թվով զինված ուժերը նույնպես կանխել են արագ հարձակումը։
«Բավական ուժ չկա ցանկալի արդյունքներին ավելի արագ հասնելու համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք»,- ասել է Զելենսկին, հավելելով՝ մենք վստահ ենք այն, ինչ անում ենք, մենք պայքարում ենք այն ամենի համար, ինչ մերն է:
Զելենսկու խոսքով՝ ինքը մտավախություն ունի, որ Ուկրաինայում պատերազմը հետին պլան կմնա ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ֆոնին, քանի որ դա կարող է նաև հանգեցնել Արևմուտքի ռազմական օգնության կրճատմանը։
Հաշվի առնելով զենքի և զինամթերքի մշտական սակավությունը՝ Ուկրաինայի նախագահը համարում է ամենակարևոր հաջորդ քայլն Ուկրաինայի համար՝ մեծացնել զենքի ներքին արտադրությունը։
Ուկրաինայի բյուջեի զգալի մասը հատկացվում է դրա համար, բայց արտադրության ներկայիս ծավալը, իհարկե, բավարար չէ պատերազմի ալիքը շրջելու համար։ Այժմ Զելենսկին հուսով է, որ արևմտյան դաշնակիցները, ներառյալ Միացյալ Նահանգները, իրեն շահավետ վարկեր և պայմանագրեր կառաջարկեն այս նպատակին հասնելու համար:
«Սա ելք է»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանին ոչինչ այնքան չի վախեցնում, որքան ռազմական առումով ինքնաբավ Ուկրաինան։