Իշխանության ՄԻ պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը չի համապատասխանում այդ պաշտոնյայի համար առաջադրման չափանիշներին։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
«Նախ նա հանրությանը հայտնի չէ, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և հայտնի դարձավ նրանով, որ չէր շփվում լրագրողների հետ, խուսափում էր հարցերի պատասխանել, ինչն էլ ավելի շատ բացասական լույսի ներքո է նրան հայտնի դարձնում: Լրագրողներից «խուճապահար փախչելու» կեցվածքը նա շարունակում է անգամ ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելուց հետո էլ: Ուզում եմ ասել Անահիտ Մանասյանին, որ ՄԻՊ-ի նշանակումը պաշտոն չէ, որ դու գաս և այն վայելես: Սա աշխատանք է»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ անձամբ չի ճանաչում Անահիտ Մանասյանին և որևէ վերաբերմունք չունի ոչ դրական, ոչ նեգատիվ, ուղղակի հետևում է, թե ինչպես է նա թռիչքաձև պաշտոնների գնում. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էր, դրանից առաջ եղել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր ամենասոսկալին, իմ կարծիքով, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համաձայնելն էր, երբ նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է և ոչ ոք չի հերքել դա»։
Նա նաև նշեց, որ խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ամենամեծ ազդեցությունն ունեն հիմա և դատախազի ընկերուհի լինելու հանգամանքը չի կարող չազդել աշխատանքի որակի վրա:
Իրավապաշտպանը հավելեց, որ Անահիտ Մանասյանին չեն տեսել որևէ մեկի իրավունքը պաշտպանելիս․ «Նա ինքը պետք է ներկայանա, եթե չի ներկայանում, ուրեմն, խնդիրներ ունի»,- ասաց իրավապաշտպանը: