«Երջանիկները ընթերցում են և սրճում» արդեն նաև հայերեն։ Անյես Մարտեն-Լյուգանի վեպը լրագրող, թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի հայերեն թարգմանությամբ է հասանելի դառնում հայ ընթերցողին։
Բրյուսովի անվան համալսարանի նախկին ուսանողուհին հարազատ մնալով բուհին և գնահատելով բուհից ստացած գիտելինքերը նաև հենց ֆրանսերենի համար, այստեղ էր կազմակերպել «Երջանիկները ընթերցում են և սրճում» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ չնայած տարիներ են անցել, բայց մեծագույն հաճույքով է հիշում իր ուսանողուհու հետ համատեղ աշխատանքը, ինչպես նաև հիշում է, թե ինչպես էր իր ակտիվ ուսանողուհին երգում, այդ թվում նաև ֆրանսերեն․ «Երբ լսեցի, որ Հասմիկը նման գործ է արել և իմացա, որ իր բուհում է ցանկանում անել շնորհանդեսը, սրտաբաց ընդունեցի՝ շատ ուրախացա։ Ես նրան հասկանում եմ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, որը որևէ հաջողություն է ունենում, առաջինն ասում է ծնողներին, մտերիմներին, Բրյուսովի անվան համալսարանը Հասմիկի սնուցող մայրն է, և նա եկել է ներկայացնելու իր աշխատանքի արդյունքը։
Ինձ հետաքրքիր էր նաև գիրքն այն տեսակետից, թե ինչպիսի հայերեն է կիրառված գրքում, այստեղ էլ հաշվի առնենք, որ գործ ունենք ճաշակով հրատարակչության հետ, ինչպիսին Newmag-ն է։ Ուրախ եմ, որ թարգմանված 35 լեզուներից մեկը հայերեն է, անչափ ուրախ եմ»։
Միջոցառմանը ներկա Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ասաց, թե ինչու են ընտրել այդ գիրքը, որովհետև գիրքն այն մասին է, թե ինչպես ոտքի կանգնել մեծ կորստից հետո․ «Հաշվի առնելով մեր հետ կատարվող վերջին երեք տարվա ցավալի իրադարձությունները, ես կարծում եմ, որ գիրքը որոշակի առումով փոխակերպված մեզ փոխանցում է ապրելու բանաձևեր»։
Վեպի թարգմանիչ Հասմիկ Առաքելյանն իր նախաձեռնության մասին հայտնել է նաև հեղինակին․ Անյես Մարտեն-Լյուգանը տեսաուղերձով դիմել էր հենց միջոցառման մասնակիցներին․ «Վեպս պատմում է 30-ամյա Դիանայի մասին, որն ավտովթարի հետևանքով կորցրել է իր ամուսնուն և դստերը։ Ես անչափ հպարտ եմ, որ մի քանի շաբաթ առաջ իմ վեպը հայերեն է թարգմանվել, դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ իմ կարիերան հենց այս վեպից է սկսվել։ Մեր երկրները լավ փոխհարաբերություններ ունեն, և օր-օրի ես էլ ավելի եմ հետաքրքրվում ձեր երկրով, ձեր պատմությամբ, թե ինչերի միջով եք անցնում։ Շատ ուրախացա, երբ իմացա, որ Հայաստանում ուսանողները ֆրանսերեն են սովորում։ Այսօրվա ցերեկույթի համար ձեզ բարի ընթացք եմ մաղթում, հույն ունեմ, որ շուտով կհանդիպենք, եթե Հայաստան այցելելու այդպիսի հնարավորություն ունենամ»։
Իր խոսքում թարգմանիչը՝ Հասմիկ Առաքելյանը, բուհի ուսանողներին խոստացավ նախաձեռնել հանդիպում գրողի հետ, երբ գրքի հեղինակն այցելի Հայաստան։
Նա նաև պատմեց ֆրանսերենի իր կիրառության մասին․
«10-15 տարի առաջ, երբ առաջին անգամ Փարիզի մետրոյում մոտեցել էի աշխատակցին, և ուզում էի ճշտել, թե ինչպես կարող եմ գնալ մեկ այլ կայարան, ես իմ ոսկեղենիկ ֆրանսերենով սկսեցի երկար ձևակերպել հարցս։ Այդ կինը նայեց դեմքիս, և ասաց՝ Բալզակի՞, թե՞ Ստենդալի գրքից եք գլխիս ընկել։ Ասածս այն է, որ Բրյուսովի համալսարանում բարձրակարգ ֆրանսերեն են սովորեցում։ Այս գրքում այն ֆրանսերենն է, որ ֆրանսերենը խոսում է այսօրվա ֆրանսիացին՝ նորամուծություններով, նոր բառերով և այլն»։
Թե ինչո՞ւ է համաձայնել թարգմանել այդ գիրքը, Հասմիկ Առաքելյանն ասաց, որ Newmag—ում թարգմանչական ժանրի բոլոր կանոնները պահպանվում են, իսկ վեպը հետաքրքիր է։
Հասմիկ Առաքելյանն ասաց, որ անվանի թարգմանիչ Սամվել Գասպարյանից վերցրել է հետևյալը՝ պետք է բնագրից հեռանալ, որպեսզի կարողանաս մոտենալ հեղինակի շնչին։
Նա ուսանողներին հորդորեց բառերից կառչած չմնալ, թարգմանել ոգին, դիմել ռիսկի և չվախենալ սխալվելուց։