«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկարատեւ փնտրտուքներից հետո ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել: Իշխող ՔՊ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն էլ ՄԻՊ թափուր պաշտոնում առաջադրել են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Փաստացի այս պահին ՄԻՊ թեկնածուները երկուսն են:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին»: