Հետևեք մեզ։

Ողջ պատմության ընթացքում հայկական ֆուտբոլին ամենամեծ կորուստը հասցրած մարդը․ ինչո՞ւ պետք է Արմեն Մելիքբեկյանը չափազանց հեռու մնա հայկական ֆուտբոլից

23:22, 16 դեկտեմբեր 2023
Ողջ պատմության ընթացքում հայկական ֆուտբոլին ամենամեծ կորուստը հասցրած մարդը․ ինչո՞ւ պետք է Արմեն Մելիքբեկյանը չափազանց հեռու մնա հայկական ֆուտբոլից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունում թեկնածու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է նախորդ 4 տարիների ընթացքում իր և իր թիմի գործունեություն, բայց, ըստ իրեն։


Նախ հիշեցնենք, թե ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ինչ ասաց Արմեն Մելիքբեկյանը․ «Ֆուտբոլի զարգացման շրջանակներում պատրաստ եմ համագործակցել թե' գործկոմի նախկին և ներկա անդամների, և թե' ֆուտբոլային ընտանիքի բոլոր ներկայացուցիչների հետ: ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ և անցկացվելու են քննարկումների միջոցով: Մենք ունենալու ենք հնարավորինս միասնական ու համախմբված ֆուտբոլային ընտանիք»:


Սա մեկնաբանել պետք չէ, այն, ինչ թվարկելու եմ այս ամենի ճիշտ հակառակն է։


Այն, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է սպորտը, հերքել չի կարելի․ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն նույնպես․ օրինակ, 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ։


Արմեն Մելիքբեկյանն իր նախընտրական հոլովակում հենց սկսել է դրանից՝ թե ենթակառուցվածքներ է կառուցել, բայց դա իր ջանքերի արդյունքը չէ․ դա ֆինանսավորում է նախարարությունը, միջազգային կառույցները և ում էլ ֆինանսավորի, նա կկառուցի։ Արմեն Մելիքբեկյանն, օրինակ, կարող էր ասել, թե քանի՞ ներդրող է բերել հայկական ֆուտբոլ։


Մելիքբեկյանը խոսել է ենթակառուցվածքներից, մասսայական ֆուտբոլից, կանանց ֆուտբոլից, ֆուտզալից, մանկապատանեկան ֆուտբոլից, մարզչական կրթությունից, մրցավարությունից, կրթական ծրագրերից, սկաուտային համակարգից, պրոֆեսիոնալ ու սիրողական ֆուտբոլից, և հերթական անգամ ապացուցել է, որ ինքը վախկոտ մարդ է, ինչու՞, որովհետև խնդիրներից չի խոսել, որովհետև իր պատճառով հայկական ֆուտբոլի ոչ միայն ներկային, այլ նաև ապագային հասցրած անդառնալի վնասից չի խոսել։


Իսկ մենք կխոսենք, գուցե Մելիքբեկյանը ՔՊ-ականների արտերկիր ֆուտբոլ նայելու ուղարկելու հոգսերը ՀՖՖ-ի հաշվին լուծելու ընթացքում մոռացել է դրանց մասին։


Հայաստանի առաջնությունների 31-ամյա պատմության 15 անգամ չեմպիոն դարձած «Փյունիկի» համար Արմեն Մելիքբեկյանը խնդիրներ է ստեղծում, ավելին, ակումբի ղեկավարն ասում է, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ և երկու գլխավոր թիմեր չեն հայտավորվի հաջորդ տարվա Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը վերընտրվի:


Մելքիբեկյանի փոքրոգությունը հասել էր նրան, որ «Փյունիկ ՖԱ»-ի հետ Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծարեց, պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումն էլ մերժեց, փաստացի ակումբին թողնելով առանց մարզադաշտի։ Արմեն Մելիքբեկյանը մի օր ոչ թե լրատվամիջոցներին, այլ ոչ ՔՊ-ական իրավապահներին կբացատրի, թե ինչո՞ւ էր այդպես վարվում տվյալ պահին մրցաշրջանի առաջատարի հետ և ինչո՞ւ էր բացասական առումով անհավասար պայմաններ ստեղծում ակումբի համար։ Արմեն Մելքիբեկյանն այնքան «փոքր է», որ «մտել էր» անգամ տոմսարկղ, որպեսզի «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման տոմսերի վաճառքը խոչընդոտվի և, ինչ խոսք, հաջողեց։ 


Մի օր նաև կպատմի, թե արդյո՞ք Թուրքիա-Հայաստան հանդիպումը դիտելու համար Թուրքիա ուղևորված ՔՊ-ականների տոմսերի փողը ՀՖՖ-ն է տվել, և ինչո՞ւ։


Կպատմի նաև, որ ՀՖՖ-ն տուրիստական ընկերության ֆունկցիա է կատարում ՔՊ-ականների համար, որ ինքը վերընտրվի, իսկ դա Քրեական օրենսգրքում իր համար առանձին հոդված ունի՝ մի քանի մասերով։


Ի դեպ, նաև հիշեցնենք, թե ի՞նչ էր ասում  ՀՖՖ նորընտիր նախագահն այդ թեմայով․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվին ոչ մի մարդ հավաքականի ինքնաթիռով, հավաքականի հետ չի մեկնել արտերկիր»: Ամեն դեպքում, Սիսակ Գաբրիելյանի՝ Խորվաթիա մեկնելը ՀՖՖ-ի հաշվին, դեռ ոչ ոք չի հերքել։


Մի օր ոչ ՔՊ-ական իրավապահներին Մելիքբեկյանը նաև կպատմի, թե քանի «ֆուտբոլիստ» է տեղավորվել ԲԿՄԱ-ում, որպեսզի չծառայեն բանակում։


Իսկ Արմեն Մելքիբեկյանն իր գովազդային-նախընտրական հոլովակում ինչո՞ւ չի խոսել, թե իր չորս տարվա գործունեության ընթացքում քանի ակումբ է հեռացել Հայաստանի առաջանությունից, ինչ արեց ինքը «Գանձասար-Կապանի», «Լոռի ՖԱ»-ի և «Սևան ՖԱ»-ի համար։ Մեկ անգամ խոսել է մրցավարներին ծեծի ենթարկելու մասին, բայց իրավական հետևանքներն ու՞ր են։ Ավելին, «Սևան» ՖԱ նախագահը նրան դեռևս 2021-ին հրավիրել էր բանավեճի՝ իրեն հարմար ձևաչափով, սակայն, Մելիքբեկյանը բոլոր բանավեճերից հրաժարվում է, այդ թվում նաև այս մեկից։


Բայց, այս ամենը  եթե անգամ մի կողմ դնենք․․․ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ վնասը հայկական ֆուտբոլին հասցրել է Արմեն Մելիքբեկյանը․ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին հեռացրել է ազգային ընտրանուց, նրա օրոք է եվրոպական թոփ ակումբների լավագույն խաղացողներից մեկն ասել, որ այլևս չի ներկայանա Հայաստանի հավաքական։ Իսկ Արմեն Մելիքբեկյանն այս կորստի մասին չի խոսում իր գովազդային հոլովակում։

Հենրիխ Մխիթարյանը կարող էր իրավիճակ փոխել, որ ԵՎՐՈ-2024-ի աղյուսակում Հայաստանը վերջից երկրորդը չլիներ, Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը միայն խաղադաշտում հայկական ֆուտբոլի անչափելի ձեռքբերում էր, ոչ մի մարզադաշտ ու դեռևս ոչ մի հայ ֆոտբոլիստ հայ փոքրիկին այնպես չի կանչում մարզադաշտ՝ ֆուտբոլ խաղալու, ինչպես  Մխիթարյանի նման դառնալու ցանկությունը, ոչ մի երկրպագուի ոչ ոք չի կանչում խաղադաշտ այնպես, ինչպես Մխիթարյանին ծափահարելու ցանկությունը։ Հավաքականի նախկին մարզիչ Կապարոսը մի ճիշտ նկարագիր ունի Մխիթարյանի մասին․ «Կարծում եմ՝ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան  ուղղակի  ֆուտբոլիստ»։ Իսկ սա չհասկացող մարդն իրավունք չունի լինել հայկական ֆուտբոլում, այն էլ ղեկավար։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար», -հարցազրույցներից մեկում ասաց Մելիքբեկյանն ու վերջ, իսկ ի՞նչ էր անելու այդպես էր չիմացանք, միայն պատճառաբանեց, որ հավաքականի դռները բաց են նրա համար, այդ պատճառով հրաժեշտի խաղ չեն կազմակերպում:

Ավելին, մեկ այլ հարցազրույցում նա ասել էր, թե նոր մարզչից հետո կզրուցեն Մխիթարյանի հետ, նոր մարզիչն արդեն հին է, իսկ Մխիթարյանի հետ զրույցի մասին լուր չկա։

Մխիթարյանի հեռանալն անդառնալի կորուստ է հայկական ֆուտբոլի համար և իրական ու կեղծ, փոքրիկ և մեծ, ակնոցավոր և ոչ միայն, չսափրվելով մեծ երևալու երազանք ունեցող մելիքբեկյանները դրա համար պետք է ֆուտբոլին միայն հեռուստացույցով նայեն։


Ժաննա Անդրեասյանի հետ հաճախակի հանդիպումներ որոնող, կառավարության նիստին հայտնված Մելիքբեկյանը պետք է հիշի՝ ոչ ոք, ոչ մի հայ հայկական ֆուտբոլին այդքան վնաս չի տվել, որքան ինքը։


2019-ի դեկտեմբերին, երբ ընտրվեց Մելիքբեկյանը, Հենրիխ Մխիթարյանի մայրը հայտարարեց․ «Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։
Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։ Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա»։ Սա չի մարսել Մելիքբեկյանը, իսկ «Փյունիկի» ղեկավարը միայն վերջերս խոստովանեց Թաշչյանի ասածի ճշմարտացիության մեջ և ներողություն խնդրեց Թաշչյանից՝ այդ պահին նրան չաջակցելու համար։



Մելիքբեկյանը նաև չափազանց անհեռատես է, այդ մասին է վկայում նույն ընտրվելու ժամանակ հետևյալ հարցուպատասխանը․ հարցին՝ չկա՞ մտավախություն, որ այս ամենի հետևանքով կարող են սրվել ֆեդերացիա-Մխիթարյան հարաբերությունները, նա պատասխանել էր․
«Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա կներեք, բայց ես բացառում եմ, որ նման բան կլինի, քանի որ Հենրիխը խաղում է իր երկրի, հայաստանցիների, իր դրոշի համար և չպետք է շահարկել դա»: Հույսը դրոշի վրա դնել ու կեղտոտ խաղ խաղալը չի փրկում։

Հայկական ֆուտբոլը պետք է փրկել Արմեն Մելիքբեկյանից ու նրան սատարողներից, իսկ դա կարող է անել Արաս Օզբիլիսը, իհարկե, նրան ևս հարցեր կան, բայց նա կարող է։


Այն, որ «ձրի» ինքնաթիռի տոմս ստացող քաղաքական ուժը սատարում է Մելիքբեկյանին, դա ակնհայտ է, բայց սպորտային հանրությունը Արասի կողքին է, այդ մասին հրապարակավ հայտարարել են նախկին ֆոտբոլիստներ, հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ և այլն։
Ամփոփելով՝ ՀԺ-ի նախկին սպորտային լրագրող Նիկողոսյանը Մելիքբեկյանին հաստատ հուշում է, որ վերը թվարկածի մասին մի օր իշխանական «Հայկական ժամանակը» հաստատ գրելու է։

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական