Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը, որը նախօրեին հայտարարել էր, թե հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում է արտերկիր, կրկին գրառում է արել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հայտարարությունների վերաբերյալ։
Մարզիկը գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, և որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաև այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը։
Բայց ցանկանում եմ ձեզ հայտնել կարևոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է։ Լրատվամիջոցներից մեկին՝ Irakanum.am-ին տվել եմ հարցազրույց, կարճ ասել այդ մասին։ Հիմա հարկ եմ համարում պատմել մանրամասները։ Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում և կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 $, որպեսզի մնացածն էլ ձևակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, և գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։
Իմ հարցազրույցում էլ եմ նշել, որ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ և թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած, ստախոս են:
Որի պատճառով իմ տված տան «բեհը» կորավ…»։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն պարզաբանել էր մարզիկի նախորդ գրառումը, նշելով․ «Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին, որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող, տարեվերջյան պարգևատրություն է ստացել 1 միլիոն 500 հազար դրամ, որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող՝ 800 հազար դրամ, դա միանվագ տարեվերջյան պարգևատրություն է, որը ստացել։ 2022 թվականին ինքը ստացել է նպաստ՝ 1 միլիոն 500 հազար դրամ՝ վեց ամսվա կտրվածքով։
Որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող՝ 200 հազար դրամ է ստացել դեկտեմբերին, անվանական թոշակ է ստացել 12 ամիս՝ 1 միլիոն 200 հազար դրամ՝ ամսական կտրվածքով։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի արդյունքներով, մարզիկին հատկացվել է է 4 մլն 600 հազար դրամ»: