Հետևեք մեզ։

Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք արձագանքում, հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում․ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Տիգրան Ավինյանին

12:21, 19 դեկտեմբեր 2023
Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք արձագանքում, հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում․ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Տիգրան Ավինյանին

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։


 
«Արդեն մի քանի ամիս է՝ «Օրրան»-ը պաշտոնյաներին ուղղված նամակներով ու լրատվամիջոցներով ահազանգում է, որ ապօրինություն է տեղի ունենում: «Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն  պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։ 


 
Հատկանշանական է, որ շենքը կառուցվում է հողամասի ոչ թէ այն հատվածի վրա ուր շինթույլտվությունը և նախագիծը նախատեսում են, այլ տեղադիրքի շեղումով՝ հողամասի այլ հատվածում։ Այս պարագայում քաղաքապետարանը և տեսչական մարմինը, անկախ նրանից կառուցողը շինարարության թույլտվություն ունի, թե ոչ, պարտավոր են անհապաղ կասեցնել ապօրինությունը և պատասխանտվության ենթարկել կառուցապատողին: Ավելին՝ շինարարության թույլտվության ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն քաղաքապետարանը ունենալով պարտականություն արձագանքելու և տուգանելու իրավախախտին, անգամ իր այս գործառույթը չի կատարում։


 
Պարոն Ավինյան, ինչու՞ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչու՞ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինակության պատճառը և վերացնելու այն: Զավեշտալի չէ՞, երբ քաղաքապետարանի համապատասխան մարմինը, փոխանակ անդրադառնա «Օրրան»-ի նամակներում բարձրացված բուն հարցին, այն է՝ արդյո՞ք պահապանվել է համապատասխան օրենքի 6 մետր պահանջը, գրում է, որ  «կառուցապատողն  ունի շինթույլտվություն»։ Քաղաքապետարանում չկա՞ն կադրեր, որոնք գիտեն՝ ինչպե՞ս կարդալ պարզ դիմումը և պատշաճ պատասխանել դրան, թե՞ գիտեն, բայց ինչ-որ պատճառով չեն ուզում հասկանալ: 


 
Կրկնում ենք՝ հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում, փակվում են նրանց համար օրվա ընթացքում բնական լույսը արտացոլող պատուհանները (ի դեպ, պատուհաններից երկուսը հոգեբանի սենյակում են, որտեղ տասնյակ երեխաներ՝ ներառյալ Արցախից, մասնագետների օգնությամբ փորձում են գտնել իրենց կորցրած երազանքները): Բացի այդ, ապագա շենքից եկող ձայնը սպառմում է խանգարել երեխաների կրթությանը, քանի որ դասարանները շատ մոտ են կառուցվող շինությանը, որը, ինչպես հասկացել ենք, լինելու է սրճարան կամ ռեստորան:


 
Պարոն Ավինյան, ինչու՞ է կողմնապահություն արվում  և նախընտրությունը տրվում որոշ մարդկանց ավելի հարստանալուն, քան կարիքավոր երեխաների անվտանգությանը: 


 
Պարոն Ավինյան, Դուք մի քանի ամիս առաջ ասում էիք՝ ասեք և մենք կանենք․ մենք ասում ենք, մնում է՝ Դուք անեք»: