Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության նպատակով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019 թ.-ին՝՝ 2668 տոննա, 2020 թ.-ին՝ 2345 տոննա, 2021 թ.-ին՝ 5348 տոննա, 2022 թ.-ին՝ 4700 տոննա: Դա հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել՝ համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 6 ամսով երկարաձգել ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու ժամկետը, ինչպես նաև սահմանել ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը: Որոշման նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը և ստեղծել հավասար պայմաններ՝ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար: Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչն իր հերթին վկայում է ցեմենտի արտադրության ոլորտի աշխատատեղերի պահպանման մասին:
Կառավարությունն ընդունել է նաև «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: