Հետևեք մեզ։

Բա եղեգնաշաքար մատուցող քարտուղարուհի՞ն ու, օրինակ, Սերգեյ Սմբատյանի գործը․ բարոյականության սահմաններն ու հակառակի անսահմանությունը

16:48, 23 դեկտեմբեր 2023
Բա եղեգնաշաքար մատուցող քարտուղարուհի՞ն ու, օրինակ, Սերգեյ Սմբատյանի գործը․ բարոյականության սահմաններն ու հակառակի անսահմանությունը

Աննա Վարդապետյանի գործելաոճի մասին մի քանի անգամ խոսել ենք, իսկ նա շարունակում է թույլ տալ ամեն օր նորովի բացահայտել իրեն, ավելի լավ ճանաչել ոչ միայն գործելաոճը, այլ նաև չգործելու ոճը, բարոյականության սահմաններն ու հակառակի անսահմանությունը։

Աննա Վարդապետյանն իր ոճով օրեր առաջ փայլատակեց Հանրայինի եթերում՝ տարին ամփոփող հարցազրույցի ժամանակ: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում վարչապետի դժգոհության մասին Պետրոս Ղազարյանի հարցին պատասխանելիս Աննա Վարդապետյանը, բնականաբար, ընդունեց Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, խոստովանեց, որ իրենց աշխատանքում թերություններ կան ու անմիջապես գործի դրեց «բոչկա գլորելու» իր վաղեմի ունակությունը:

Աննա Վարդապետյանը բացահայտ հայտարարեց, որ ամեն ինչի մեղավորը նախկիններն են ու նրանց գործելաոճը, իսկ ահա ինքը փոխել է այն ու ոչ միայն հաջողություններ է գրանցում, այլ նաև սկսել է թափանցիկ լինել ու հանրությունը կիմանա, թե ինքն ինչպես է պայքար մղում կոռուպցիայի դեմ:

Հարցազրույցի ժամանակ գլխավոր դատախազն այնքան սուր էր տրամադրվել  իրեն սրբացնելու վրա, որ մի պահ սկսեց հակասել իրեն: Երբ թափանցիկության մասին նրա պատասխանից զարմացած Պետրոս Ղազարյանն առարկեց, որ նախկինում էլ տեսել են աղմկահարույց դեպքերի բացահայտումներ ու ձերբակալություններ, գլխավոր դատախազը թեման նորից շեղեց դեպի իր PR-ն ու հիմա էլ սկսեց համոզել, որ թափանցիկությունն այդքան էլ լավ չէ ու ինքը, օրինակ, դատավորի աղմկահարույց ձերբակալության մասին հրապարակումներ թույլ չի տվել: Լավ։ Իսկ, օրինակ աշխարհահռչակ մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ շոու՞ն, ում նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն, ի վերջո, գրեթե լուռ դադարեցրեց դատախազությունը, մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։ Թե՞ Աննա Վարդապետյանը ընկերուhիների հետ հրճվում էր, թե աշխարհի մասշտաբով ինչ հայտնի դեմքեր են դիմում իրեն՝ պայմանավորված պաշտոնով ու սխալ հարուցած քրեական վարույթով։ 
 
Քանի որ նշված տիկինը չի մանրամասնում, թե հաջողությամբ ավարտված ու արդյունքներ ունեցած գործընթացներից քանիսն են հենց իր նախաձեռնածները, ուրեմն ասենք, որ նա լկտիաբար ստում է: Այո, Վարդապետյանն իրեն հատուկ կեղծությամբ կարողացավ իր նախորդին մեղադրել բոլոր ձախողումների մեջ, իսկ երևացող փոքրիկ արդյունքները ներկայացնել որպես իր նոր գործելաոճի պտուղ այն դեպքում, երբ իր գործելաոճը մեկն է՝ արագ կռանալ իր տիրոջ առաջ ու ամեն ինչը բարդել ուրիշների վրա:

Սա նրա մոտ նոր չէ ընդ որում, քանզի «գործերը ջարդելու» մասին նրա «մուտիտներն» ամեն օր են հնչում Քննչական կոմիտեի ու հատկապես ոստիկանության հասցեին:

 Բայց, քանի որ գլխավոր դատախազի փոխարեն իր պաշտոնի հետ կապ չունեցող միջոցառումների գլխավոր մասնակից աշխատող Աննա Վարդապետյանը չափազանց շատ է խոսում իր գործելաոճից ու իր կատարած փոփոխություններից, ստիպված ենք հիշեցնել մարդկանց ժպտալու և նրանց հետևում դավեր նյութելու իր իրական գործելաոճի մասին։

Պատանեկան տարիներին կրած անհաջողությունների ու չունեցածի համար բոլորին մեղավոր համարող ու չարությամբ լցված այս տիկինը իր փոփոխած գործելաոճն է գովաբանում այն դեպքում, երբ գործելաոճ է դարձրել իր գործընկերների հետ հաշվեհարդարներ տեսնելն ու երիտասարդ դատախազներին համակարգից դուրս շպրտելը միայն այն պատճառով, որ նրանք ինչ-որ պատճառով համաձայն չեն առանց բացատրության մի վարչությունից մյուսը տեղափոխվելու նրա հաճույքների հետ: Բայց գլխավոր դատախազը, ով օրինականության ու հավասարության հարցերում հորիզոններ նվաճելու խոստումներ է տալիս, նույն ձևով չի վերաբերվում համակարգի իր սիրեցյալներին ու նրանց համար ընգծված տաքուկ պայմաններ է ապահովում։

Կոռուպցիայի դեմ թափանցիկ պայքարող Աննա Վարդապետյանը որպես իր ասածի վկայություն, հավանաբար, կհրապարակի նաև, թե որքան պարգևավճարներ է բաժանում իր աշխատակազմում ոչնչով չզբաղվող իր ընկերուհիներին ու կբացատրի թե ինչ «ծանրագույն» աշխատանքի համար է այդքան բարձր վարձատրում, օրինակ, իրեն եղեգնաշաքար մատուցող իր քարտուղարուհուն:

Աննա Վարդապետյանը որպես տարվա ձեռքբերում կհրապարակի նաև, որ իր հանձնարարությամբ դատախազությունում սահմանվել է, որ ծնկից բարձր շրջազգեստը համարվում է կարճ ու որ ծունկը ծածկող կոշիկներ կրել չի կարելի և հաջորդ տարվա համար կմտածի նաև ինտիմ հագուստի թույլատրված չափերի մասին։

Աննա Վարդապետյանը պետք է չմոռանա նաև, որ տարբեր գործընթացների արդյունքում ձեռքում հայտնվում են տարբեր բաներ ու դա միշտ չէ, որ սեփականության իրավունքի վկայական է․․․