Հետևեք մեզ։

Գաղտնի տեղակալներ և մի շարք հասցեներ․ ի՞նչ եղավ Քրիստիննե Գրիգորյանի՝ Արտաքին հետախուզական ծառայությունը

18:16, 24 դեկտեմբեր 2023
Գաղտնի տեղակալներ և մի շարք հասցեներ․ ի՞նչ եղավ Քրիստիննե Գրիգորյանի՝ Արտաքին հետախուզական ծառայությունը

Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին ՄԻ նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Դա նորաստեղծ այդ կառույցի մասին վերջին լուրն էր։


Hayastan.news-ը Կառավարություն գրավոր հարցում էր ուղարկել` տեղեկանալու համար, թե որտե՞ղ է ԱՀ ծառայության շենքը, ձևավորվե՞լ է, թե՞ ոչ կառույցը, գործո՞ւմ, է, թե՞ ոչ, Քրիստիննե Գրիգորյանն աշխատավարձ ստանո՞ւմ է, թե՞ ոչ, ստեղծման օրից ի վեր որևէ կամ ի՞նչ աշխատանք է կատարել կառույցը, քանի՞ հաստիք է թափուր, ովքե՞ր են տեղակալները, և ինչո՞ւ ոչինչ նշված չէ այդ կառույցի մասին Կառավարության կայքում։


Հարցին, թե որտե՞ղ է տեղակայված Արտաքին հետախուզական ծառայության շենքը կամ որտե՞ղ է նախատեսվում կառուցել, Կառավարությունից հայտնել են․ «Առաջիկա տարիներին Կառավարությունը նախատեսում է ԱՀԾ կենտրոնակայանի կառուցում, մինչ այդ, ծառայությունը ժամանակավոր տեղակայված է մի շարք հասցեներում, որոնց հրապարակումը նպատակահարմար չէ»։


Ինչ վերաբերում է կառույցի ձևավորված լինելուն, կառավարությունից հայտնել են, որ ծառայության ինստիտուցիոնալ ձևավորումն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործընթացը նախատեսված է «Արտաքին հետախուզական ծառայության մասին» ՀՀ օրենքով, որը Ծառայության պետի նշանակումից հետո որոշակի ժամկետներ է նախատեսում ծառայության ինստիտուցիոնալ ձևավորման ու գործառնական ապահովման առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։


Հարցին, թե ղեկավարի նշանակումից հետո կառույցը գործում է,Կառավարությունից դրական պատասխան են տվել, և հաստատել են, որ Քրիստիննե Գրիգորյանն աշխատավարձ ստանում է։


Հարցին, թե Գրիգորյանն ինչո՞ւ չի ներկայանում կառավարության նիստին, ինչպես օրինակ վարչապետին օրենքով ոչ ենթակա այլ մարմինների ղեկավարներն են ներկայանում, Կառավարությունից հայտնել են, որ ծառայության ղեկավարի՝ նիստերին ներկայանալու օրենսդրական պահանջ չկա։


Կառավարությունը գաղտնի է պահում, թե քանի՞ հաստիք է տրամադրված կառույցին, հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքին։


Հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալել կառույցը հոկտեմբերի 4-ից հետո, Կառավարությունից հայտնել են․ «ԱՀԾ մեկնարկի պահից սկսած ակտիվ աշխատաննքեր են իրականացվում թե ինստիտուցիոնալ ձևավորման, և թե օրենքով նախատեսված գործառույթի իրականացման ուղղությամբ»։


Հարցին, թե ովքե՞ր են կառույցի ղեկավարի տեղակալները, պարզվում է, գաղտնիք է․ Կառավարությունից հայտնել են․ «Նշված տեղեկությունը հրապարակման ենթակա չէ»։


Հարցին, թե ինչո՞ւ կառավարության կայքում ոչինչ տեղադրված չէ նշված կառույցի մասին և հասանելի չէ որևէ տվյալ, պատասխանել են․ «Նկատի ունենալով կառույցի ձևավորման գործընթացն ու ծառայության բնույթը՝ ՀՀ կառավարության կայքում որոշակի սահմանափակ տեղեկութուն արդեն իսկ հասանելի է»։


Նշենք, որ գրավոր հարցումն ուղարկվել է նոյեմբերի 28-ին, որի դրությամբ Կառավարության պաշտոնական կայքում ոչինչ նշված չի եղել, գրավոր հարցման պատասխանը ստացվել է դեկտեմբերի 20-ին։ Այդ պահին արդեն ԱՀԾ-ի և ղեկավարի մասին տեղեկություն հրապարակված եղել է Կառավարության կայքում՝ պարզապես մեկ կետ ավելի է դրված։


Hayastan.news-ը Կառավարությունից լրացուցիչ կպարզի, թե ինչո՞ւ է կառույցի հասցեն գաղտնիք և տեղակալների ով լինելը նույնպես, քանի որ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում տեղակալների գաղտնիության մասին ոչինչ նշված չէ, միայն նշված է, որ նրանց նշանակում և ազատում է վարչապետը։ Կպարզենք, թե վարչապետի քանի՞ չհրապարակված որոշում կա, զուտ քանակ, որը տվյալ չի պարունակում, որպեսզի կասկածներ չմնան, որ այս պահին տեղակալներ չլինելու մասին լուր չհայտնելու համար է հղում արվում «Պետական գաղտնիքի մասին» օրենքին։ Նաև կխնդրենք պարզաբանում, թե որ օրենքով է հրապարակային, օրինակ, ԱԱԾ տնօրենի տեղակալների մասին տվյալները, և որ օրենքի որ դրույթով է գաղտնիք ԱՀԾ ղեկավարի տեղակալների մասին տվյալները։